Ոստիկանին չի հաջողվել գտնել Շուշիում, Ալիևի այցելությունը խոչընդոտել է հայկական մասնակցությանը 

Ոստիկանին չի հաջողվել գտնել Շուշիում, Ալիևի այցելությունը խոչընդոտել է հայկական մասնակցությանը 

Հունվարի 15-ից 17-ն ադրբեջանական վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքի մշակույթի տան մոտակայքում և փլատակների տակ Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը ռուսական խաղաղապահ զորքերի ուղեկցությամբ իրականացրել է որոնողափրկարարական աշխատանքներ։

Աշխատանքներին պետք է մասնակցեր նաև Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, սակայն այդ օրը Շուշի պետք է այցելեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա կին, երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ու նրանց դուստրը, և ադրբեջանական կողմը թույլ չէր տվել հայկական մասնակցությունը։

«Ադրբեջանցիները չեղարկեցին որոնողական աշխատանքների թույլտվությունը։ Բայց քանի որ այսօր ամեն գնով պետք է անեինք, տրամադրված էինք այդ ուղղությամբ, խնդրեցինք ռուսական ԱԻՆ ղեկավարությանը, և նրանք գնացին որոնողական աշխատանքներն իրականացնելու։ Հայկական ԱԻՆ-ն ապահովել է այն ամենով, ինչ անհրաժեշտ էր։ Նրանք մտան Շուշի, որ սկսեն աշխատանքները»,- հունվարի 15-ի առավոտյան «Հրապարակ» թերթի հետ զրույցում ասել էր Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը, ով զբաղվում է Շիրակի զորահավաքային ռեսուրսի գերեվարված զինծառայողների վերադարձի խնդրով և կապի մեջ է խաղաղապահ զորախմբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ։

Այսօր արդեն Ավագյանն ասաց, որ եռօրյա որոնողափրկարարական աշխատանքներից հետո այդպես չի հաջողվել գտնել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Ղազարյանին, ով անհետ կորել էր Լեռնային Ղարաբաղի 45-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանից կողմից իսրայելական «Լոռա» հրթիռով մշակույթի տան ռմբահարումից հետո։

«Երեք օր ամբողջությամբ քանդել են, որոնել են, չեն գտել։ Այսօր են ավարտվել աշխատանքները»,- նշեց նա։

Հարցին՝ հաջորդ քայլը ո՞րն է լինելու այս ուղղությամբ, Արթիկի համայնքապետի պաշտոնակատարը պատասխանեց, որ դեռ պետք է քննարկեն։ «Բայց, երևի թե, պետք է արդեն աշխատանքներ տարվեն նրանց հետ, ովքեր այդ օրը նրա հետ են եղել։ Որովհետեւ եթե ինքն այնտեղ չէ, ուրեմն հեռացել է այդտեղից։ Կան մարդիկ, որոնք ասում են, թե նրան տեսել են ռմբակոծությունից հետո հեռանալիս։ Պետք է հասկանալ՝ որ ուղղությամբ է գնացել։ Ինչը որ հնարավոր էր կազմակերպել, արել եմ, հաջորդ քայլերն արդեն պաշտպանության նախարարության, ոստիկանության հետ է պետք քննարկել։ Քար առ քար քանդել են մշակույթի տան փլատակներն ու ոչինչ չեն գտել»,- եզրափակեց Բորիս Ավագյանը։

2020-ի հոկտեմբերի 4-ին Շուշի էր տեղափոխվել ոստիկանության Լոռու, Տավուշի և Շիրակի մարզային վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողներից կազմավորված 1-ին հրաձգային գունդը, որը տեղակայվել էր քաղաքի մշակույթի տանը։ Այդտեղ եղած ժամանակ մշակույթի տունը ռմբակոծվել էր ադրբեջանական բանակի կողմից, նախնական տվյալներով՝ զոհվել էր 22 ոստիկան, իսկ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Ղազարյանը մինչ օրս անհետ կորած է համարվում։ Նրա անունը չկա գերիների ցուցակում։