«Հրապարակի» զրուցակիցը տուրիզմի փորձագետ, Բրյուսովի և Տնտեսագիտական համալսարանների տուրիզմի դասախոս Վլադիմիր Գևորգյանն է:
- Պարոն Գևորգյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս լսել է Զբոսաշրջության կոմիտեի հաշվետվությունը, որտեղ նրան ներկայացրել են, որ մեր երկրում տուրիզմի ոլորտը ծաղկում է, այցելուների թիվն աճում է, մեծ գումարներ են զբոսաշրջիկները մեր երկրում ծախսում և այլն: Որպես ոլորտի մասնագետ` ի՞նչ կասեք, իսկապե՞ս զբոսաշրջությունը սրընթաց առաջընթաց է ապրում:
- Պետք է նշել, որ ներգնա զբոսաշրջության հետ կապված Հայաստանն իսկապես ունի թվերի ավելացում, արդեն հատել ենք 2 միլիոն զբոսաշրջիկի շեմը, բայց ամեն դեպքում պետք է նշել է, որ նրանք ոչ թե զբոսաշրջիկներ, այլ ուղղակի այցելուներ են: Այդտեղ շատ կարևոր տարբերություն կա և մենք պետք է կարողանանք մեկը մյուսից տարբերել:
- Ինչպե՞ս տարբերել, ինչի՞ համար:
- Այցելուների մեջ կազմակերպված տուրիզմի բաղադրիչը կազմում է ընդամենը 5 տոկոս: Ի՞նչ է կազմակերպված, կամ խմբային տուրիզմը: Այն ենթադրում է զբոսաշրջային ընկերությունների միջոցով տվյալ երկիր ժամանող զբոսաշրջիկներ: Պետք է նշել, որ Հայաստանում կազմակերպված տուրիզմի բաղադրիչը բավականին ցածր է, որովհետև գերակշռում են ինդիվիդուալ տուրիստները: Պետք է նշել, որ երկու միլիոնից ավելի այցելուների շեմն արձանագրվել է Ռուսաստանում տեղի ունեցող պատերազմով պայմանավորված: Ռուսաստանի Դաշնությունից այլ երկրներ չվերթները սահմանափակ են, շատ քիչ երկրներ կան, որ կարող են ՌԴ-ի քաղաքացիներն այցելել: Շատ հաճախ հենց ռուսներն այլ երկրներ գնում են Հայաստանի միջոցով: Մեկ-երկու օր, կամ մի քանի ժամ մնում են Հայաստանում և Հայաստանից գնում են իրենց նախընտրած երկիրը: Երկու միլիոնից ավել այցելուների մեջ ներառված են նաև այս մարդիկ: Պետք է նշել նաև, որ ինդիվիդուալ տուրիզմը պետական բյուջեի առումով գուցե օգտակար է, որովհետև այդ ժամանակ տուրիստներն օգտվում են հիմնականում հանրային սննդի օբյեկտներից, տարբեր գիշերակացներից, օբյեկտներից, ինչպես նաև տրանսպորտային ծառայություններից: Եթե զբոսաշրջիկը չի օգտվում տուրիստական ընկերություններից, առաջ են գալիս բազմաթիվ ռիսկեր` մատուցված ծառայության որակից սկսած, մինչև ազգային անվտանգության հետ կապված հարցեր: Շատ դեպքերում տուրիստներն օգտվում են չորակավորված գիդերի ծառայություններից, օգտվում են ոչ բարվոք վիճակում գտնվող տրանսպորտային ընկերություններից և շատ դեպքերում զբոսաշրջիկներն ունենալով վատ փորձառություն, Հայաստանի մասին տարբեր հարթակներում շատ վատ են արտահայտվում:
- Իսկ ազգային անվտանգության խնդիրը ո՞րն է:
- Ազգային անվտանգության խնդիրն էլ վատ կրթություն ստացած ու որակավորում չստացած գիդերի կողմից մատուցվող ծառայություններն են, երբեմն մենք բախվում ենք այնպիսի դեպքերի, որ գիդերն այնպիսի պատմություններ, պատմական փաստեր են պատմում զբոսաշրջիկներին, որ ոչ մի աղերս չեն ունենում իրականության հետ, անգամ դեպքեր ենք ունեցել, որ գիդերը պատմել են ռազմական կարևորության դիրքերի մասին, զորամասերի մասին ինֆորմացիա են տրամադրել և այլն: Հայաստանում առհասարակ կայուն զբոսաշրջությունը նվազել է, որովհետև այն հիմնական երկրներից, որտեղից տուրիստներ էինք ունենում, այս պահին Հայաստանն ընկալվում է որպես վտանգավոր երկիր` պատերազմի վտանգով պայմանավորված: Դեսապանատների կողմից էլ հրապարակումներ են լինում, որ անգամ որոշ երկրների Արտաքին գործերի նախարարություններ Հայաստանը նշում են կարմիր գծերով, որպես վտանգավոր երկիր, իսկ այդ ամենը զբոսաշրջիկներին այնուամենայնիվ հեռու է պահում Հայաստանից:
- Իսկ Ռուսաստանից Հայաստան տեղափոխված անձանց ինչո՞ւ է վարչապետը համարում զբոսաշրջիկ:
- Այն ռուսները, ովքեր այստեղ մշտական բնակություն են հաստատել, աշխատում են և այլն, բնականաբար չի կարելի անվանել տուրիզմ, իսկ նրանք էլ, ովքեր գալիս են որոշ ժամանակով, չեն համարվում կազմակերպված տուրիզմի կրողներ: Ինչու, որովհետև նրանք իրենց սեփական միջոցներով են կառուցում իրենց «տուրը»: ՄԱԿ-ի տուրիզմի ասոցիացիայի համաձայն տուրիստ է համարվում նա, ով տվյալ երկրում բնակվում է 180 օրից պակաս: Մարդիկ, ովքեր արդեն երկու տարուց ավելի է, ինչ Հայաստանում են, բնականաբար տուրիստներ չեն:
- Այդ խորհրդակցության ժամանակ նաև պնդել են, թե մեկ տուրիստը նախորդ տարիների համեմատ այժմ ավելի շատ գումար է ծախսում: Բայց չէ՞ որ դա մեր երկրում առկա թանկացումներով է պայմանավորված:
- Այսօր թեպետ զբոսաշրջիկների պահանջմունքները մեծացել են, սակայն ամեն դեպքում ունենք այլ գործոններ` թանկացումներ և դրամի արժեվորում: Տուրիստական փաթեթները նույնպես թանկացել են: Դրան զուգահեռ էլ ընդհանուր գնաճ կա: