Ձերբակալելիս Աղվան Հովսեփյանին անգամ չեն հայտնել, թե ինչում է նա կասկածվում

Ձերբակալելիս Աղվան Հովսեփյանին անգամ չեն հայտնել, թե ինչում է նա կասկածվում

Նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ձերբակալված է: Սա երեկվա գլխավոր իրադարձությունն էր, իսկ գլխավոր հարցն էր՝ ինչո՞ւ հենց հիմա: Հեղափոխությունից հետո Աղվան Գառնիկիչին տարբեր գործերով կանչել են հարցաքննությունների, մասնավորապես, Մարտի 1-ի գործով, սակայն անցած երեք տարիների ընթացքում նրանք երբեւէ քրեական հետապնդման չէին ենթարկել:

Ու հանկարծ ՀՔԾ-ն հայտարարում է ինչ-որ ապացույցների մասին եւ նախկին գլխավոր դատախազին միաժամանակ 4 հոդվածով մեղադրանք է առաջադրում՝ է՛լ ապօրինի ձեռնարկատիրությանը մասնակցելը (ՔՕ 310 հ․), է՛լ կաշառք ստանալը (311), է՛լ խարդախություն (178), է՛լ փողերի լվացում (190): Նկատենք, որ մեղադրանքներն առաջադրվել են այն ժամանակ, երբ Հովսեփյանը սկսեց քաղաքական ակտիվություն ցուցաբերել: Նա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապարանյան հանդիպումների ժամանակ բացեիբաց ուղեկցել էր նրան, նույնիսկ ելույթ ունեցել Քոչարյանի կազմակերպած հավաքներից մեկում: ՀՔԾ-ն էլ, որ կարծես մոռացել էր Գառնիկիչի մասին, անմիջապես վերհիշեց 17 տարվա վաղեմության դեպքերը:  

ՀՔԾ-ն հայտնում է, թե տվյալներ ունի, որ նախկին գլխավոր դատախազը եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը մի շարք ՍՊԸ-ներ է կառավարել, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 մլն ՀՀ դրամ գույքի հափշտակություն: «Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքն օրինականացնելու համար»: 

Ըստ որոշ տեղեկությունների, նրա դեմ ցուցմունքներ են գրել Ղարիբյան եղբայրները՝ Մանվել եւ Վաղարշ: Ինչպես հայտնի է, նրանք համատեղ հիմնադրել եւ կառավարում էին «Շանթ» եւ «Եվրովագեն» ընկերությունները, նաեւ «Շանթ» ռեստորանը: Բայց տարիներ առաջ գժտվեցին եւ դատարաններն ընկան: Եղբայրներից մեկին, ըստ տարածված տեղեկությունների, հովանավորում էր Աղվան Հովսեփյանը, իսկ մյուսը վերջինիս թեթեւ ձեռքով հայտնվել էր իրավապահների ճնշումների տակ եւ սնանկության եզրին:

Սակայն վերջերս, ըստ մեր տեղեկությունների, եղբայրները հաշտվել ու միավորվել են ընդդեմ նախկին գլխավոր դատախազի: Առավոտյան, ձերբակալության պահին, 70-ին մոտ Աղվան Հովսեփյանին անգամ չեն հայտնել, թե ինչում են նրան կասկածում: Քրեական գործը, որի շրջանակներում Գառնիկիչին «փակեցին», հարուցվել էր ավելի վաղ: Բայց դրան թափ են հաղորդել վերջին ամիսներին՝ արտահերթ ընտրություններից հետո:

Մեր աղբյուրը հայտնում է, որ գործում որեւէ դրվագ չկա, որը վերաբերում է Աղվան Հովսեփյանի պաշտոնեական պարտականությունների կատարմանը, ուստի նրա ընկերները վստահ են, որ նախկին «գլխավորին» երկար պահել չեն կարող: 

Սա այն գործերից է, որը հարուցում են ու պահում դարակներում՝ ճիշտ պահին ի հայտ բերելու, երբ անհրաժեշտ կլինի պողպատե մանդատի իմիտացիա ստեղծել: