Հասարակություն

Դավիթի ընկերոջ մոր ձայնն ականջիս մեջ է՝ պայթյուն է եղել, երեխեքը պայթել են

Դավիթի ընկերոջ մոր ձայնն ականջիս մեջ է՝ պայթյուն է եղել, երեխեքը պայթել են

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետեւանքով, ըստ Արցախի ՆԳՆ տվյալների, մահացել է 220 մարդ։ 150 անձ անճանաչելի է եղել։ Այժմ այրված մասունքները Երեւանում են՝ դատաբժշկական փորձաքննության կենտրոնում, որտեղ անցկացվելու է նույնականացում՝ ԴՆԹ թեստի միջոցով։ Արցախի ՆԳՆ-ն, որպես պետական կառույց, օրենքով՝ պետք է աշխատի մինչեւ 2024 թ․ հունվարի 1-ը, սակայն փաստացի չի գործում։ 

Պայթյունի օրը պահեստի մոտ գտնվող մարդկանց հարազատներին տուժողի իրավահաջորդներ չեն ճանաչել։ Անհայտ կորածների հարազատների հետ որեւէ պետական մարմին կապ չի հաստատել։ 

Ասկերանի բնակիչներ Գարիկ Գրիշայի Պետրոսյանն ու նրա 18 տարեկան որդին՝ Դավիթը, անհետացել են բենզինի պայթյունից հետո։ Նրանց մայրը՝ Լիլիա Պետրոսյանը, առանց արցունքի չի կարողանում խոսել։ Նա ոչ մի տեղեկություն չունի՝ ոչ մեկը չի զանգել, ոչ մեկին հետաքրքիր չեն այդ մարդիկ։ «Տարան, գլուխները կերան, ոնց որ չեն էլ եղել նրանք։ Ես ոչ մի կարիք չունեմ։ Իմ ամուսնուն ու որդուն եմ մենակ ուզում»,- ասում է 49 տարեկան կինը։ Ասում է՝ մի քանի օրում անճանաչելի ծերացել է։ Պատմում է, որ սեպտեմբերի 25-ին ամուսինն ու որդին՝ Դավիթը, մի քանի անգամ գնացել, հերթ են կանգնել տարբեր լցակայաններում։ Նախօրեին Ասկերանի քաղաքապետարանը հաղորդել էր, որ բնակիչները հերթագրվեն։ 

«173, 174-րդ համարներն էին։ Առավոտ ժամը 10-ին ասեցին՝ բենզին կլինի, 10-ին չկար, ասեցին՝ 2-ին կլինի, 2-ին չկար, 2։40-ին եկան տուն, հաց կերան, իրանց հետ էր նաեւ Դավոյի ընկերը՝ նա մահացել է, մեր Սարիկը, նրան արդեն հուղարկավորել են։ Հետո հերթը տեղափոխեցին 5-ին։ Իրենք գնացին, որ էլի սպասեն բենզինի։ Պետք է բենզինը լցնեինք ավտոներն ու շարժվեինք։ Մի քիչ հետո ես զանգեցի, անջատեցին զանգերը, հետո անհասանելի էին։ Ընդհանրապես չի եղել, նույնիսկ պատերազմի ժամանակ, որ ես զանգեմ, նա հետ չզանգի։ Դավիթի ընկերոջ մոր ձայնն ականջիս մեջ է, ասեց՝ պայթյուն է եղել, երեխեքը պայթել են»,- պատմում է կինը։ Այդ օրվա խցանումները, կայծակն ու անձրեւը նրա գլխում են անընդհատ։ 

Նա մեղադրում է պետական մարմինների, քաղաքապետարանի ներկայացուցիչներին, որ նրանք եկել են Ասկերան, հայտարարել են՝ գնացեք պահեստ, ստեղ բենզին չի լինելու, եւ մարդիկ գնացել են։ «Այնտեղ ո՛չ ոստիկան կար, ո՛չ արտակարգ իրավիճակների մի աշխատող, որ ասի՝ ո՞նց ենք պատասխան տալու, էսքան մարդ հավաքում ենք պահեստի մոտ»։ 

Լիլիան, ով մասնագիտությամբ բուժքույր է, դստեր հետ ընկել է հիվանդանոցներով, հոսպիտալներով, անգամ մանկական հիվանդանոցում է փնտրել։ «Ցուցակները նայեցինք, ոչ մի ցուցակում իմ ամուսինն ու տղան չկային։ 26-ին գնացի մորգ, եղբորս կինը մտել ու նայել է, ասեց՝ ինչ որ տեսա, ո՛չ Գարիկը կա, ո՛չ Դավոն մեջները»։ Հիմա ընտանիքը սպասում է նույնականացման արդյունքներին։ Գարիկին ու Դավիթին տեսնողներ եղել են, բայց՝ պայթյունից առաջ։ «Երեխաս 2 օրվա ծառայող էր, պատերազմը սկսվեց։ Նրան ամենավատ պոստերը տարան՝ Քյաքուկ, Ասկերանի դեմն ա, չասեցին, որ երեխա ա։ Էդ անտեր կռիվը պրծավ, ուրախացա, ասեցի՝ երեխես եկավ։ Ո՞վ կիմանար, որ 2 լիտր բենզինի պատճառով․․․ Չեմ էլ ուզում ասեմ, սպասում եմ»։ Ընտանիքը տեղավորվել է Շահումյան գյուղում՝ Արտաշատից ոչ հեռու։ Լիլիան ասում է՝ իրեն ոչինչ պետք չէ, միայն որդու ու ամուսնու ողջությունը։ 

Շրջանառվում են տարբեր վարկածներ։ Որոշները պնդում են, որ հրդեհը ծխախոտից է բռնկվել, մյուսները՝ թե կայծակից է եղել, մի մասն էլ՝ թե հատուկ են պայթեցրել։ Կան նաեւ կարծիքներ, որ անհետ կորածներն ադրբեջանական կողմում են։ Ըստ որոշ տվյալների՝ բենզինը, որը պայթել է, Պաշտպանության բանակի պահուստային վառելիքն է եղել՝ ավիակերոսին, որը խիստ հրդեհավտանգ նյութ է։ Բնակիչները վնասել են բաքերը, ով ոնց կարողացել՝ տարել է հեղուկ վառելիքը, եւ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել։ 

Լիլիայի դուստրը՝ Բժշկական համալսարանի ուսանող Քնար Պետրոսյանը պատմում է, որ հետեւել է որոնողական աշխատանքների վերաբերյալ հաղորդվող տեղեկություններին։ Ասում է․ «Մարդիկ վառված հետքեր են գտել, հեռախոսներ, գումարներ, վառված իրեր։ Հիմա ԴՆԹ անալիզ են անելու Հերացիում։ Մենք եղել ենք այնտեղ։ Գիտեմ, որ սկսել են տվյալները համեմատել»։ Ըստ նրա՝ առողջապահության նախարարությունը տարբեր տեղերում ցուցակները կախել է, բայց տուժածները եւ նրանց հարազատները երկար ժամանակ չեն կարողացել գտնել իրար։ Կատարյալ խառնաշփոթ է տիրել։ 

«Ոչ մի պետական մարմին չի կապվել մեզ հետ, չեն կապվել նաեւ այլոց հետ։ Պայթյունից տուժածների հարազատներն ամեն մեկն իր ձեւով էր գտնում իր վիրավորին կամ մահացածին»,- ասում է Քնար Պետրոսյանը։ 
Տեղեկություն կա, որ պայթյունի վայրի մոտ՝ Աղդամի եւ Ստեփանակերտի արանքում, տեսել են ադրբեջանական շտապօգնության մեքենաներ։ Այս տեղեկությունը պաշտոնապես չեն հերքել։ Կարմիր խաչը պայթյունից հետո անհետ կորածների հարազատներին ասել է, որ իրենք չունեն տվյալներ, թե ադրբեջանական կողմում այդ օրը հայտնվե՞լ են արդյոք ազգությամբ հայ անձինք, թե՞ ոչ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image