Ռուբեն Վարդանյանը քաղաքականությամբ չի զբաղվում
Որքան էլ Ռուբեն Վարդանյանը փորձի հերքել, թե ինքը քաղաքականությամբ չի ուզում զբաղվել, այլ միայն հասարակական գործունեությունը, կրթական ու հումանիտար ոլորտը, բարեգործությունն են իրեն հետաքրքրում, եւ իր ողջ ջանքերն ուղղի «Ապագա հայկականը» նախաձեռնությանը, միեւնույն է, փոքր Հայաստանում ամեն ինչ տեսանելի է, ու մախաթը պարկում հնարավոր չէ թաքցնել։
Ընդամենը օրեր առաջ Ռուբեն Վարդանյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հերքել էր, թե ինքը կապ ունի «Ապրելու երկիր» կուսակցության ստեղծման հետ։ Հիշեցնենք, որ նորաստեղծ այս ուժը քաղաքական դաշտում հայտնվել է ամիսներ առաջ՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական «զապաս» կադրերի՝ Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի համահիմնադրմամբ։ Վերջիններս հրաժարական տվեցին, մեկը՝ Արցախի, մյուսը՝ Հայաստանի սոցապնախարարների պաշտոնից, որպեսզի մտնեն մեծ քաղաքականություն: Ու թեեւ ԱԺ ընտրություններին չմասնակցեցին, սակայն ՏԻՄ ընտրություններին են մեծ թափով մասնակցում:
Պարոն Վարդանյանը հայտարարում է, թե ինքն այդ մարդկանց հետ գործ չունի, այդ նրանք են հետաքրքրված իր հանրային ծրագրերով եւ անդամակցում են «Ապագա հայկականը» ձեռնարկին։ Սակայն, ինչպես նշեցինք, Հայաստանում ամեն բան արագ բացահայտվում է․ նախօրեին Ռուբեն
Վարդանյանը Մեղրիում մասնակցել է «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի քարոզարշավին, նա եւ Մանե Թանդիլյանը երկար զբոսնել են Մեղրիի փողոցներով, ապա հանդիպել կուսակցական ակտիվի հետ, ինչը եւս խոսում է ռուսաստանաբնակ գործարարի քաղաքական հավակնությունների մասին։ Տեւական ժամանակ է՝ խոսվում է, որ Վարդանյանը ցանկություն ունի առաջիկայում ակտիվորեն ներգրավվել հայաստանյան քաղաքական գործընթացներում, իսկ հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցել որպես վարչապետի թեկնածու։ Սա ներկայացվում է որպես իշխանական սցենար, որը հովանավորվում է նաեւ ՌԴ-ի կողմից․ ի դեմս Վարդանյանի` ՀՀ գործող իշխանության իրավահաջորդ են պատրաստում:
Ըստ որոշ տեղեկությունների, գործարարը հունիսին նաեւ ՀՀ քաղաքացիություն է ստացել, գուցե` հրաժարվել է նաեւ ՌԴ քաղաքացիությունից, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան առաջադրվելու, քաղաքական ձեռնարկների ժամանակ։ Կուսակցությունը ՏԻՄ ընտրություններով քաղաքական ստարտը տվել է, թեկնածուներ են առաջադրել Սյունիքի մարզի Տեղ, Տաթեւ, Մեղրի, Դիլիջան խոշորացված համայնքում եւ Գյումրիում։ Սակայն կուսակցության համահիմնադիրներ Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը տեւական ժամանակ է՝ լրագրողների համար ընդհատակ են անցել, չնայած ոչ վաղ անցյալում անկաշկանդ շփվում էին, անգամ Ֆեյսբուքով էին պատասխանում մեր հարցերին։ Եվ թվում է` կուսակցական գործունեությունը, ընտրապայքարին մասնակցելը պետք է մեծացնեին շփումը լրատվամիջոցների հետ:
Ինչեւէ, տպավորություն կա, որ նորաթուխ կուսակցության թեկնածուները բավականին վերացական, իրականությունից կտրված քարոզարշավ են իրականացնում՝ իշխանությունների հասցեին թթու խոսք չասելով, չքննադատելով վարվող կուրսը եւ այլն։ Եվ հայտնի չէ, թե այս կուսակցությունը որ դաշտում է, դասական քաղաքականությունը հուշում է, որ եթե իշխանություն չես, ապա ընդդիմություն ես, սակայն իրենք՝ կուսակցականները, դժվարանում են բարձրաձայնել եւ հստակ հայտարարել, որ իրենք ընդդիմություն են։ Մեղրիի քաղաքապետի թեկնածու Արմեն Հայրապետյանը մեզ հորդորեց նման հարցերի պատասխանները ստանալ կուսակցության հիմնադիրներից, ինքը քարոզարշավը գնահատում է նորմալ եւ չհերքեց, որ քարոզարշավին միայն կուսակցության անելիքների մասին են խոսում։
- Մենք ընդդիմադիր թեկնածուներից լսում ենք խիստ քննադատություն իշխանությունների հասցեին, որ նրանք քաղաքական այս կուրսի շարունակության դեպքում կհանձնեն նաեւ Սյունիքը, նրանց քաղաքականության հետեւանքն է, որ Սյունիքում անվտանգային լուրջ խնդիրներ են առաջացել։ Դո՞ւք էլ եք այս տրամաբանությամբ վարում Ձեր քարոզարշավը։
- Մենք խոսում ենք միայն մեր անելիքների մասին, իսկ Սյունիքի պահով նման մոտեցում չկա եւ երբեւէ չի էլ կարող լինել։
- Ինչո՞ւ, իշխանություննե՞րը չեն այս ամենի պատասխանատուն եւ մեղավորը։
- Խնդիրները պատերազմից հետո են առաջացել, եւ մեղավորներ փնտրելու համար դեռ շուտ է, ժամանակը ցույց կտա։
- Իշխանություններն են անգամ իրենց թիվ մեկ պատասխանատու համարում։
- Այո, իրենք թիվ մեկ պատասխանատու համարել են, բայց հստակ գնահատականների համար պետք է հանձնաժողով ստեղծվի, վստահ եմ` պետք է օբյեկտիվ քննություն իրականացվի, այդ ժամանակ բոլորիս պարզ կլինի։
- Հիմա «Ապրելու երկիր»-ը ո՞ր դաշտում է՝ իշխանակա՞ն, ընդդիմադի՞ր, թե՞ երրորդ՝ այլ կարգավիճակում։
- Կուսակցության դիրքորոշումների մասով կխնդրեմ կուսակցության ղեկավար կազմի հետ խոսել ․․․Այո, ես կուսակցական եմ, բայց նման հարցերի չեմ պատասխանում, ես կրկնում եմ՝ որեւէ թեկնածուի հասցեին մեր քարոզարշավի ընթացքում խոսք չի եղել։
- Հիմա Դուք որպես ի՞նչ եք ներկայանում՝ ընդդիմադի՞ր թեկնածու, թե՞ իշխանական։
- Ես ինձ համարում եմ ժողովրդի կողմից թեկնածու․․․ ում ընդդիմադիր էլի, կարաք ասեք։ ․․․Ես որեւէ մեկին թիվ մեկ մրցակից չեմ համարում, եթե մենք գտնեինք, որ որեւէ ուժ մեզնից ավելի մեծ պոտենցիալ ունի, գուցե չմասնակցեինք։
- Եվ վերջում․ կասե՞ք՝ Ռուբեն Վարդանյանը որպես ո՞վ էր երեկ մասնակցում Ձեր քարոզարշավին։
- Պարոն Վարդանյանը քարոզարշավին չէր մասնակցում, պարզապես այցելել էր Մեղրի համայնք։
- Զբոսնում էր ձեր կուսակցության ղեկավարների հետ, վերջում էլ կուսակցականների ու համախոհների հետ հանդիպում է եղել, մասնակցել եք նաեւ Դուք։
- Ես հանդիպմանը ներկա եղել եմ, բայց դա կապ չուներ քարոզարշավի հետ, պարզապես կուսակցության ղեկավար կազմը ներկա էր, ես էլ այդ ձեւաչափով ներկա եմ եղել։
Կարծիքներ