Միշտ ուշացած

Միշտ ուշացած

Աղետ` աղետի հետեւից, զոհ` զոհի հետեւից: Ինչո՞վ բացատրել ողբերգությունների չդադարող շղթան: Սնոտիապաշտները կասեն` չար աչք է կպել հայ ժողովրդին, նավս կա մեր ազգի վրա, եւ մենք այդ չարից չենք կարողանում ազատվել, մեր պատմության այս սեւ էջը փակել: Իսկ գուցե ոչ մի չար աչք ու նավս էլ չկա, այն ամենը, ինչ կատարվում է հայկական բարձրավանդակում, միանգամայն օրինաչափ է եւ մեր գործողություններով, մեր վարքուբարքով պայմանավորված: Ասենք, մենք՝ ինքներս ենք ընտրել ու մեր գլխին կարգել այս իշխանություններին, որոնք անընդունակ են երկիրը կառավարել` ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում: Մենք ենք նրանց փողոցից բերել կառավարական կաբինետներ, թույլ տվել, որ իրենց ուզած օրենքներն ընդունեն, իրենց սրտի չափով աշխատավարձ ստանան, իրենց ուզած ծրագրերն իրականացնեն, իրենց խելքի չափով որոշումներ կայացնեն:

Մենք ենք հանդուրժել, որ գործ անելու փոխարեն աշխատանքի իմիտացիա անեն, փիառով զբաղվեն, գործուղումների մեկնեն, բանակն ապամոնտաժեն, լավ մասնագետներին պաշտոնանկ անեն եւ տգետ ու անփորձ կադրերով լցնեն պետական կառավարման մարմինները: Էլի շատ ու շատ բաներ ենք հանդուրժել: Մենք հանդուրժել ենք նաեւ, որ պետական տարբեր օղակներ պարզապես չաշխատեն: Հանդուրժել ենք, որ մեր շուրջը տիրեն աղբ ու փնթիություն, վատ սպասարկում եւ անորակ ծառայություններ:

Մենք չենք սիրում պահանջել տարբեր անձանցից, որ իրենց պարտականությունները լիարժեք կատարեն, եւ չենք պահանջում պատժել իրենց պարտականությունները վատ կատարող պաշտոնյաներին: Եվ ահա` երբ արդեն ողբերգությունը տեղի է ունեցել, կարող ենք համաշխարհային աղմուկ բարձրացնել, վաշ-վիշ անել ու ողբ կապել: Իսկ ողբերգությունը մեր տանը մոտեցել էր շատ վաղուց, մենք ուղղակի չէինք նկատել: