Ես հո անաղուհաց չե՞մ, որ գործարքն անենք, վեր կենամ՝ կաշառքի մասին հայտարարություն տամ
Նոյեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւս որպես մեղադրյալ է ներգրավվել կաշառքի գործով։
Ինչպես հաղորդվեց, գործը հարուցվել է գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա՝ դեռ 3 տարի առաջ։ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը գրել էր․ «Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ասում է, որ Սերժ Սարգսյանին է կաշառք տվել․․․ Երբ ապիկար իշխանությունն ընտրում է մինչեւ վերջ խայտառակվելու ճանապարհը․․․ զավեշտն այն է, որ երեքուկես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով, այսօր «որոշել» են, որ նա նաեւ Սերժ Սարգսյանին է կաշառք տվել, եւ դա այն դեպքում, երբ նույն գործով դեռեւս 2 տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա, եւ մինչ օրս որեւէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել եւ չի ավելացել… Լավ, Սիլվայից բացի ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»։
Սերժ Սարգսյանի թիմակիցները նաեւ հրապարակել էին մի հին տեսանյութ, որտեղ Սիլվա Համբարձումյանին հարցնում են, թե Մայրապետյանից, Բուլկի Արամից բացի այլ մարդու կաշառք տվե՞լ է, նա էլ ասում է՝ ոչ։ Մենք զրուցել ենք Սիլվա Համբարձումյանի հետ։
- ՀՀ 3-րդ նախագահի կողմնակիցները նշում են, թե Դուք ժամանակին ոչ մի խոսք չեք ասել այն մասին, որ Սերժ Սարգսյանին էլ եք կաշառք տվել։
- Չէ, եղել ա։ Ինձ 18 թվին որ տարել են՝ Մարտի 1-ի գործով, էդ ժամանակ գտել էին փոխանցումները եւ նկարներ, էդ ժամանակվանից հետո՝ 18 թվի հոկտեմբերի 2-ից հետո, ինձ այլեւս չեն հարցրել։ Ես ինչ ասել եմ, էդ օրն եմ ասել։ Փաստերով իմ դեմն են բերել, ես ասել եմ։ Ես Մարտի 1-ով ի՞նչ կապ ունեի, ստիպված ես պետք է ասեի էդ բոլորը։ Ես եթե բողոքող լինեի, նախապես կբողոքեի։ Ես չեմ բողոքել, բայց երբ փոխանցումները գտել են՝ Մայրապետյան Սամվելի, այնտեղից ամեն ինչ հանել էին։
- Այսինքն՝ Սամվել Մայրապետյանի ու Ռոբերտ Քոչարյանի գործո՞վ է եղել Սերժ Սարգսյանի կաշառքը։
- Այո, այդ ժամանակ։ Դրանից հետո այլեւս չեն կանչել։
- Բայց Սերժ Սարգսյանի կողմնակիցները գրում են, որ Դուք նախկինում նման բան չեք ասել։
- Ես պահել եմ, մանրամասն բացատրել եմ, որ սենց, սենց, սենց։ Կարծեմ՝ կրկեսից մի քիչ վերեւ մի լրատվամիջոց կար՝ Առեւտրի պալատ էր, ինչ էր, հենց այդ շենքում։ Հենց այդ պահին ասվել է ամեն ինչ։ Դրանից հետո ինձ էլ չեն կանչել։
(2019թ․ Սիլվա Համբարձումյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր․ «Քանի որ Բաղրամյան 26-ը տեղյակ չէր գործարքի մասին, անմիջապես ինձ զրկեցին լիցենզիայից»։ Ապա «Ազատության» մեկնաբանը գրել էր․ «Հենց այս նույն՝ «Լիճքվազ-թեյ» ոսկու հանքի թեմայի շրջանակներում Սիլվա Համբարձումյանը Սուրիկ Խաչատրյանից բացի նաեւ Սերժ Սարգսյանի անունն էր շոշափում եւ ընդգծում, որ շուտով նրա մասով նույնպես հայտարարություն կանի»):
- Բայց ստացվում է, որ դրանից 3-4 տարի հետո օգտագործում են Ձեր ցուցմունքը՝ հարմար քաղաքական պահին։
- Չեն օգտագործում, իրենք մինչեւ չեն պարզաբանում, չեն ասում։ Իսկ Քոչարյանինն այն ժամանակ հստակ երեւում էր՝ փոխանցումը։ Իսկ էս դեպքում ամբողջ շարժը նայում են, հետո փաստերով ապացուցվում է, նոր անում են։ Փաստեր կան։ Ես նորից եմ ասում, ես իմ կյանքում մենակ Բուլկու գործով եմ բողոքել, որտեւ մեծ էր՝ 14 միլիոն։ Ու ինձ տնից տարել էին Մարտի 1-ի համար։ 2018 թվի կա՛մ հոկտեմբերի 2-ն էր, կա՛մ 6-ը։
- Ո՞վ էր տարել՝ քննչական մարմիննե՞րը։
- Այո, բերման էին ենթարկել։
- Ուզում եք ասել, որ եթե բերման չենթարկեին, չէի՞ք հայտնի։
- Չէի հայտնի, որովհետեւ դա գործարք էր եղել, ավարտվել էր։ Ես հո անաղուհաց չե՞մ, որ գործարքն անենք, վեր կենամ, նորից հայտարարություն տամ։ Ես տենց մարդ չեմ։
- Փաստորեն, 3 տարի առաջվա Ձեր ասածները նոր են ջրի երես հանել։
- Այո, այնտեղ առերեսումներն էլ են եղել, իրենք էլ են հստակ անուններ տվել, ում հետ ես առերեսվել եմ։ Նրանք էլ են անուն տվել, նենց որ՝ մենակ իմը չէ։ Հետո՝ Բաղդասարովի նյութերն էլ կան, հո մենակ իմը չէ՞։ Ես երկուսի հետ եմ առերեսվել, բայց մեկը մեկի հետ առերեսվում էր։
- Դուք ո՞ւմ հետ եք առերեսվել։
- Չեմ կարող ասել, քննչական գաղտնիք է։ Միայն կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանի հետ չեմ առերեսվել։
- Իսկ սպասվո՞ւմ է։
- Ես չգիտեմ։ Անկեղծ եմ ասում, 18 թ․ հոկտեմբերից ինձ այլեւս չեն կանչել։ Էդ օրը գիշերվա 12-ից գիշերվա 1-ը եղել եմ, դրանից հետո էդ գործով չեն կանչել։
- Իսկ ո՞ւմ միջոցով եք փոխանցել գումարը։
- Չեմ կարող անուններ տալ, ես ստորագրություն եմ տվել։ Ես իմ ելույթներից մեկի ժամանակ էլ եմ ասել, որ ես ստորագրություն ունեմ, որ անուններ չեմ կարող տալ։
- Մարդիկ այնքան էլ չեն հավատում Ձեր կաշառք տալուն, ասում են՝ էլ մարդ չմնաց․․․
- Ղալաթ են անում, չեն հավատում։ Ո՞վ չի հավատում․․․ լրագրողները չեն հավատում, որոնց իրենք կաշառում են։ Կարայի՞նք էն թվերին գործ անեինք՝ առանց որեւէ մի բան տալու։ Մարդ «կռիշ» չի՞ ունենում, մարդ տենց ա առաջ գնում։
- Բայց չե՞ք ափսոսում այդ գումարները։ Ես 14 միլիոն դոլար ունենայի, կյանքում կաշառք չէի տա։
- Եթե գործի մեջ լինեիր, կտայիր, ազիզ ջան, եթե մտածում ես, որ դրանով կարող ա ավելի շատ ունենաս։ Դա գործարք է։ Բիզնեսն էլ նարկոմանիայի նման մի բան է։
- Իսկ հիմա կաշառք հեչ չե՞ն պահանջում։
- Աբսալյուտնը։ Սա ոսկի դարաշրջան է բիզնեսի համար եւ բոլոր բաների։
- Ահավոր գնաճ, սննդամթերքը ժամ-ժամի է թանկանում, մարդիկ աղքատության մեջ են։
- Չէ, իջել ա, շաքարավազը ես տեսա․․․
- Ձեթը թանկացել է 100 տոկոսով, միսը, կարագը․․․
- Էդ իշխանությունը չէ, նրանք, ովքեր ներմուծում են, էդ պատվերը կատարում են, որ ժողովուրդն էդ գնաճի վրա վեր կենա, գնա փողոց։ Ժողովրդին չեն կարում հանեն տներից, սկսեցին դրա վրա խաղալ։ Էդ հին մարդիկ են, հների կադրերն են, որ գումարներ են ուզում ավելացնել՝ նրանց ցուցումով, որ ժողովուրդը դուրս գա։ Բայց ժողովուրդն այլեւս դուրս չի գա։ Էդ գնաճն էլ շուտով կիջնի։ Այն մութ, վատ տարիներին ես բիզնեսի մեջ եմ եղել, ժողովուրդն ավելի լավ էր ապրում։ Հետո սկսեց վատ ապրել, եղածը ծախեցին․․․ հետո կաշառքն էն ժամանակ բոլորն էին վերցնում, եւ շրջանառությունը կատարվում էր։ Իսկ հիմա ես անձամբ․․․ գիտեք՝ հյուրեր շատ եմ ունենում։ Իմ տան կողքին՝ էս ոտքի ճանապարհին ուր գնում ես, հյուրանոցները՝ լիքը, ռեստորանները՝ լիքը։ Ստիպված քաղաքից դուրս ենք գնում։ Այսինքն՝ շարժը շատ մեծ է։
- Դուք մի ժամանակ 2 թիկնապահ ունեիք, լսել եմ՝ հիմա 4-ն են արդեն, Ձեր անվտանգության ծառայությունն ավելացե՞լ է։
- Նույն քանակությամբ է իմ անվտանգությունը, չի ավելացել։
- Կա՞ էլի մարդ, ում կաշառք եք տվել, կարո՞ղ է էլի բաներ պարզվեն ապագայում։
- Չէ, ես․․․ շուտով էլի մի բան կպարզվի, երբ մուտք անեմ, խոստանում եմ՝ առաջինը քեզ եմ ասելու։
- Նորի՞ց կաշառք։
- Չէ, ուրիշ բան է։ Վաղը փաստաբանը կավարտի էդ գրությունը, մուտք կանեն, անմիջապես կհայտարարեմ, որ հանկարծ տակով չլինի։
Կարծիքներ