Պրիմիտիվ ծրագիր

Պրիմիտիվ ծրագիր

Բարդ ծրագիր չէ այս իշխանության մշակած եւ հետեւողականորեն իրականացվող ծրագիրը: Մի կողմից՝ հեծանիվ քշել, ցուցահանդեսներ ու փառատոններ կազմակերպել, մարզեր այցելել, դպրոցականների հետ խարույկների շուրջ նստել ու նրանց անմեղ հարցերին պատասխանել, ուրախ-զվարթ դեմքով շրջել երկրով մեկ` սեփական տեսքով իսկ փորձելով ներշնչել հասարակությանը, որ ամեն ինչ ընտիր է. երկիրն անվտանգ է, եւ բնականոն կյանքը շարունակվում է, իսկ տագնապի ու անհանգստության ոչ մի կարիք չկա` մի լսեք Ալիեւին եւ մի հավատացեք մեր գլխին կախված վտանգների մասին ահազանգող մարդկանց: Դրանք հեքիաթներ ու չարախոսություններ են, Ալիեւի զառանցանքներն ու հինգերորդ շարասյան հորինվածքները:

Մյուս կողմից` կադրեր հանել-նշանակել, էներգետիկ համաժողով, «Նորարարության ու տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» (WCIT), «ԴիջիԹեք» էքսպոներ, «Գիտության շաբաթ» կազմակերպել, «Լավագույն գրադարան», «Հաջողակ կին գործարար» մրցույթներ հայտարարել, Երեւանում ընդունել ԱՊՀ դատախազներին ու վարչապետներին: Նաեւ, իհարկե, ինչ-որ դրամաշնորհներ բաշխել իշխանության հանդեպ չեզոք մարդկանց` խրախուսելով նրանց լոյալությունը: Ինչ-որ գյուղերի սուբսիդիաներ տալ, մի քանի փողոցում ասֆալտ անել:

Մի խոսքով, ձեւացնել, թե ամեն ինչ հրաշալի է` ոչինչ էլ չի եղել: Մի Արցախ էր` տվեցինք-պրծանք, հանգիստ ապրում ենք: Տավուշից մի կտոր ուզեցին` տվեցինք, առաջիկայում մի քանի բան էլ կուզեն` կտանք: Ասենք՝ որ Ջերմուկում ու Սեւ լճում են նստած Ալիեւի զինվորները, ո՞ւմ են խանգարում: Ոչինչ, որ նրանք Հայաստանում վերաբնակվելու ծրագրեր են կազմում, Արցախի հայկական հուշարձաններն են ավերում, Արցախի գործիչներին նոր մեղադրանքներ են առաջադրում: Կարեւորը՝ որ Հայաստանում «կյանքը շարունակվում է»: