Զրո պատասխանատվություն

Զրո պատասխանատվություն

Չնայած կորոնավիրուսի հետ կապված ոչ մի լավատեսություն չներշնչող վիճակագրությանը, այնուամենայնիվ, իշխանությունը գնաց սահմանափակումները հանելու եւ տնտեսական գործունեության շատ տեսակներ թույլատրելու ճանապարհով։ Թույլատրվեցին այն ճյուղերը, որոնք սնում են տնտեսությունը՝ հարկ են վճարում եւ բյուջեի մուտքերն ապահովում։ Փոխարենը՝ մի կարեւոր ոլորտ, որը բացառապես պետական կարգավորման առարկա է, եւ որի գործելն անհրաժեշտ է, որ մյուս ճյուղերը նորմալ գործունեություն ապահովեն՝ տրանսպորտը, չի աշխատելու։ Իսկ դա նշանակում է, որ մարդիկ աշխատավայր հասնելու համար պետք է իրենց կամ գործատուի միջոցներով տեղաշարժվեն, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացնելու։ Չեն աշխատելու նաեւ կրթօջախները։ Այսինքն, չեն կարողանալու աշխատել մանկահասակ երեխա ունեցող մայրերը։ Մանկապարտեզ ու դպրոց չկան, իսկ դայակ վարձելը լրացուցիչ ծախսեր է ենթադրում։ Ստացվեց, որ պետությունը ձեռքերը լվաց ոչ միայն կորոնավիրուսի տարածման համար կրելիք պատասխանատվությունից, այլեւ տրանսպորտի եւ կրթօջախների աշխատանքը կազմակերպելու հոգսից։ Այսինքն, պետությունը հարկերը, վարձերը, տուրքերը կգանձի, բայց այս իրավիճակի վնասները կկրի հասարակությունը՝ շարքային մարդիկ, գործատուները։ Ուսանողներն ու դպրոցականները լիարժեք կրթություն չեն ստանա, բայց ուսման վարձերը կվճարեն, գործատուների եկամուտը կկրճատվի, բայց հարկերի քանակը չի նվազի։ Մարդիկ ոտքով, տաքսիով, սրա-նրա մեքենայով՝ չարչարանքով կհասնեն աշխատավայր, կվտանգեն իրենց առողջությունը, բայց պետությունն այլեւս սոցիալական ծրագրեր չի իրականացնի, որովհետեւ կարանտինը վերացվել է։ Վիրուսի հետ կապված էլ պետությունը պատասխանատվություն չի կրի՝ եթե մարդիկ շարունակեն մահանալ, միայն իրենք կլինեն մեղավորը։