Երեկ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սարգիս Հովհաննիսյանը նշանակվեց ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետ։ Նա ամիսներ առաջ նշանակվել էր ՊՊԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար, թեեւ այս ծառայությունում էր աշխատում դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից։ Նրան օրեր առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալագիր տվեց։
Մենք տեղեկացանք, որ նշանակման նախօրեին միջադեպ է եղել՝ ողջ աշխատակազմի աչքի առաջ Հովհաննիսյանն ապտակել է նույն ծառայության «Ալֆա» խմբի պետին՝ փոխգնդապետ Արմեն Ավակիմովին։ Պատճառը եղել է այն, որ Ավակիմովը նրան «չեստ» չի տվել, քանի որ արդեն ազատված է եղել աշխատանքից։ Ավելի ճիշտ՝ տեղափոխվել է ԱԱԾ դպրոց։ Իսկ նախօրեին գնացել է հին աշխատավայր՝ վերջնահաշվարկը ստանալու, այդ ժամանակ էլ տեղի է ունեցել միջադեպը։
Մեզ հետ զրույցում Ավակիմովը հաստատեց, որ տեղափոխվել է այլ աշխատանքի, եւ հրաժարվեց հարցերի պատասխանելուց․ «Եկեք՝ ես Ձեր հարցերին չպատասխանեմ, դրա անհրաժեշտությունը չկա»։ Երբ շարադրեցինք հարցը՝ միջադեպի հետ կապված, ասաց․ «Եթե պետք լինի, որ ինչ-որ բան գրվի, ես կկապվեմ Ձեզ հետ, կպատմեմ»։