«Հրապարակ». Եթե անհրաժեշտ լինի՝ ինքնաթիռ էլ կգնենք
Ինչպե՞ս եք, պարոն Ջանջուղազյան։ «Հենց հարցնում եք` ինչպես եմ, մտածում եմ` մեջը սադրանք կա, ու հետին միտք ունեք․ Ձեր հետին միտքն այսօր ո՞րն է»,- պատասխանեց ֆինանսների նախարարը: Դե, օրինակ ցանկալի է իմանալ, թե ինչու անուն չդրեցիք այս բյուջեին՝ որպես նախկին։ Նախկինների, դիցուք` Պավլիկ Սաֆարյանի ժամանակ, հուժկու-հնչեղ անուններ էին դրվում․ դա է՞լ է Նիկոլ Փաշինյանի իրավասությունը, եկավ եւ ասաց` «հեղափոխական» է սույն բյուջեն: «Թե՛ նախկինում, թե՛ հիմա, ես միշտ ձեռնպահ եմ մնացել բյուջեին անուն դնելուց, այս դեպքում եւս բացառություն չէր»: Փաստորեն, պատկերավոր մտածողություն չունեք՝ ԱԳ նախարար պարոն Մնացականյանի պես։ «Ինչպես տեսնում եք»:
Իսկ եթե լուրջ` ի՞նչ տարբերություն կա այս եւ նախորդ տարվա բյուջեի միջեւ։ «Տարբերությունները շատ-շատ են. եթե շատ կարճ, ապա այս բյուջեն փոփոխված իրավիճակին համարժեք` արագ արձագանքող բյուջե է»: Չե՞ք ասի` «արագ արձագանքող» բյուջեում վարչապետի տրանսատլանտյան թռիչքների համար նախատեսված (55 մլն դոլարանոց) ինքնաթիռի տողն առկա՞ է։ «Կառավարության նման որոշում կա՞. պետք է լրատվամիջոցներին այդ հարցը տալ»: Չկա՞ նման կետ։ «Ես, անկեղծ ասած, Ձեզ պետք է հիասթափեցնեմ․ եթե Դուք կարծում եք, որ ես գնման առարկաների բոլոր մանրամասներին տիրապետում եմ, ավա՜ղ»: Բայց կբավարարի՞ բյուջեն նման «հաճույքի» համար։ «Ես քիչ առաջ Ձեզ թիվն ասացի` մյուս տարի նախատեսված է 1 տրիլիոն 880 միլիարդ դրամ ծախս իրականացնել»: Այսինքն` կբավականացնի։ «Եթե անհրաժեշտ լինի՝ այո»:
Կարծիքներ