Արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ մերժվել է Սերոբ Գասպարյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքը։
Սերոբ Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իրավաչափ չեն համարում որոշումը և որոշումը ստանալուն պես կբողոքարկեն Վճռաբեկ դատարան։
«Ամբողջ խնդիրը հետևյալն է` ըստ էության, նյութերում ներկայացված ընդամենը երկու վկայի ցուցմունքի հիման վրա է ինքը կալանքի տակ։ Մենք ասում ենք, որ քննությանը խոչընդոտելու հիմքի միակ նվազման գործիքը օրենքով առերեսումն է։ Ու քանի որ օրենքն ասում է, որ առերեսում կատարվում է այն ժամանակ, երբ կա մեղադրյալների ցուցմունքների միջև հակասություն, կամ վկաները տալիս են մեղադրական բնույթի ցուցմունք մեղադրյալի դեմ, մենք ասում ենք` պատրաստ ենք առերեսվել՝ առերեսեք, որ քննությանը խոչընդոտելու հիմքի նվազում ունենանք։ Դա է պահանջում արդարադատության շահը։ Բայց քննչականը հրաժարվում է անհասկանալի պատճառներով, որպեսզի անընդհատ, երկար, Սերոբ Գասպարյանին փորձեն պահել կալանքի տակ»,-ասաց Ալեքսանյանը։
Հարցին, թե պատճառը ո՞րն է, փաստաբանն ասաց, որ չի կարող այդ հարցի պատասխանալը տալ` այլ ենթատեքստ կա, թե ոչ: Ինքը հարցը դիտարկում է միայն իրավական հարթությունում և իրավական հարթությունում պայքարը կշարունակեն ու կփորձեն նվաճել Գասպարյանի ազատությունը։
Առերեսում մերժելը իրավաչափ չէ այնքանով, որ վկաները Գասպարյանի դեմ մեղադրական բնույթի ցուցմունք են տալիս և ինքն էլ պահանջում է այդ պայմաններում առերեսման իմպերատիվ կատարում։ «Այդ քննիչը հրաժարվում է, հրաժարման որոշումը մենք բողոքարկել ենք դատախազին, դատախազն էլ է մեր բողոքը մերժել, այսինքն, քրեական հետապնդման մարմինները հրաժարվում են առերեսում կատարելուց, ինչ-ինչ պատճառներով։ Համենայնդեպս, մեզ համար պատճառն անհայտ է, ինչ պատճառ էլ որ լինի՝ իրավաչափ չի կարող լինել, որովհետև օրենքը պարտադրում է, որ առերեսումը պիտի լինի»,-ասաց Գասպարյանի պաշտպանը։
Արդյո՞ք դատախազի ու քննիչի միջև համաձայնություն կա, Ալեքսանյանն ասաց, որ բնականաբար այդպես է՝ կանխավարկածը դա է հուշում։
Հիշեցնենք, որ Սերոբ Գասպարյանը կալանավորվել էր սեպտեմբերի 28-ին՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստական աշխատանքներ տանելու մեղադրանքով։ Իբրեւ թե մարդկանց մի խումբ Ռուսաստանում մասնակցել են վարժանքների, որպեսզի հետո վերադառնան Հայաստան եւ իշխանափոխություն իրականացնեն: Այս գործով ևս երկու անձ է կալանավորված, իսկ չորսը հետախուզման մեջ են։
Սերոբ Գասպարյանն իր մեղքը չի ընդունում։ Ազատամարտիկին մոտ կանգնած աղբյուրն ասաց, որ Գասպարյանն անկոտրում է, որովհետև մեղավոր չէ: Անցյալում եւ հիմա նրա նշանաբանն է․ «Նվիրյալները չեն դավանափոխվում»։