Դեռեւս 1.5 տարի առաջ իշխանությունները դատական համակարգում դատավորների առանձին խումբ ստեղծեցին, որոնք իրավաբանական հանրության շրջանում ստացան «կալանք տվող» դատավորներ անունը։ Այս դատավորները պետք է քննեին մինչդատական վարույթին առնչվող հարցերը, այսինքն՝ կալանքի միջնորդությունները, ձերբակալությունների իրավաչափության հարցերը, խուզարկության թույլտվություններ տային եւ այլն, մինչ այդ նման լիազորություն վերապահված էր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ ցանկացած դատավորի։ Ի դեպ, իրավաբաններն այդ դատավորներին կոչեցին ոչ թե «կալանք քննող» դատավորներ, այլ «կալանք տվող» դատավորներ, քանի որ ի սկզբանե էլ իրավաբանական հանրությունն ահազանգում էր, որ այս դատավորներն առանձնացվել են, որպեսզի քաղաքական իշխանության կամքով մեղադրյալներին կալանք տան՝ նույնիսկ եթե կալանքի համար բավարար հիմքեր չկան։
Շուրջ 1.5 տարի առաջ Բարձրագույն դատական խորհուրդը սկսեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրումը, որոնք պետք է քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթներն իրականացնեին, դատական վերահսկողության գործերի եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման միջնորդությունները քննեին: Սակայն իշխանություններն անցալ տարվա վերջին որոշեցին լուծարել իրենց իսկ ստեղծած դատարանը, եւ երեկ հայտնի դարձավ, որ կալանք տվող 14 դատավորից 12-ն ուղարկվել են դատավորների ռեզերվ՝ հետագայում դատավորի պաշտոնի նշանակվելու հույսով։ Մյուս երկուսը՝ Արմեն Պողոսյանը եւ Սասուն Մխիթարյանը, մասնակցել են ԲԴԽ-ում որակավորման մրցույթին, որը հաղթահարել են եւ եթե ԲԴԽ-ի կողմից անցկացվող հարցազրույցն էլ հաղթահարեն, ապա կվերանշանակվեն դատավորի պաշտոնում։
Թե՛ Արմեն Պողոսյանը, թե՛ Սասուն Մխիթարյանը դատավոր են դարձել 2021 թվականին։ Դատական համակարգի պաշտոնական կայքում Սասուն Մխիթարյանի կենսագրականում ընդամենը նշված է, որ նա ծնվել է 1978 թվականին, իսկ 2021 թվականին դարձել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Նրա մասին կենսագրական այլ տվյալներ չկան։ Արմեն Պողոսյանն էլ նախկինում դատախազ է եղել, պաշտոնավարել է Լոռու մարզի դատախազությունում, որպես դատախազ՝ 2 անգամ պարգեւատրվել է մեդալով, սակայն որպես դատավոր՝ ունի -4 վարկանիշ, ինչը, բնականաբար, դատավորի համար ցածր վարկանիշ է։ Արդյունքում հերթական անգամ ականատես եղանք, որ իշխանությունների կողմից արդարադատության ոլորտում «աննախադեպ բարեփոխում» հռչակված հերթական փոփոխությունն ուղղակի ձախողվեց, իսկ մարդիկ, որոնք դատավորի կարիերա էին ցանկանում սկսել, մնացին կեսճանապարհին։