Խորհրդարանական եւ արտախորհրդարանական 17 քաղաքական ուժեր, որոնց թվում՝ նաեւ ՀՀԿ-ն, այսօր Ազատության հրապարակում մեծ հանրահավաք են նախատեսում անցկացնել։ Նրանց հիմնական պահանջն այս պահին Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականն է։ Երեկ նրանցից ոմանք նախնական հավաքվել էին Ազատության հրապարակում՝ ժողովրդի հետ շփվելու եւ նրանց տեղեկացնելու սպասվելիք հանրահավաքի մասին։ Մենք այստեղ պատահաբար հանդիպեցինք ԱԺ նախկին նախագահ, կարկառուն ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանին եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։ Զրուցել ենք Գալուստ Սահակյանի հետ։
- Պարոն Սահակյան, ՀՀԿ-ն էլ է ստորագրել 17-ի պահանջի տակ, ո՞րն է լինելու հանրահավաքում ձեր՝ 17 քաղաքական ուժերի առաջադրած հիմնական խնդիրը։
- Ինչպիսի պահ էլ որ լինի, Ղարաբաղը երբեք Ադրբեջանի տարածքում չի կարող լինել։ Նույնիսկ հիմա ինչ-որ միջոցառումներ են անում, ժողովուրդը ոտքի է կանգնել, դա էդպես է, Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել։
- Բայց Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է մի փաստաթուղթ, որով Ղարաբաղի մի զգալի մասն Ադրբեջանի կազմում է լինելու։
- Համենայնդեպս, ես չեմ մակագրել դրա տակ։
- Բայց այս դեպքում կարծես թե միայն Նիկոլ Փաշինյանի մակագրությունը բավարար է։
- Ազգի գոյության խնդիրն անհատ մարդկանցից չի կախված, ամբողջ ազգից է կախված։
- Շատերն այս օրերին շարունակում են մեղադրել նախորդ իշխանություններին, Սերժ Սարգսյանին, որ նրա մեղքի բաժինը եւս կա այս ամենի մեջ։
- Դե, մարդիկ են, ամեն մեկն իր խոսքն է ասում՝ չմտածելով, որ մարդիկ Ղարաբաղը ստեղծեցին, մարդիկ կարողացան 30 տարի պահել էնպես, որ նման իրողություններ չլինեն։
- Ասում են՝ նախկինները փոխանակ բանակի համար զենք գնելու, դղյակներ կառուցեցին, թալանեցին, բանակը չզինեցին, դրա համար էլ այսօր չկարողացանք նորմալ կռվել։
- Մարդիկ մտածում էին՝ երկիրը պիտի տնտեսություն չունենա՞, եւ երբեք չմտածեք, որ բանակից որեւէ կոպեկ որեւէ տեղ գնացել է։
- Ինչպե՞ս եք պատրաստվում հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։
- Ինչպես ժողովուրդը կցանկանա, ինձ համար կարեւոր չէ որեւէ մեկի վերաբերյալ ինչ-որ մի բան ասել։ Ես ասում եմ հետեւյալը՝ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չպիտի լինի, եւ էդ ճանապարհով գնալու ենք առաջ։
- Իսկ դա հնարավո՞ր է, մեխանիզմներ կա՞ն հետ վերադարձնելու կորցրածը, անիվը հետ պտտելու, այս փաստաթուղթը չեղյալ համարելու։
- Նայած թե ժողովուրդն այսօր իրեն ոնց կպահի, ինչպիսի քաղաքական գործիչներ կզբաղվեն դրանով։ Այնուհանդերձ, եթե այս օրերին էլ լրիվ չվերջացնենք, էս պայքարն անընդհատ շարունակվող պրոցեսի մեջ է լինելու, եւ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։
- Դուք եւ ձեր կուսակցությունն իրենց մեղքի բաժինը տեսնո՞ւմ են Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու հարցում։
- Գիտե՞ք, ես էդտեղ մեղքի բաժին չեմ տեսնում, ես տեսնում եմ հարյուր հազարավոր ժողովրդին, որոնք Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության։
- Ասում են՝ դուք թույլ տվեցիք, դուք կարող էիք կանխել դա, բայց չկանխեցիք։
- Դրանք ոչ ճիշտ խոսակցություններ են, ինչո՞ւ պիտի թույլ տայինք։ Այսինքն՝ թույլ տվեցինք, որ մեր նախագահին, իր եղբայրներին, մեր անձանց, բոլորին բռնեն լցնեն բերդերը, դրա համա՞ր ենք թույլ տվել։
- Դուք տեղյա՞կ եք՝ 2018 թվականի ապրիլին ինչով էր Նիկոլ Փաշինյանը ճիշտ, իսկ Սերժ Սարգսյանը՝ սխալ։
- Ես ամեն ինչից տեղյակ եմ, բայց դրա ժամանակը չկա։ Երբ այդ հարցն ուղղեք Սերժ Սարգսյանին, ինքը կպատասխանի։
- Ի դեպ, Սերժ Սարգսյանը կլինի՞ այս հանրահավաքին։
- Ես չգիտեմ՝ ով կլինի, ով չի լինի, ես գիտեմ, որ մերոնց մեծ մասը էստեղ էին, դրա համար եկել եմ։