Այս իշխանությունները գերազանցեցին իրենց հայատյացությամբ․ Գ․ Գինոսյան

Այս իշխանությունները գերազանցեցին իրենց հայատյացությամբ․ Գ․ Գինոսյան

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախկին գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ընկերները ստեղծել են հասարակական նախաձեռնությունների ակումբ, որը կրում է «Համակարգ» անվանումը։

«Համակարգի» անդամներից են «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, Արցախյան շարժման ակտիվ մասնակից, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության համահիմնադիր, նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը, հետախույզ Վովա Վարդանովը, «Արմաթ» ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, «Շիրակացի» ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը եւ այլք։

Ակումբի նպատական է ազդել հասարակական-քաղաքական գործընթացների վրա։

Գագիկ Գինոսյանը երեկ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ պարարվեստի դասերի զբաղվածության պատճառով ոչ միշտ է հասցնում մասնակցել քննարկումներին, մոտ երկու շաբաթ չի մասնակցել դրանց և լիարժեք ծանոթ չէ, սակայն ներկայացրեց իր տեսակետները ստեղծված իրավիճակի և անելիքների վերաբերյալ։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ կուսակցություն հիմնեն, Գինոսյանը պատասխանեց, որ ինքն «անկուսակցական տեսակ է» և չցանկացավ բոլորի անունից խոսել։ «Կարծում եմ, որ ահռելի անելիք կա, հատկապես գաղափարական, ռազմական, կրթական դաշտում։ Ե՛վ տնտեսական, և՛ քաղաքական ծրագրեր են մշակվում, որոնք կարող են երկիրն այս վիճակից հանել», - ասաց մշակութային գործիչը։

Ըստ նրա՝ պետք լուրջ կրթական փոփոխություններ լինեն, իսկ թերություններից մեկը նշեց նաև Բոլոնյան համակարգը։

«Ահռելի բաց կա սերնդի դաստիարակության հետ կապված, ազգային մշակույթի հետ կապված, որն իսպառ ոչնչացվում է։ Դա նոր չէ, անկախության բոլոր տարիներին է վերաբերում։ Եվ մենք ինքնաճանչողության խնդիր ունենք, որ բոլոր իշխանությունների օրոք եղել է։ Այս իշխանությունները գերազանցեցին մնացածին իրենց հայատյացությամբ։ Եվ եթե նախորդ իշխանությունները Նժդեհի մասին Ալիևի շուրթերից ֆաշիստ կոչելուն ուղղակի լռակյաց էին արձագանքում, ապա այս իշխանությունների մեջ նաև իրենց կողմից են նման բարձրաձայնումներ լինում, որը բնականաբար չի կարող դրական անդրադարձում ունենալ։ Նախկինները կլինեն, ներկաները կլինեն, ոչ մեկն ազգային նկարագրով ղեկավար չի եղել։ Եվ բոլորը կարող են բարդ երկրի ղեկավար լինել, բայց ոչ Հայաստանի։ Ո՛չ Նժդեհ մերժող Լևոն Տեր-պետրոսյանն է կարող, ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ առավելևս Նիկոլ Փաշինյանը», - ընդգծեց «Կարինի» ղեկավարը։

Գինոսյանի խոսքերով՝ Հայաստանի ղեկավարը պետք է «մինչև վերջին բջիջը հայ մարդ լինի, որովհետև Հայաստան ղեկավարել նշանակում է ամենաբարդ երկիրը ղեկավարել»։

Անդրադառնալով հնարավոր արտահերթ ընտրությունների մասնակցելուն՝ մշակութային գործիչն ասաց, որ անձամբ ընտրությունների չի մասնակցում՝ թեկնածության առաջադրում և այլն։ «Առանց թերագնահատելու քաղաքական գործիչների դերը, պիտի ասեմ, որ մտավորականությունն է մեր հասարակության ճարտարապետը։ Քաղաքական գործիչներն ընդամենն աշխղեկներն են։ Կարծում եմ, որ ինքս չպետք է նման գործընթացների մասնակցեմ։ Իմ կերպարը քաղաքական գործչի կերպար չէ։ Դա հատուկ շնորհներ է ակնկալում, ինչը որ ես չունեմ։ Դրա փոխարեն ես կարող եմ ավելի լուրջ աշխատանք տանել, ինչը որ  պարտավոր եմ անել, ինչը որ արել եմ ու շարունակելու եմ անել», - նշեց նա։

«Ես ավելի շատ հակված եմ տեսլականներ բարձաձայնելու, թե Հայաստանի իշխանությունն ինչպիսին պետք է լինի։ Եվ մարդիկ որ քաղաքական ուժի մեջ դա կտեսնեն, արդեն իրենց ընտրությունը կկատարեն։ Ինձ համար ծիծաղելի կլիներ, որ Կոմիտասն ինչ-որ նախագահի կամ վարչապետի օգտին քվեարկելու կոչ աներ։ Նույնիսկ ինձ համար վիրավորական կլիներ՝ որպես կոմիտասապաշտ մարդու համար», - հավելեց Գագիկ Գինոսյանը։

Իսկ եթե «Համակարգ» նախաձեռնությունը որոշի ընտրությունների մասնակցե՞լ։

«Ես որևէ անձի կոչ չեմ անելու՝ ում ընտրեն, որովհետև կարծում եմ, որ դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ արվեստի մարդու համար։ Մարդիկ գալիս էին համերգ նայելու առանց հասկանալու, որ իրենց ուղեղի լվացք է կատարվում, և արանքում քաղաքական գործիչների բարբաջանքն էին լսում։ Դրա համար էլ էս օրն ենք հասել։ Չեմ ուզում անուններ ասել․ Սովետական Միության Ժողովրդական արտիստը Գագիկ Բեգլարյանի գովքն էր անում, Բեգլարյանի՝ մեկ ամիս քաղաքագլուխ լինելուց հետո ինքն իրեն խայտառակեց, Ժողովրդական արտիստին էլ հետը։ Հարի՞ր է դա հայ արվեստի մարդուն։ Էլ չեմ ասում Կոմիտասը կոչ աներ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կամ Նիկոլին ընտրելու, կաթողիկոս ընտրելու համար։ Կոմիտասը Խրիմյանին պաշտում էր, պատկերացնո՞ւմ եք հանկարծ ասեր․ «Հաջորդ ընտրություններին Խրիմյանին ընտրեք»։ Ես չեմ պատկերացնում։ Կամ որ Թումանյանը կոչ աներ ինչ-որ մեկին ընտրելու։ Այդ տեսանկյունից ես Կոստան Զարյանի, Նժդեհի, Կոմիտասի, Թումանյանի պաշտամունքն ունեցող մարդ եմ, իսկ այդ մարդիկ տվել են ավելի քան օրինակելի դաս, թե ինչպիսին պետք է լինի մտավորականը, հայ արվեստի և գրականության գործիչը», - եզրափակեց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը