Այս պահին Երևանում կա վարձով բնակարանների դեֆիցիտ

Այս պահին Երևանում կա վարձով բնակարանների դեֆիցիտ

Ռուս-ուկրաինական պատերազմն իր ազդեցությունն է ունեցել անշարժ գույքի շուկայի, ինչպես նաև վարձով տների գների վրա: Առաջ, եթե Երևանի ծայրամասերում, օրինակ` Շենգավիթ վարչական շրջանում, Մալաթիա Սեբաստիայում, Նոր Նորքում կարելի էր 60-70 հազար դրամով մեկ սենյականոց բնակարան վարձել, ապա այսօր նման գներով անգամ մարզերում բնակարան երազել չենք կարող:

«Կալիբրի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Ռուստամ Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ թանկացել են թե վարձով և թե վաճառքի համար նախատեսված տները. «Անշարժ գույքի շուկայում ըստ 2022 թվականի վերլուծության թանկացել են բոլոր տեսակ տները: Երևանում բնակարանների մեկ քառակուսի մետրը թանկացել է 15 տոկոսով` 2021 թվականի համեմատ: 2023 թվականի վերաբերյալ դեռևս չկա նման վերլուծություն: Օրինակ, փոքր կենտրոնում` պանելային շենքերի տների մեկ քառակուստի մետրը սկսվում է 2000 ԱՄՆ դոլարից: Նորակառույց շենքերում քառակուսի մետրը սկսվում է 3500-4000 դոլարից: Երևանի ծայրամասերում` օրինակ Շենգավիթ վարչական շրջանում և Մալաթիայում մեկ քառակուսի մետրն արժե 1000 և ավելի դոլար: Մարզերում` հատկապես Երևանին հարակից քաղաքներում` Էջմիածին, Աբովյան, Մասիս բնակարանների գները ևս բարձրացել են: Օրինակ` Աբովյան քաղաքում ծրագիր ենք իրականացնում մեկ քառակուսի մետրը սկսվում է 950 դոլարից»,- նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով վարձով տների գներին  «Կալիբրի» գործակալության տնօրեն Ռուստամ Գրիգորյանը նշեց, որ այս պահին Երևանում կա վարձով բնակարանների դեֆիցիտ. «Առաջարկը քիչ է, ինչը իր հերթին դեֆիցիտ է առաջացրել: Փոքր կենտրոնում` մեկ սենյականոց բնակարանը նորակառույց շենքում սկսվում է ամսական 1000 դոլարից: Հին շենքերում՝ 800 դոլար: Ծայրամասերում ևս գները թանկացել են: 400 դոլարով բնակարան գտնել ծայրամասում գրեթե անհնար է: Մեկ տարվա ընթացքում վարձով բնակարանները թանկացել են 50 տոկոսով: Մինիմալ գինը ցանկացած թաղամասում կտրուկ աճել է», նշեց նա:

Մենք կատարեցինք փոքրիկ ուսումնասիրություն` հասկանալու համար, թե ինչ գներ են այսօր շուկայում: Բնակարանների վարձակալության հայտարարություների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Երևանի կենտրոնում բնակարանների ամսական վարձը 700-ից 2000 դոլար է կազմում։ Կենտրոնից հետո մի փոքր մատչելի են Արաբկիրի բնակարանների վարձակալության գները՝ 600-ից 1200 դոլար, իսկ Երևանի մյուս թաղամասերում դրանք տատանվում են 300-ից 700 դոլարի սահմաններում։