Իսկ ինչո՞վ է օգնում միլիոնատեր Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պայքարում

Իսկ ինչո՞վ է օգնում միլիոնատեր Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պայքարում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի համար ճգնաժամային այս իրավիճակում բացի ուղերձներ հղելուց, նաեւ տարբեր երկրների առաջին դեմքերի հետ հեռախոսազրույցներ է ունենում: Նախագահը դրանով փորձում է օգնել երկրին, պետությանն ու ժողովրդին կորոնավիրուսի դեմ պայքարում: Բայց շոշափելի արդյունքներ, թե ինչ է արել քիչ լիազորություններ, բայց լայն հնարավորություններ ունեցող Արմեն Սարգսյանը Հայաստանի համար այս դժվարին օրերին, չեն երեւում: Ինչպես քաղաքական հարցերում, այնպես էլ այս իրավիճակում հանրությունը նրանից ռեալ գործնական քայլեր է ակնկալում՝ ուղերձներով սոված ժողովրդին չես կերակրի: Պարզվում է՝ մի գործնական քայլ արդեն իսկ կատարել է նա: Հաջողակ բիզնեսմեն, միլիոնների կարողություն ունեցող Արմեն Սարգսյանը չի ափսոսել եւ իր մի ամբողջ ամսվա աշխատավարձը՝ մոտ 1 մլն դրամ, արդեն իսկ փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված հաշվեհամարին: Ինչ խոսք, առաջին հերոսական քայլն արդեն արված է: Իհարկե, դա նրա ծով հարստության մեջ մի կաթիլ է, բայց նախագահականում համոզված են, որ ամեն մեկը, որ մի-մի կաթիլ ավելացնի ընդհանուր նպատակի համար, հետո դա ծով կդառնա:

Նախագահականից մեզ հուշեցին, որ Արմեն Սարգսյանն այլ հարցերով էլ է փորձում օգտակար լինել երկրին, օրինակ՝ ապրիլի 3-ին տեսակապով զրուցել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների եւ ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանի հետ եւ վերջինիս առաջարկել է Հայաստանի վերաբերյալ տնտեսական զարգացման զեկույցը թարմացնել՝ դրանում ներառելով տնտեսության վրա COVID 19-ի ազդեցությունը, դրա հնարավոր հետեւանքներն ու դրանց հաղթահարման վերաբերյալ առաջարկությունները: Ի դեպ, այդ զեկույցը եւս նախագահի առաջարկությամբ էր պատրաստել ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովը, որ այդ զեկույցով ներկայացվեն Հայաստանում ներդրումային միջավայրը, հիմնական ուղղությունները եւ այլն: Թե ինչ կտանն այս զեկույցն ու նախագահի առաջարկությունը մեզ COVID 19-ի դեմ պայքարի հարցում, մեզ փող կտա՞ն դրա համար, նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանի խոսքից հասկացանք, որ փող չեն տա, այն ավելի շատ խորհրդատվական բնույթ է կրում:

Իսկ էլ ի՞նչ է արել Արմեն Սարգսյանն այս ընթացքում, հանուն Հայաստանի։ «Եթե Դուք նայեք վերջին շրջանի իր հեռախոսազանգերը, դրանք հենց այդ նպատակին էին ուղղված: Այնտեղ Աբու-Դաբիի թագաժառանգի հետ, Քաթարի էմիրի հետ, Իսրայելի նախագահի հետ, Իսրայելի առողջապահության նախարարի հետ… այդ բոլորն ուղղված էին հնարավոր համագործակցությանը եւ հնարավոր օգնությանը, նաեւ Չինաստանի նախագահին ուղղված նամակը: Եթե նայեք, վերջին մի 15 օրը իր բոլոր հեռախոսազանգերն ու ուղերձները նույն բովանդակությունն ունեն, թե ինչով կարող են մեզ օգնել՝ լինի դա պաշտպանիչ միջոցներ, սարքավորումներ, թեստեր եւ այլն»,- ասաց Հասմիկ Պետրոսյանը: Իսկ կա՞ն արդեն արդյունքներ, նշված երկրներն ուղարկե՞լ են օգնություններ, նա դժվարացավ պատասխանել՝ պետք էր ճշտել: Նախագահի հետ ճշտելուց հետո մեզ փոխանցեց, որ արդյունքների մասին կարող ենք խոսել շաբաթվա վերջում, քանի որ այդ ժամանակ կունենան հստակ արդյունքներ: Մնում է հասկանալ, թե կառավարությունն ինչպես է պատրաստվում ռեալիզացնել Արմեն Սարգսյանի գործադրած ջանքերը:

«Քննարկումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը փոխանցվում է կառավարությանը, մասնավորապես՝ առողջապահության նախարարությանը, որը շարունակում է աշխատել արդեն կոնկրետ գործընկերների հետ՝ հստակեցնելով հանրապետության նախագահի ձեռք բերած պայմանավորվածություններից բխող քայլերը եւ գործնական արդյունքների տեսքով ավարտին հասցնելու դրանք: Հանրապետության նախագահի հեռախոսազրույցների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների զգալի մասն այս պահին իրականացման փուլում է։ Ծրագրվում են նաեւ նախագահ Սարգսյանի հեռախոսազրույցները միջազգային այլ գործընկերների հետ»,-ասացին մեզ նախագահականից։

Առհասարակ, նախագահականի կայքը լի է Արմեն Սարգսյանի տարատեսակ հանդիպումների եւ հեռախոսազրույցների մասին հաղորդագրություններով: Օրինակ՝ Գերմանիայի դեսպանի հետ զրույցում առաջարկել է դիտարկել Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը, Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ որոշվել է, որ Ճապոնիան 1000 հատ թեստ կտրամադրի մեզ, եւ այսպես շարունակ: Արմեն Սարգսյանը նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականների հետ է զրուցել հեռախոսով, օրինակ՝ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, պրոֆեսոր Արա Դարզիի, հայտնի գիտնական Յոզեֆ Բաբիկյանի եւ այլոց: Այս ընթացքում Արմեն Սարգսյանը մի երկու անհաջող, անիմաստ եւ, կարելի է ասել, հակահիգիենիկ հանդիպում էլ է ունեցել՝ իր աշխատասենյակում ընդունելով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Քոչարյան Անդոյին եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության հավատարիմ «անկախ» պատգամավոր, դարձյալ իր «հռչակով» հայտնի Բաբաջանյան Արմանին: Միակ «մխիթարանքն» այն է, որ Արմեն Սարգսյանն այս մարդկանց ընդունել է ոչ իր ցանկությամբ, այլ նշյալ անձանց խնդրանքով, եւ, բարեբախտաբար, ձեռքսեղմում տեղի չի ունեցել, նախագահն էլ նստել է նրանցից զգալի հեռավորության վրա: 

Մենք տեղեկություն ունեինք, որ Արմեն Սարգսյանը Հայաստան ներկրվող շվեյցարական հայտնի սնունդ արտադրող «Nestle» ապրանքանիշում բիզնես շահ կամ փայաբաժին ունի: Հարցրինք՝ հնարավո՞ր է, որ նա գոնե «Nestle»-ի միջոցով փորձի օգնել, օրինակ, կարիքավոր ընտանիքներին: Սրան ի պատասխան էլ՝ Արմեն Սարգսյանի կաբինետից ասացին․ «Նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ ստեղծված իրավիճակով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հանրապետության նախագահի աշխատակազմում ընթացքի մեջ են որոշակի սոցիալական ուղղվածության ծրագրեր:

Դրանք նախատեսված են սոցիալապես առավել խոցելի խմբեր ներկայացնող շուրջ 200 ընտանիքների, այդ թվում՝ տարեցների, սահմանամերձ գյուղերի եւ առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար։ Նախատեսվում է ֆինանսական եւ նյութական աջակցություն, համակարգիչներ սահմանամերձ գյուղերի երեխաների համար՝ նրանց հեռահար կրթությանն աջակցելու նպատակով, ինչպես նաեւ սննդամթերքի փաթեթներ»։ Ինչ վերաբերում է «Nestle» ընկերությանը, ապա մեզ պատասխանեցին, որ նախագահ Արմեն Սարգսյանը վաղուց որեւէ առնչություն չունի այդ ընկերության հետ: ««Nestle»-ն համաշխարհային ճանաչում ունեցող խոշորագույն ընկերություն է, որի գործընկերների թվում է նաեւ Սարգսյանների ընտանեկան հիմնադրամը: Նախագահը կարծում է, որ «Nestle»-ն, ինչպես նաեւ շատ այլ ընկերություններ, կդրսեւորեն քաղաքացիական եւ սոցիալական պատասխանատվություն ինչպես իրենց աշխատակիցների, այնպես էլ հասարակության խոցելի խավերի նկատմամբ»,- փոխանցեցին նախագահականից։