Վլադիմիր Նաբոկով․ Ածելին

Վլադիմիր Նաբոկով․ Ածելին

Զուր չէ, որ գնդում նրան անվանում էին Ածելի: Այդ մարդու դեմքը զուրկ էր դիմահայաց տեսքից, եւ երբ ծանոթները մտածում էին նրա մասին, ապա կարող էին նրան պատկերացնել միայն կիսադեմով, եւ այդ կիսադեմը սքանչելի էրˋ գծագրական եռանկյան անկյան պես սուր քիթ, արմունկի պես ամուր կզակ, երկարավուն մեղուշ թարթիչներ, ինչպիսիք լինում են համառ եւ դաժան մարդկանց մոտ: Նրա ազգանունն Իվանով էր:

Այդ մականվան մեջ, որ երբեւէ կպցրել էին նրան, տարօրինակ մի պայծառատեսություն կար: Հաճախ է պատահում, որ Շտեյն (գերմ.՝ քար) ազգանունով մարդը դառնում է առաջնակարգ հանքաբան: Եվ կապիտան Իվանովը, մեկ էպիկական փախուստից եւ բազում անհամ դեգերումներից հետո ընկնելով Բեռլին, զբաղվեց հենց այն գործով, ինչը որ հուշում էր նրա վաղեմի մականունըˋ վարսավիրությամբ: Նա աշխատում էր ոչ մեծ, սակայն մաքուր վարսավիրանոցում, որտեղ, բացի նրանից, մազեր կտրում եւ սափրում էին երկու ենթավարպետներ, որ վերաբերում էին «ռուս կապիտանին» զվարթ հարգանքով։ Եվ կար նաեւ տերըˋ խոժոռ մի հաստլիկˋ դրամարկղի բռնակն արծաթահունչ ճռինչով պտտեցնող, եւ նաեւ սակավարյուն, թափանցիկ մի մատնահարդարուհի, որը, կարծես, մարդկային անթիվ մատների դիպչելուց, նրա առջեւ միանգամից հինգ հատով թավշյա բարձիկին պառկած՝ չորացել էր: Իվանովն աշխատում էր գերազանց, միայն որոշակի դժվարությունն իր վատ գերմաներենն էր: Սակայն նա շուտով հասկացավ, թե ինչպես գլուխ հանի, այն է՝ մեկ նախադասությունից հետո  հարցնելˋ «նի՞խտ» (ոչ(գերմ.)), իսկ հաջորդին ˋ «վա՞ս» (ինչ(գերմ.)) եւ նորիցˋ «նի՞խտ», եւ այդպես շարունակ, եւ այդպես մեկընդմեջ: Եվ հրաշալի էր, որ թեեւ նա մազեր կտրել սովորել էր միայն Բեռլինում, նրա շարժուձեւերը ճիշտ այնպիսին էին, ինչպիսին լինում են ռուս վարսավիրների մոտ, որոնք, ինչպես հայտնի է, մկրատով ավելի շատ անտեղի չխկչխկացնում, կափկափում են, նշան բռնում, վերցնում մի մազափնջիկը, մյուսը, եւ դարձյալˋ արագ, արագ, ասես մեքենայորեն, շարունակում օդում սայրեր շրխկացնելը: Նրա գործընկերները նրան հարգում էին հենց այդպիսի կտրիճավարի զրնգոցներ հանելու համար: Մկրատը եւ ածելին, անկասկած, սառը զենքեր են, եւ այդ մետաղական միալար թրթիռը հաճելի էր Իվանովի մարտական ոգուն: Նա հիշաչար եւ խելամիտ մարդ էր: Նրա մեծ, ազնվացեղ, հիասքանչ հայրենիքն ինչ-որ տխուր մի խեղկատակ էր կործանելˋ հանուն սրամիտ մի բառի, եւ նա չէր կարող համակերպվել այդ եղելության հետ: Նրա հոգում, ինչպես ձիգ ոլորված զսպանակում, սեղմվում էր, մինչեւ հարմար առիթը գար, վրեժխնդրությունը:

Մի անգամ՝ սաստիկ շոգ, ամռան գորշակապույտ մի առավոտ, Իվանովի գործընկերները, օգտվելով այն բանից, որ աշխատանքի այդ ժամին հաճախորդներ գրեթե չեն լինում, մեկ ժամով արձակման թույլտվություն խնդրեցին, իսկ տերը, շոգից նվաղելով եւ վաղուց տռփանք հասունացնելով, դժգույնիկ, ամեն ինչի հետ համաձայնող մատնահարդարուհուն լուռ տարավ հետեւի սենյակ: Իվանովը, լուսավոր վարսավիրանոցում մենակ մնալով, աչքի անցկացրեց մի թերթ եւ հետո, ծխելով, ամբողջովին ճեփ-ճերմակ դուրս եկավ շեմ եւ սկսեց դիտել անցորդներին:

Կանգ չառնելովˋ իրենց կապտավուն ստվերների ուղեկցությամբ մարդիկ էին անցնում, ստվերները, կոտորակվելով մայթերին աներկյուղ սահում էին ավտոմոբիլների փայլփլող անիվների տակˋ բարկ ասֆալտին թողնելով ժապավենային հետքեր՝ նման օձերի նախշավոր շապկանց: Եվ հանկարծ մայթից դեպի ճեփ-ճերմակ Իվանովը թեքվեց մարմնեղ, ցածրահասակ մի պարոնˋ սեւ կոստյում հագած, կոտելոկով եւ թեւատակինˋ սեւ թղթապանակով: Իվանովը, արեւից աչքերը թարթելով, կողքի քաշվեցˋ նրան թողեց վարսավիրանոց:

Այդժամ ներս մտնողը միանգամից արտացոլվեց բոլոր հայելիներումˋ կիսադեմով, կիսադարձուկ, հետո՝ մոմափայլ ճաղատով, որից բարձրացավ սեւ կոտելոկը, որ կախվեր սեւ կեռիկին: Եվ երբ պարոնը դեմքով շրջվեց դեպի փայլող, մարմարյա տակդիրներով հայելիները, որոնց վրա ոսկեգույնով եւ կանաչով շողշողում էին սրվակները, Իվանովն ակնթարթորեն ճանաչեց այդ շարժունակ, խորաթափանց աչքերով եւ քթի աջ քիվին ծնված օրվանից պարգեւ ստացած հաստ բշտիկով թմբլիկ դեմքը:

Պարոնն անխոս նստեց հայելու առաջ եւ, ինչ-որ բան մրթմրթալով, բթամատով թփթփացրեց անխնամ այտին, ինչը նշանակում էրˋ սափրել: Իվանովը, ապշանքի ինչ-որ մշուշում, նրան փաթաթեց սավանով, ճենապակյա ամանում տաք փրփուր խփեց, սկսեց փնջիկով սապնել պարոնի այտերը, փքուն կզակը, շրթունքի վերեւը, զգուշորեն շրջանցեց բշտիկը, ցուցամատով  ներմերսեց փրփուրը։ Եվ այդ բոլորը կատարում էր մեքենայորենˋ այնքան, որ նա ցնցված էր այդ մարդուն նորից հանդիպելուց:

Այժմ պարոնի դեմքը, մինչեւ աչքերը, հայտնվել էր սպիտակավուն փրփուրի լմփոշ խյուսում, իսկ աչքերը, ժամացույցի մեխանիզմի պեծպեծուն անվակների պես, պստլիկ եւ փայլուն էին: Իվանովը բացեց ածելին եւ երբ սկսեց այն գոտու վրա սրել, հանկարծ ապշանքից ուշքի գալովˋ զգաց, որ այդ մարդն իր իշխանության տակ է: Եվ թեքվելով մոմափայլ ճաղատի վրայիցˋ նա մոտեցրեց ածելու կապտաթույր սայրն օճառե դիմակին եւ շատ կամաց ասաց.

- Հարգանքներս, ընկեր: Վաղո՞ւց եք Դուք այստեղˋ մեր կողմերից: Ոչ, խնդրում եմ Ձեզ չշարժվել, թե ոչˋ ես արդեն կարող եմ մորթել Ձեզ:

Պեծպեծուն անվակներն արագորեն շարժվելով՝ նայեցին Իվանովի սրատեսք կիսադեմինˋ կանգ առան: 

Իվանովն ածելու բութ մասով հանեց փրփուրի ավելորդ ծվենիկները եւ շարունակեց. «Ես Ձեզ շատ լավ եմ հիշում, ընկեր... Ներեցեք, ինձ տհաճ է Ձեր ազգանունը արտաբերելը: Հիշում եմˋ ինչպես էիք հարցաքննում ինձ Խարկովում, վեց տարի առաջ: Հիշում եմ Ձեր ստորագրությունը, թանկագինդ իմ... Բայց, ինչպես տեսնում եք, ես ողջ-առողջ եմ»:

Եվ այդժամ տեղի ունեցավ հետեւյալը. աչուկներն այս ու այն կողմ փախան ու հանկարծ կիպ փակվեցին: Մարդը աչքերը կկոցեց, ինչպես կկոցել էր այն վայրենին, որը ենթադրում էր, որ փակ աչքերով անտեսանելի է: Իվանովը ածելին նրբորեն սահեցրեց խշխշացող, սառը այտով: 

- Մենք բոլորովին մենակ ենք: Հասկանո՞ւմ եք: Ահա, էսպես չի սահի ածելին, եւ միանգամից շատ արյուն կթափվի: Ահա, այստեղ տրոփում է քներակը: Շատ արյուն, նույնիսկˋ շատ-շատ: Բայց մինչ այդ, ես ուզում եմ Ձեր դեմքը պատշաճ սափրված լինի, եւ բացի այդˋ ուզում եմ Ձեզ ինչ-որ բան պատմել:

Իվանովը երկու մատով զգուշորեն բարձրացրեց նրա քթի մսոտ ծայրը եւ նույն քնքշությամբ սկսեց սափրել շրթնավերեւի տարածքը:

- Գործը, ահա, էսպիսին է, ընկեր. ես լրիվ հիշում եմ, գերազանց հիշում եմ եւ ուզում եմ, որ եւ Դուք հիշեք... Եվ հանդարտ ձայնով Իվանովը սկսեց պատմելˋ դանդաղ սափրելով անշարժ, ներս ընկած դեմքը: Եվ այդ պատմությունը պետք է որ սաստիկ սարսափելի լիներ, քանզի հազվադեպ էր նրա ձեռքը դադար առնում, եւ նա բավականին մոտիկ էր թեքվում պարոնին, որը նստած էր մեռելի պեսˋ սպիտակ սավանով, ուռած կոպերըˋ փակ:

- Ահա եւ ամենը,- շունչ քաշեց Իվանովը,- ահա եւ ամբողջ պատմությունը: Ի՞նչ եք մտածում, ինչո՞վ կարելի է այն քավել: Խոցող սուրն ինչի՞ հետ են համեմատում: Եվ նորից մտածեք. մենք բացարձակապես մենակ ենք, բացարձակապե՛ս մենակ:

- Հանգուցյալներին միշտ սափրում են,- շարունակում էր Իվանովը՝ պրկված այտով սայրը տանելով վարից վեր: Սափրում են նաեւ մահապարտներին: Եվ այժմ ես սափրում եմ Ձեզ: Դուք հասկանո՞ւմ եքˋ ինչ կլինի հիմա:

Մարդը նստել էր անշարժˋ աչքերը չբացելով: Այժմ նրա դեմքից անհետացել էր օճառե դիմակը, փրփուրից հետքեր էին մնացել միայն այտոսկրերին եւ ականջների շուրջը: Այդ լարված, անաչք, տռուզ դեմքն այնպես գունատ էր, որ Իվանովը մի պահ մտածեցˋ նա կաթվածահար չէ՞ արդյոք, բայց երբ ածելու տափակ կողմը հպեց նրա այտինˋ մարդն ամբողջ մարմնով ցնցվեց: Աչքերը, սակայն, չբացեց:

Իվանովն աճապարելով՝ սրբեց նրա դեմքը, փչովի սրվակից դիմափոշի ցփնեց:

- Հերիք է,- հանգիստ ասաց նա:- Ես գոհ եմ, կարող եք գնալ:

Գարշանքով լի հապճեպությամբ նրա ուսերից պոկեց սավանը: Մարդը դեռեւս նստած էր:

- Զարթնի՛ր, ապու՛շ,- բղավեց Իվանովը եւ թեւքերից բռնած՝ նրան վեր հանեց: Սա ամուր փակված աչքերովˋ սրահի մեջտեղում քարացավ: Իվանովը գլխին զոռով հագցրեց կոտելոկը, թղթապանակը խոթեց ափի մեջ եւ նրան շրջեց դեպի դուռը: Միայն այդժամ մարդը շարժվեց, փակ աչքերով կերպարանքն առկայծեց բոլոր հայելիներում. վերացածի պես անցավ շեմը, որ Իվանովը բացել էր, եւ այդ նույն մեխանիկական քայլքով, փայտացած ձեռքով սեղմելով թղթապանակը եւ հունական արձանների աչքերով նայելով փողոցի արեւային պղտորությանը՝ հեռացավ:

Թարգմանությունը՝ Գեւորգ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ