«Հրապարակ». Սամվել Շահրամանյանի դեմ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի դեմ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել, ըստ որի՝ նա, պարտավոր լինելով իր ծառայողական մեքենան հանձնել ՀՀ կառավարությանը, չի հանձնել, յուրացրել է։ Խոսքը գնում է հունիսի սկզբին Արցախի ներկայացուցչության բակից հատուկ ջոկատայինների միջոցով առգրավված «Տոյոտա Քեմրի» մեքենայի մասին, որն Արցախի կառավարությունը ձեռք էր բերել սեփական միջոցներով։ Արցախի ներկայացուցչության բակից, առանց դատարանի որոշման, հունիսի 7-ին մեքենան կապարակնքել էին, ապա օրեր անց հատուկ ջոկատայինների օգնությամբ առգրավել։ Քննչական կոմիտեից պարզաբանել էին, թե առգրավելու որոշումը կապված է տարեսկզբին հարուցված մի քրեական վարույթի հետ՝ «էական նշանակության հանգամանքներ պարզելու համար»: Խոսքը Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի մասին էր։ Փետրվարին նա ձերբակալվել էր թմրանյութ պահելու, իրացնելու կասկածանքով։ Բայց հետո Դանիելյանն ազատ արձակվեց, նրան մեղադրանք չառաջադրվեց, մինչդեռ վարույթը շարունակվում էր։
Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում երեկ ասաց․ «Մեքենան վերադարձնելու համար բողոք եմ գրում դատախազին։ Մինչ այդ, մեքենան առգրաված քննիչը հնարավորինս ձգձգում է փաստաթղթերի տրամադրումը, որ չկարողանամ բողոքը գրել, ի վերջո՝ բողոք եմ գրում դատախազին, վերջինս պատասխանում է, թե բողոքս հիմնավոր է, բայց ինքը չի կարող բավարարել, քանի որ քննիչից մեկ այլ քննիչ այս մեքենան առգրավել է։ Դիմում եմ երկրորդ քննիչին, որ հասկանամ, թե ինչ գործի շրջանակում է առգրավվել։ Փաստաթղթերը տրամադրում է, պարզվում է՝ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ըստ քրեական վարույթի՝ Արցախի Հանրապետության նախկին պաշտոնատար անձը, պարտավոր լինելով մեքենան հանձնել ՀՀ կառավարությանը, չի հանձնել, կատարել է յուրացում։ Այս հիմքով քրեական վարույթ է նշանակվում։ Քննիչին հարցնում եմ՝ ո՞ր օրենքով է պարտավոր Սամվել Շահրամանյանն Արցախի Հանրապետության թեկուզ մի մեքենա հանձնել ՀՀ կառավարությանը, բայց չի հանձնում, քննիչը չի կարողանում պատասխանել»։
Երիցյանի խոսքով՝ նախաձեռնված քրեական վարույթն իրավաչափ չէ, քանի որ իրավապահները չեն կարող հղում անել այնպիսի օրենքի կետի, որը պարտավորեցնում է Սամվել Շահրամանյանին՝ ՀՀ կառավարությանը հանձնել Արցախի կառավարության ավտոմեքենան։ Բացի այդ, դեռեւս ամիսներ առաջ Սամվել Շահրամանյանը ՀՀ կառավարությանն առաջարկել է՝ միասին քննարկել ու որոշել այդ մեքենաների ճակատագիրը, սակայն առաջարկը մնացել է անպատասխան։
Ավելին, մենք տեղեկացանք, որ դեռեւս ամիսներ առաջ Արցախի նախագահը 356 ավտոմեքենայի տվյալներ է հանձնել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով միասին քննել դրանց ճակատագիրը, բայց պատասխան այդպես էլ չի ստացել: Փաստորեն, թեման պահել են, որ քրեական գործ հարուցելու առիթ ունենան, ինչ-որ պահի աղմուկով առգրավեն մեքենաները` արդարադատություն իրականացնելու իմիտացիա անելու եւ արցախցիներին հերթական անգամ վարկաբեկելու, կալանավորելու համար:
Կարծիքներ