Մարտի 2-ը, կառավարության որոշմամբ, սահմանվել է Դիվանագետի օր: Այս տարի մարտի 2-ը կիրակի էր, ուստի Դիվանագետի օրը նշվեց երկուշաբթի օրը` մարտի 3-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտաքին գործերի նախարարությունում Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հանդես է եկել ելույթով եւ իրեն բնորոշ մեծամտությամբ այս անգամ էլ դասեր է տվել դիվանագետներին: Դե, եթե նրա կինն է արդեն քննադատում դիվանագետներին, ինչո՞ւ պետք է վարչապետ ամուսինը չքննադատի ու դասեր չտա: Նա թերեւս մոռանում է, որ ինքն է դադարեցրել բանակցությունները` դրանք իր զրոյական կետից սկսելու մտադրությամբ, ինքն է հայտարարել` ինձ գժի տեղ կդնեմ, ոչ մի բանի չեմ համաձայնի, ինքն է իրարամերժ հայտարարություններ արել, պատերազմը բերել մեր տուն, ինքն է Հայաստանը թողել առանց դաշնակիցների: Նա մի ղեկավար է, որը դիվանագիտությունն այնպես ոչնչացրեց, որ Արցախի հարցի լուծման պատերազմական ուղին միայն մնաց, եւ 44-օրյա դաժան պատերազմն էլ ինքն է տանուլ տվել` զբաղեցնելով գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, հետո Արցախը մենակ է թողել թշնամու առաջ եւ Հայաստանի իր կաբինետից հանգիստ հետեւել Արցախի հայաթափմանը, ապա սկսել է զիջել ՀՀ սուվերեն տարածքից հատվածներ եւ այլն: Այս ամենը հենց դիվանագիտական հմտությունների բացակայության եւ դիվանագիտությունից ոչինչ չհասկանալու մասին են խոսում: Մինչդեռ այդ ամենից հետո նա խոսում է դիվանագիտությունից, դիվանագետներին հրահանգներ է իջեցնում: «Հրապարակը» զրուցել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ:
- Նիկոլ Փաշինյանը Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ մենք պետք է կարողանանք ինքներս մեզ հարցեր տալ, որոնք հաճելի չեն լինի մեզ համար: Նրա կարծիքով` հաճելի հարցեր տալը շատ հեշտ ու անիմաստ գործ է, սակայն դժվար հարցեր տալով` ինքներս մեզ կարողանում ենք ճանաչել, քանի որ դա օգտակար է: Եվ ակնարկ կա նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների առնչությամբ, որ մենք դեռ 1988-ին ենք սխալվել` Արցախն ազատագրելով, եւ պետք է այսօր հասկանանք, թե ինչու ենք սխալվել:
- Նման արտահայտություններ անողը, տվյալ պարագայում` վարչապետը, ցույց է տալիս իր բացարձակ անտեղյակությունը դիվանագիտության մասին եւ հատկապես անկախության շրջանում դիվանագիտական կորպուսի աշխատանքի եւ ձեռքբերումների առումով: Փաշինյանի այս հայտարարությունները լսելով, տպավորություն եմ ստանում, թե նա նոր հեծանիվ է հորինել, սակայն դիվանագիտական աշխատանքների տասնամյակների հայաստանյան փորձը մշտապես ամենատարբեր սցենարներն է քննարկել, ամենատխուր ավարտների կանխատեսումներով, եւ, ըստ այդմ` որոշումներ ենք կայացրել եւ առաջնորդվել հենց դրանցով: Նիկոլ Փաշինյանն իր ելույթներով ցույց է տալիս մեր արտաքին գերատեսչության աշխատանքի սնանկությունը: Որ տվյալ գերատեսչության առկա փորձառությունը եւ կարողությունները իշխող խմբակի կողմից կա՛մ չեն օգտագործվում, կա՛մ անտեսվում են, կա՛մ էլ ընդհանրապես լռության են մատնվում այն խնդիրները, սպառնալիքները, որոնց մասին պարբերաբար խոսվում է: Այս մարդը փորձում է հեծանիվ հորինել մի տեղ, որտեղ վաղուց հեծանվային մրցավազքեր են տեղի ունենում եւ հաջողություններ արձանագրում: Նա փորձում է ամեն ինչ ջնջել եւ իր հայտնաբերած երեւույթները վերագրել ողջ պետությանն ու հանրությանը, ինչը ոչ մի աղերս չունի իրականության հետ:
- Փաշինյանը նաեւ հավելել է, որ միջազգային հարաբերությունների արդյունքն այն է, որ ինչքան հնարավոր է՝ շատ պայմանագրեր կնքվեն: Ի՞նչ ասել է՝ դիվանագիտական հնարավորինս շատ պայմանագրեր:
- Միջազգային պայմանագրերի քանակը չի որոշում, այլ դրանց բովանդակությունն է կարեւոր, դրանց կիրառումը: Եթե միջազգային հարթակներում ձեւակերպված համաձայնագրեր, պայմանագրեր կան, ապա դրանց կողմերի միջեւ երկխոսություն է հարկավոր, իսկ եթե կոնվենցիաներ են, ապա որպես հանձնառու պետություն, հստակ հանձնարարականներ են հարկավոր: Եթե այդ ամենը միջազգային ատյաններում համապատասխան տեղ գտնեին, դրանք անպայման մենք եւս կտեսնեինք, ինչը, ցավոք, չենք տեսնում: Բնականաբար, սա բազմաշերտ խնդիր է, այստեղ քանակը որակ չէ, կարեւորը կողմերի հանձնառությունն է, այլ ոչ թե ձեւականորեն թղթեր ստորագրելով` ժամանակ շահելը: Մենք ականատես ենք լինում բանավոր համաձայնությունների հիման վրա թշնամի պետությանը հանձնված տարածքների, ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում դիվանագիտական շրջանակներում: Դա կոչվում է հակապետական գործունեություն, համապատասխան քրեաիրավական հետեւանքներով: Ես մեծ հույսեր ունեմ, որ այդպես էլ կլինի: Այստեղ դիվանագիտությունը խեղելու, սեփական հանձնառությունները եւ ցանկությունները կատարելու փորձ է արվում: Այս ձեռագիրը տեսնում ենք ամենատարբեր դրսեւորումներում:
- Նիկոլ Փաշինյանն ունի՞ իրավունք՝ դիվանագետներին խորհուրդներ տալու:
- Որպես երկրի ղեկավար՝ գուցե այդ իրավունքն իրեն վերապահում է, սակայն իր անձի, քաղաքական գործունեության որակների, յոթ տարվա կառավարման փորձի արդյունքում ստացվում է, որ նա չունի իրավունք: Նրա վարած քաղաքականությունը` ներքին եւ արտաքին հարաբերություններում, դեմ է մեր պետությանն ու պետական շահերին, հետեւաբար՝ նրա խորհուրդները ոչ մեկը ո՛չ ընկալում է, ո՛չ էլ՝ առավել եւս, դրանց լուրջ է վերաբերվում: