Աբովյանի ավագ դպրոցի տնօրենը դատարանում պարտվել է ուսուցիչներին 

Աբովյանի ավագ դպրոցի տնօրենը դատարանում պարտվել է ուսուցիչներին 

Աբովյանի Թիվ 1 ավագ դպրոցի՝ ԿԳՄՍ նախարարի կողմից նշանակված տնօրեն Քարմիլե Առաքելյանն օրեր առաջ դիմել էր դատարան՝ դպրոցում իրեն մերժած ուսուցիչների և աշխատակիցների գործադուլի օրինականության ճանաչման խնդրի հետ կապված։

Առաքելյանը համարվում է Կոտայքի նախկին մարզպետ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալը։

Նույն դպրոցի Ուսումնական աշխատանքի գծով նախկին փոխտնօրեն Արմեն Ավագյանը, ում Առաքելյանն ազատել էր աշխատանքից, այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ դատարանը 22 ուսուցչի մասով կարճել է գործը, իսկ դպրոցի գրադարանավարուհու գործադուլը՝ ճանաչել անօրինական։

Իր հերթին Ավագյանը դատական հայց է ներկայացրել նորանշանակ տնօրենի դեմ՝ պահաջելով անվավեր ճանաչել թե՛ իրեն պաշտոնից ազատելու, թե՛ իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանները։

Անդրադառնալով դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգին՝ դպրոցի նախկին փոխտնօրենն ասաց, որ սրանով այսուհետ տնօրենի ընտրության ժամանակ մանկավարժական, ծնողական համակազմի շահերը հաշվի չեն առնվելու։  «Դպրոցի կառավարման խորհրդի ձևավորման սկզբունքի մեջ փոփոխություն է կատարվել։ Ծնողական համայնքը՝ 2 անդամ, մանկավարժական համայնքը՝ 2 անդամ։ Իսկ եթե տվյալ համայնքում 3 հազարից ավելի բնակչություն է ապրում, բնականաբար 9 հոգուց է կազմված լինում խորհուրդը։ 4-ը ներկայացնում են ծնող և մանկավարժ, մյուս 5-ը՝ 4-ը լիազոր մարմին, գումարած՝ 1 մարզպետարան», - պարզաբանեց նա։

Ավագյանը նշեց, որ խորհրդի ձևավորման այս կարգով չի կարող խոսք լինել անկախ և անկաշկանդ գործունեության մասին։ «Կարելի է ասել, որ ամբողջովին խորհուրդներին ինքնավարությունից զրկեցին, ծնողական և մանկավարժական համայնքներն այլևս չեն կարողանա հարց լուծել դպրոցում», - ընդգծեց նա։