Մենք ԱԳՆ ունե՞նք

Մենք ԱԳՆ ունե՞նք

Արցախում նախընտրական քարոզարշավը մոտենում է եզրագծին: Արդեն ակնհայտ է, որ քվեարկության օրը չի հետաձգվի: Մարտի 31-ին ընտրության իրավունք ունեցող քաղաքացիները կգնան տեղամաս եւ կքվեարկեն նախընտրած թեկնածուի, կուսակցության կամ դաշինքի օգտին:

Արցախի ընտրություններում միշտ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արտաքին քաղաքական բաղադրիչին, շեշտադրվել, որ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները եւս մեկ անգամ միջազգայնորեն ամրապնդում են անկախության օրինականությունը: Այսօր ունենք իրավիճակ, երբ նախագահի թեկնածու է գործող արտաքին գործերի նախարարը, որ օրենքին համապատասխան՝ գտնվում է արձակուրդի մեջ: Ոչ թե պաշտոնից հրաժարական է տվել, այլ արձակուրդ է վերցրել: Թվում է, դա չպետք է խանգարեր, որ նա քարոզարշավին զուգահեռ զբաղվեր նաեւ ընտրություններին միջազգային դիտորդների, առաջատար լրատվամիջոցների ներկայության հարցով, հանդես գար հայտարարություններով, օգտագործեր արտերկրում ԱՀ մշտական ներկայացուցչությունների հնարավորությունները: Մանավանդ որ կապված նոր կորոնավիրուսի տարածման վտանգի հետ՝ երկրների միջեւ հաղորդակցության խնդիրներ են ծագել: Քվեարկությանը մնացել է ընդամենը տասը օր, բայց Արցախի ԱԳՆ-ն երդվյալ լռություն է պահպանում: Հայտնի չէ՝ միջազգային դիտորդներ ունենալու՞ ենք, աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցներն ընտրությունները լուսաբանելու՞ են: Ո՞վ պիտի այս հաևցերով զբաղվի, եթե ոչ՝ արտաքին գործերի նախարարությունը: Արձակուրդի մեջ գտնվող արտգործնախարարը չի՞ կարող օրվա մի մասը նվիրել այդ կարեւորագույն հարցին, հանձնարարական տալ: Կամ անձնական նախաձեռնություն ցուցաբերել:

Թերեւս հարկ կա, որ նախագահի բոլոր թեկնածուները, խորհրդարանական մրցապայքարի մասնակից կուսակցությունները եւ դաշինքները, մի կողմ թողնելով տարաձայնությունները, հանդես գան համատեղ հայտարարությամբ, դիմեն միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների խորհրդարանականներին՝ հորդորելով մարտի 31-ին դիտորդներ ունենալ Արցախի համապետական ընտրություններին: Էական է, թե ով կընտրվի Արցախի նախագահ, քաղաքական ինչ խճանկար կունենա յոթերորդ գումարման Ազգային ժողովը, բայց միաժամանակ կարեւոր է նաեւ միջազգային արձագանքը, ընկալումը:

Ոմանք ասում են, որ Արցախում էպոխա է փակվում, բացվում է նորը: Այստեղ առանց միջազգային բավարար ընկալունակության առաջընթաց քայլ անել հնարավոր չէ: Դեռեւս ժամանակ կա, մնացած ժամանակն Արցախի ԱԳՆ-ն պետք է օպտիմալ օգտագործի՝ ապահովելու համար անհրաժեշտ միջազգային հետաքրքրություն եւ հնարավոր ներկայություն: