«Հրապարակ». Պետական բյուջեից միլիոններ` ազատված պաշտոնյաներին, տասնյակներով հայցեր՝ նախարարությունների դեմ

«Հրապարակ». Պետական բյուջեից միլիոններ` ազատված պաշտոնյաներին, տասնյակներով հայցեր՝ նախարարությունների դեմ

Վերջին տարիներին վարչական դատարանները հեղեղված են տարբեր պետական կառույցներից ազատված անձանց հայցերով՝ ընդդեմ նախարարությունների, դրանց ենթակա կառույցների, տարբեր պետական հիմնարկների, որտեղ ամեն անգամ տնօրինության փոխվելուց հետո սկսում են հին աշխատողներին ազատել աշխատանքից, նորերին, հատկապես` իրենց ընկեր-բարեկամներին ընդունել։ Բնականաբար, դա արվում է օրենքի խախտմամբ, իսկ Աշխատանքային օրենսգիրքը մարդուն աշխատանքից ազատելու համար կոնկրետ չափանիշներ է սահմանել, որոնք շատ քիչ դեպքերում են պահպանվում: Եվ ապօրինաբար աշխատանքից ազատված մարդիկ, որպես կանոն, դիմելով դատարան, վերականգնվում են իրենց աշխատանքում: Ավելին` չաշխատած ողջ ժամանակաշրջանի համար պահանջում են փոխհատուցում, եւ դատարանը ստիպված է լինում բավարարել նրանց պահանջները` վերականգնել աշխատանքում եւ պարտադրում է պետական կառույցին` վճարել հարկադիր պարապուրդի գումարը։

Նման տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հայցեր են ներկայացվել էկոնոմիկայի, արդարադատության, ներքին գործերի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ֆինանսների, պաշտպանության, առողջապահության, շրջակա միջավայրի նախարարությունների դեմ։ Եվ վերջին տարիներին միլիոնների հասնող գումարներ են վճարվել պետական բյուջեի միջոցներից՝ անհիմն կերպով աշխատանքից ազատվածներին։
Նրանցից մեկն արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի նախկին տեղակալ, այժմ փաստաբան Արսեն Համբարձումյանն է։ 2019-ին նա հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան` ընդդեմ արդարադատության նախարարության՝ վերջնահաշվարկ կատարելու, հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, ինչպես նաեւ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձը բռնագանձելու պահանջով։

Վարչական դատարանը մասնակի բավարարել է հայցը: Արձանագրվել է, որ Համբարձումյանին աշխատանքից ազատել են օրենքի խախտմամբ, եւ, որպես հետեւանք, դատարանը պարտավորեցրել է նախարարությանը՝ նրան վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, սակայն մերժել է նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը։ Բայց Վերաքննիչ դատարանը բեկանել է այս վճիռը եւ Համբարձումյանին վերականգնել նախկին պաշտոնում։

Արսեն Համբարձումյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ գումարը մասամբ վճարվել է պետական բյուջեից, մասամբ՝ ոչ, մնացածի հետ կապված «կռվի մեջ» է հարկադիրի հետ։ Թե որքան գումարի մասին է խոսքը, Համբարձումյանը հրաժարվեց պատասխանել։ Նա նշեց, որ աշխատանքում վերականգնվելուց հետո դիմում է գրել եւ ինքնակամ դուրս եկել․ պատճառն աշխատանքային վատ մթնոլորտն է եղել։ Այն ընթացքում, երբ նա ազատվել է աշխատանքից, ազատել են նաեւ նրա կոլեգաներից մեկին, որի շահերն ինքն է ներկայացրել դատարանում․ «Դատարանում հաղթել ենք, նրան օրենքի կոպիտ խախտմամբ ազատել էին՝ առանց ազատման հրամանի։ Ասել էին՝ գնացեք տուն, Ձեր տեղը մարդ է նշանակվել»։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ով նույնպես իր պրակտիկայում նմանատիպ գործեր է ունեցել, ընդգծում է՝ որպես կանոն, Վարչական դատարանն աշխատողների շահերը պաշտպանում է․ «Բավականին մեծ գումարներ են վճարում պետական կառույցներն այդ մարդկանց։ Եթե նույնիսկ 120 հազար դրամ աշխատավարձով աշխատող մարդու աշխատավարձը բազմապատկես 3-4 տարվա, բավականին մեծ գումար է դա։ Եվ այդ դրական դինամիկան կա։ Խոսքը գնում է նրանց մասին, որ ազատելիս կամայական, առանց ընթացակարգը պահպանելու են այդ ամենն անում, պետական ապարատում այդ խնդիրը կա։ Ովքեր դիմում են դատարան, մեծամասամբ հաջողում են»։

Փաստաբանի խոսքով՝ աշխատակցից ազատվելու համար ղեկավարները տարբեր մեքենայությունների են դիմում․ «Օրինակ, հաստիքացուցակն են փոխում, նոր ստորաբաժանում են բացում, ինչ-որ բաներ են անում։ Եթե աշխատողը լուրջ խախտում ունի, որի համար պետք է ազատեն՝ կազատեն, բայց խոսքը գնում է կա՛մ քաղաքական հայացքների համար, կա՛մ պարզապես մարդկային ինչ-որ խնդրի պատճառով, նման ինչ-որ բաներ անում են»։ Նա նշեց, որ դեռեւս չի ունեցել նմանատիպ գործ, որով դատարանում պարտված լինի։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե վարչական դատարաններն այսպիսի որոշումներով փորձում են ցույց տալ, որ ավելի անկախ եւ անկաշկանդ են, քան քրեական եւ մասամբ` քաղաքացիական դատարանները, Տիգրան Աթանեսյանն ասաց․ «Միշտ էլ այդպես է եղել։ Վարչականը հետաքրքիր ոլորտ է, վարչականի դատավորների մոտեցումն ինձ միշտ ավելի է դուր եկել, ամուր կեցվածք ունեն, հիմա էլ կան լավ իրավաբաններ այնտեղ։ Ինչ վերաբերում է քրեականին, ապա քրեականն իշխելու հիմնական եղանակն է, ճնշումը շատ է, եւ նաեւ այնտեղ կա դատախազության նման գործոն, որը չկա մյուս դատարաններում։ Պատճառները շատ են․ քաղաքական ազդեցությունն է, վարչականինն այդքան շատ չի լինում»։