«Հրապարակ»․ Ովքեր են ցուցմունք տվել Հրանտ Բագրատյանի դեմ

«Հրապարակ»․ Ովքեր են ցուցմունք տվել Հրանտ Բագրատյանի դեմ

Փաշինյանի քննչական կոմիտեի շոշափուկներն ի վերջո հասան պրոֆեսոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին։ Նրա դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել` մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածով՝ «Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»։

Հրանտ Բագրատյանն այս գործի մասին խոսելն անգամ իր պատվից ցածր է համարում։ Ընդամենը հորդորում է իրեն դիմող լրագրողներին, որ իր գործով դատը նոյեմբերի 10-ին է, ժամը 16։00 Երեւանի դատարանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի նստավայրում։ Քննչական կոմիտեն նախկին վարչապետի դեմ վարույթով ընդամենը մի քանի օր է զբաղվել` 1 շաբաթում գործն ուղարկվել է դատարան։ 

Դատավորը Մանվել Շահվերդյանն է, որը քննում էր վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի եւ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր գործը: Նրա որոշմամբ էր զոհվածի մայրը կալանավորվել։ Հրանտ Բագրատյանի դեմ երկու անձ է ցուցմունք տվել, երկուսն էլ ոստիկան են, ինչը նշանակում է, որ կարող է խախտվել նախկին վարչապետի արդար դատաքննության իրավունքը։ 

Մենք ծանոթացանք մեղադրական եզրակացությանը եւ լսեցինք այն ելույթը, որը մեղադրանքի հիմքում է դրված։ Այդ ելույթում, որը հնչել է 2023 թ. «Միասին » հասարակական շարժման կազմակերպած ապրիլի 4-ի հանրահավաքում, Բագրատյանը շնորհակալություն է հայտնում միտինգի կարգուկանոնն ապահովող ոստիկաններին։ Իրավապահներին դուր չեն եկել Բագրատյանի ելույթի հետեւյալ հհատվածները․«Այստեղ խոսք գնաց, թե ինչու եք Արցախը ճանաչում։ Արդյոք դա դրությունը չի սրի։ Երեկ չէ մյուս օրը խոսել եմ Արցախի հետ։ Այնտեղ գետինը չորանա, սկսվելու է պատերազմ։ Արցախն իր փոքրիկ բանակով իրեն դեռ պահում է։ Այդ պատերազմի ժամանակ մենք պետք է օգնության հասնենք, բայց մենք մի հատ պրոբլեմ ունենք՝ Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք պետք է հեռանան։ Մենք ունենք վախկոտ, Ցռան Վերգո իշխանություն, որը գաղտնի պայմանավորվածություններ ունի թուրքերի հետ», - ասել է Բագրատյանը։

Սա միակ հատվածն է, որում հիշատակվում է Նիկոլ Փաշինյանի անունը: Սակայն, ինչպես տեսնում ենք, այստեղ չկա բռնության որեւէ կոչ։ Առհասարակ կոչ չկա, բայց կա կանխատեսում, որն ինչպես միշտ, իրականացավ՝ սեպտեմբերի 19-ին Արցախում պատերազմ սկսվեց։ Ոստիկաններից մեկը՝ Հենրի Պետրոսյանը, իր ցուցմունքում որպես հանդիմանանք Բագրատյանի դեմ, գրել է` «ամբոխը ծափահարում էր Բագրատյանին», որը, հավանաբար, քննիչի կարծիքով` կոնկրետ գործողություն է` ընդդեմ իշխանության։ Ոստիկանը նշել է նաեւ, որ հավաքը գլխավորել է Հրանտ Բագրատյանը, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ «Միասին» շարժումն ուներ տասից ավելի անձանցից բաղկացած համակարգող խորհուրդ։ 

Երկրորդ վկան՝ Արթուր Սաքունցը, որը ձեզ ծանոթ իրավապաշտպանի ազգանվանակիցն է ընդամենը, իր ցուցմունքում մեջբերել է ելույթի տնտեսագիտական հատվածը, որտեղ նա ցուցանիշներ ներկայացնելով, բացատրում է, որ մահացությունը աճել է։ «Այս երկրում միշտ ծնվում էր մոտ 40 հազար մարդ, մահանում՝ մոտ 25 հազար։ + 15 հազար ունենալով, շատ դժգոհ էինք։ Էս երկու տարում անընդմեջ մահանում է 36 հազար մարդ, այդ թվերի մեջ ներառված չեն քովիդն ու զոհվածները։ Ունենք 36 հազար մահ, 35- 36 հազար ծնունդ․․․Վերացրեք այդ մարդու․․․ վերացրեք այդ իշխանությունը», - ասում է նա, սակայն վերացնել բառի տակ թե ինչու են բռնության կոչ տեսել` պարզ չէ։ 
Ահա այսպես են գործեր կարում ընդդիմության վրա։ Քննչական կոմիտեն լրագրողական հարցումներին չի պատասխանում, հավանաբար, իրենք էլ են գիտակցում, թե ինչ ամոթալի գործ են անում։