«Հրապարակ». Արամ Վարդևանյանը երեք նոր հայց է գրում

«Հրապարակ». Արամ Վարդևանյանը երեք նոր հայց է գրում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան, ՍԴ դիմելու «չեմպիոն» Արամ Վարդեւանյանը հերթական հայցերն է նախապատրաստում՝ ուղարկելու ՍԴ։ ԱԺ նախագահի ընտրության արդյունքներն ու մյուս հարցերը ՍԴ-ում վիճարկելուց հետո այս անգամ էլ մտադիր է վիճարկել երեք տարբեր օրենքների սահմանադրականության հարցը։ Առաջինը վերաբերում է վարորդների համար խնդիր առաջացնող տուգանային միավորների կամ բալային համակարգի մասին օրենքին, երբ խախտման դեպքում, վարչական պատասխանատվությունից զատ, վարորդներից նաեւ բալեր են հանվում, ինչի հետեւանքով նրանք կարող են զրկվել վարորդական իրավունքից։

Երկրորդը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հարցում են սահմանադրականության հետ կապված խնդիր տեսել եւ դա են փորձելու պարզել ՍԴ-ում։ Երրորդը վերաբերում է դատական տուրքերի շեշտակի բարձրացմանը, ընդ որում՝ այս հարցը դիտարկելու են գնումների ոլորտի հետ փոխկապակցված։ Չորրորդ հայցն էլ է նախապատրաստվում՝ կապված քրեական դատավարության օրենսգրքի հետ, սկսած նրանից՝ դատախա՞զը, թե՞ դատարանը պետք է մեղադրանքը պարզաբանելու գործառույթն իրականացնի։

Ի դեպ, այս խնդիրն առկա է տասնամյակներ շարունակ, եւ մեղադրողին դատավորին հավասարեցնելու ավանդույթը գալիս է դեռ սովետական իրավաբանությունից։ Ըստ Վարդեւանյանի՝ ՍԴ-ն դրա վերաբերյալ երբեք որոշում չի ունեցել։ Պատգամավորը մեզ ասաց, որ այս հայցերից երեքն արդեն ավարտում է, եւ առաջիկա շաբաթվա ընթացքում կուղարկեն ՍԴ։