Հասարակություն

Ովքեր են գրական մրցույթի ժյուրիի անդամները

Ովքեր են գրական մրցույթի ժյուրիի անդամները

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ճեմասրահում տեղի կունենա «Կողբ» հիմնադրամի և «Մարտական եղբայրություն» միաբանության կողմից իրականացվող ԿԱՄՔ Վ․ Սարգսյան գրական երկրորդ մրցույթի մրցանակաբաշխությունը։

Ելույթով հանդես կգան մրցութային հանձնաժողովի անդամներն ու հյուրերը, հաղթողներին կհանձնվեն մրցանակներն ու դիպլոմները։ Նկատենք,, որ լավագույն ստեղծագործությունների համար սահմանվել են հետևյալ մրցանակները.

1-ին մրցանակ՝ 700,000 ՀՀ դրամ
2-րդ մրցանակ՝ 500,000 ՀՀ դրամ
3-րդ մրցանակ՝ 300,000 ՀՀ դրամ
Հատուկ մրցանակ՝ 300,000 ՀՀ դրամ

Մրցույթի հեղինակ, ժյուրիի անդամ քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե քանի՞ գրող է դիմել մրցույթին մասնակցելու համար, ի՞նչ ստեղծագործություններ են դրանք և ովքե՞ր են ժյուրիի կազմում: Աբրահամյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ մրցույթի ժյուրիի կազմում հետևյալ անձինք են՝ Լեռնիկ Դալլաքյանը, Հասմիկ Հակոբյանը, Ալբերտ Մկրտչյանը, Կարինե Խոդիկյանը, Գեմաֆին Գասպարյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Կարեն Անտաշյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։ Ժյուրիի նախագահն է Արամ Սարգսյանը, որն ուղիղ կապ և առնչություն ունի Վազգեն Սարգսյանի հետ:

Տեր-Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց. «Երկրորդ տարին է, ինչ այս մրցույթը կազմակերպում ենք, ամեն ինչ նույնն է, պարզապես այս տարվա պահանջներն են մի փոքր այլ: Նախորդ տարի պարտադիր էր, որ պատերազմի մասնակիցները գրեին պատերազմի մասին, այս տարի փոխվել է պահանջը, մասնակիցները պատերազմի մասնակիցներ են, բայց թեման պարտադիր չէ, որ պատերազմը լինի: Թեպետ կրկին մեծ մասը պատերազմի մասին են գրել: Այս տարի ստացել ենք 46 նյութ, նախորդ տարի` 60-ից ավել: Նյութերը բավականին որակյալ են, կան գեղարվեստական գործեր, վավերագրություն` օրագրերի տեսքով, ստացել ենք անգամ պիես, կինոսցենար, ցավոք, մեկ հատ էլ ռազմական վերլուծություն ենք ստացել, որտեղ հեղինակը փորձում է պարտության պատճառները վերլուծել: Մրցույթը կրկին Վազգեն Սարգսյանի անունով է: Քանի որ սպարապետը եղել է նաև գրող, այդ պատճառով նրա եղբորն ընդգրկել ենք կազմում, որպես ժյուրիի նախագահ: Վազգեն Սարգսյանի եղբայրն է, մրցույթն էլ սպարապետի անունով է: Սա է ողջ էությունը: Գրական մրցույթ է սա` ռազմական թեմայով: Նախորդ տարի մասնակիցերից մեկը պատերազմի մասնակցի քույր էր, այլ ոչ թե մասնակից, բայց այնքան լավ էր գրել, որ չէինք կարող նրան մրցանակ չտալ, սակայն չէինք կարող նաև ընդգկրկել այն երեքի կազմում, դրա համար շնորհեցինք պատվավոր մրցանակը: Նման դեպքերի համար ենք հատուկ մրցանակը նախատեսել: Նախորդ տարվա նյութերի հիման վրա ցանկանում ենք ժողովածու պատրաստել, որպեսզի հրապարակենք: Այս տարի էլ նույնը կանենք: Դեռևս նախորդ տարվանը կտպագրենք, հետո կանցնենք այս տարվան: Մարտական եղբայրության կոնցեպցիայի մեջ մենք կարևորում ենք նաև մշակույթը, որովհետև եթե դու պետություն ես, դրա մեջ մտնում է նաև մշակույթը: Մշակույթն էլ է մեր գործը, դա էլ է բխում պետության շահերից: Երբ երկրում պատերազմ է տեղի ունենում, գրականությունն ու արվեստը դրան անպայման պետք է անդրադառնան, պետությունը պարտավոր էր դրա մասին մտածել, բայց քանի որ չարեց, մենք ենք դա անում: Համակարգված մոտեցում չի ցուցաբերվում», - եզրափակեց Տեր-Աբրահամյանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image