Եթե երկրորդ նախագահն ասել է, որ ինքը մասնակցելու է ու կրելու է, նշանակում է՝ մասնակցելու է ու կրելու է

Եթե երկրորդ նախագահն ասել է, որ ինքը մասնակցելու է ու կրելու է, նշանակում է՝ մասնակցելու է ու կրելու է

Քաղաքական ուժերը տարատեսակ կոնսուլտացիաների մեջ են։ Մի մասը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբելու է մարդկանց ու արտահերթ ընտրության էլ չի գնում, մյուս մասը կարծում է՝ առանց նրան իշխանությունից վռնդելու, չի կարելի գնալ ընտրության։ Բայց անգամ ընտրությունները մերժողները քննարկումների մեջ են։ Մի խոսքով՝ խառը, անորոշ վիճակ է բոլոր քաղաքական ուժերի մոտ։ Նրանցից մեկն էլ Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» կուսակցությունն է, որը նույնպես այս օրերին կոնսուլտացիաների մեջ է։ Խոսվում է, որ Քոչարյանի դաշինքով է գնալու ընտրությունների։ «Ամեն ինչ խոսակցությունների մակարդակով է, առայժմ որեւէ վերջնական որոշում չունենք կայացրած, դեռ չենք քննարկել էդ հարցը, որովհետեւ թերահավատորեն ենք վերաբերվում էս իշխանությունների կողմից բերված ցանկացած օրակարգի։ Մենք ունենք մի օրակարգ, այն է՝ սա պետական դավաճան է, հանձնել է Արցախը, զոհել է 10 հազար եւ ավելի մեր քաղաքացիներին ու պետք է դատվի»,- ասաց Արթուր Ղազինյանը։

- Բայց Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող որոշ ուժեր Ձեր նշած այդ պետական դավաճանի հետ այսօր բանակցում են, որ նրա առաջարկած օրակարգով գնան ընտրությունների։

- Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր կուսակցական օրակարգը եւ հետագայում նաեւ կրում պատասխանատվություն իր կողմից կատարած գործողությունների կամ անգործության համար։  Ես կխոսեմ մեր կուսակցության անունից, մենք կխոսենք բացառապես այն մասին, ինչով մենք զբաղվում ենք եւ ինչ նպատակ մենք ունենք։

- Ի դեպ, Դուք վերջին շրջանում կարծես պասիվացրել էիք Հայրենիքի փրկության շարժման հետ շփումները, հանրահավաքներին մասնակցությունը։

- Չէ, իրականում ես եղել եմ գրեթե բոլոր միտինգներին, որպես մասնակից՝ կանգնած եմ եղել հրապարակում, մասնակցել եմ բոլոր տեսակի բողոքի ակցիաներին եւ իմ մասնակցությունն եմ բերել պետական դավաճանի դեմ կազմակերպվող ցանկացած ակցիային։

- Փաստորեն, շարժումը տապալվեց կամ առնվազն չհաջողեց, չկարողացավ հասնել իր նպատակին, Բաղրամյան պողոտան էլ բացեցին։

- Տեսեք, շարժումն ուներ նվազագույն շեմ եւ ուներ առավելագույն շեմ։ Նվազագույն շեմին մենք կարողացանք հասնել, ցույց տվեցինք, որ այսօր Հայաստանի իշխանության գլխին կանգնած են պետական դավաճաններ, հանցագործներ, որոնք պետք է «ա» տարբերակով՝ հեռանան, «բ» տարբերակով՝ ձերբակալվեն եւ ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Ամեն մեկը դրել է իր նշաձողը եւ հետամուտ է լինում իր կողմից դրված նշաձողի պրակտիկ իրականացմանը։ Բայց ասել, որ Հայրենիքի փրկության շարժումը ձախողվել է, ես համաձայն չեմ։

- Այդ դեպքում որտե՞ղ է հաջողել Հայրենիքի փրկության շարժումը։

- Հաջողվել է հասնել նրան, որ այսօր, ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ իր խմբի, բոլորի ու մեր ժողովրդի մեծամասնության աչքին մենք այլեւս ունենք պետական դավաճանի եւ հանցագործի, որն արդեն արձանագրվել է, որն արդեն հաստատվել է, իրավաբանական ամբողջ հանրույթը տվել է իր կարծիքը եւ մեկ ձայնով արտահայտել է պետական դավաճանության մասին, քաղաքական իմաստով եւս արձանագրված է, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, հայրենիքի դավաճան է։

- Բայց դա փողոցում չի զգացվում, որ ժողովուրդն էդպես է մտածում։

- Դուք, որ մի փոքր սպասեք, քանի որ հիմա արդեն, զգալով իրավիճակի լրջությունը, իշխանությունները գնացին ինքնավնասման, դա հենց, կասեի, ընտրությունների կազմակերպման օրակարգն է, ցանկացած ելքով՝ ընտրություն կլինի, թե չէ, դա, ամեն դեպքում, այս իշխանությանը բերելու է կործանման։ Սա հենց Հայրենիքի փրկության շարժման ճնշման արդյունքում տեղի ունեցավ։

- Դուք պատրա՞ստ եք մասնակցել ընտրություններին Ձեր նշած «պետական դավաճանի» առաջ քաշած օրակարգով։

- Թող հարցը որոշակիանա, ես ասում եմ՝ թերահավատ եմ եւ չեմ վստահում Հայաստանի պատմության մեջ ամենաստախոս, կեղծարար եւ խաբեբա մարդու կողմից բերված որեւէ օրակարգի։ Չունեմ վստահություն, չունեմ հավատ։ Որ օրը հրաժարական կտա, երկու անգամ չի ընտրվի, նոր կխոսենք ընտրությունների մասին։

- Բայց արդեն խոսվում է, որ քաղաքական ուժերը կոնսուլտացիաների մեջ են, այդ թվում՝ Դուք, եւ հիմնականում խոսվում է Քոչարյանի շուրջ դաշինք ձեւավորելու մասին, եւ Դուք եւս նման քննարկումների մեջ եք։

- Տեսեք ինչպես է՝ մենք ունենք քննարկումներ, մեր քաղաքական ընդդիմադիր բեւեռի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ պարբերաբար շփումների, քննարկումների, հանդիպումների տեսքով։ Որեւէ վերջնական որոշում չունենք, արդեն ասացի՝ այս պահին լուրջ չենք ընդունում իշխանությունների ընտրությունների օրակարգը։ Բայց, բնականաբար, շփումներ կան, քննարկումներ կան, բոլոր հնարավոր սցենարները քննարկվում են մեզ համար, եւ մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման սցենարի։

- Ռոբերտ Քոչարյանը, սակայն, հայտարարել էր, որ ինքը մասնակցելու է ընտրություններին եւ կրելու է։ Դուք հավանական համարո՞ւմ եք, որ կմասնակցեք հենց Քոչարյանի հետ, կամ գուցե Ձեր կուսակցությունը պլատֆորմ կհանդիսանա Քոչարյանի համար։

- Եթե երկրորդ նախագահն ասել է, որ ինքը մասնակցելու է ու կրելու է, նշանակում է՝ մասնակցելու է ու կրելու է, ուրիշ բան չեմ կարող ասել։ 

- Դուք կլինե՞ք նրա կողքին՝ դաշինքով կամ որեւէ այլ ձեւաչափով։

- Դեռեւս որոշում չկա, ընթանում են քննարկումներ, զրույցներ, մտքերի փոխանակություններ, իրավիճակի գնահատականներ։ Որ պահին որոշակիություն կլինի, անպայման այդ մասին կհայտարարենք։