ԼՀԿ պատգամավորները հրավիրվել են ՀՔԾ

ԼՀԿ պատգամավորները հրավիրվել են ՀՔԾ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը այսօր հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն՝ Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով բացատրություններ տալու: ՀՔԾ-ում ինչպես հայտնի է այս միջադեպով նյութեր են նախապատրաստվում:

Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց Սարգիս Ալեքսանյանը: Ըստ տեսանյութի՝ նշված երկու պատգամավորները խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի ակտիվ մասնակիցներից էին, որոնք հետ են քաշում Էդմոն Մարուքյանի վրա թիկունքից հարձակված եւ գլխից բռնած իմքայլական Վահե Ղալումյանին, իսկ վերջինիս գետնին տապալվելուց հետո նրան ըստ տեսանյութի՝ ոտքով փորձում են հարվածել:

Սակայն Սարգիս Ալեքսանյանը մեզ փոխանցեց, որ իրենք ոչ թե հարվածել են, այլ ընդամենը թույլ չեն տվել «հետագա զարգացումներ»։

«Տեսանյութից ակնհայտ երեւում է, որ մենք Ղալումյանին հետ ենք քաշել, որ չշարունակի ու ստում են նրանք, ովքեր ասում են, թե ոտքով հարվածել են: Ես քիչ առաջ քննչական մարմնում էլ բացատրություն տվեցի, եւ համոզված եմ, որ որոշ ժամանակ հետո եզրակացություն կլինի ու կսպասեմ տիկին Մակունցի ներողությանը՝իմ եւ պարոն Այվազյանի անունը անհարկի շահարկելու համար: Ես չեմ հարվածել, ընդամենը պաշտպանել եմ պարոն Ղալումյանին, որ հրմշտոցի ժամանակ ոտքի տակ չընկնի, եթե ուշադիր եք նայել,  հետեւից հրում էին: Ես ինձ թույլ չէի տա ընկածին խփել»:

Հիշեցնենք, որ Իմ Քայլի ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանի ամբիոնից առաջարկ հնչեցրեց ԼՀԿ-ի երեք պատգամավորներին վայր դնել մանդատները, խոսքը նշված երկուսի եւ Էդմոն Մարուքյանի մասին է, միայն այդ դեպքում իրենց մանդատներից կհրաժարվեն նաեւ Սասուն Միքայելյանը՝ միջադեպի հերոսը, եւ կողքից Մարուքյանին ապտակած Արտակ Մանուկյանն ու Վահե Ղղալումյանը: