Ինչ արժեն Մարիամ Փաշինյանի «Մանոլո Բլանիք» կոշիկները

Ինչ արժեն Մարիամ Փաշինյանի «Մանոլո Բլանիք» կոշիկները

Ամբողջ քաղաքը նախատոնական կորպորատիվների մեջ է, մարդիկ փորձում են անցյալ տարվա տեղն էլ հանել՝ ոչ մի բանում իրենց չզսպելով: Այս տոնախմբությունների շքերթի մեջ հատկապես աչքի են ընկնում մեծ կազմակերպությունները: «Դիջիթեյնը», որտեղ աշխատում է Նիկոլ Փաշինյանի դուստրը, ևս տարեվերջյան փարթի է արել, անգամ մանկական Եվրատեսիլի հաղթող Մալենան է ելույթ ունեցել միջոցառմանը: Ասում են՝ «Դիջիթեյնի» կազմը երկար և շատ մանրակրկիտ պատրաստվել է, սրտատրոփ սպասել, իսկ առաջին դուստրն էլ՝ հատուկ ջանասիրությամբ: Մարիամ Փաշինյանը նկարներ է հրապարակել իր տոնական տեսքով, ու, անկեղծ, ոչ մի խնդիր չէր լինի այդ նկարների մեջ, եթե չլիներ մի փոքրիկ «բայց»:

Այն, որ երիտասարդ աղջիկը թե գեղեցիկ հագնվելու, թե գեղեցիկ շպարվելու, թե գեղեցիկ նկարներ անելու իրավունք ունի անքննելի է, բայց հեղափոխության առաջնորդի, ժողովրդի միջից դուրս եկած և ժողովրդի պես զրկանքներով ապրող առաջնորդի դուստրը այս նկարներում «Մանոլո Բլանիք» աշխարհահռչակ բրենդի կոշիկներով է: Ով չգիտի՝ ինչ է «Մանոլո Բլանիք», մի փոքրիկ էքսկուրս։

Այս անգլիական բրենդը էքսկլյուզիվ և շատ թանկ կոշիկների արտադրող է, այնքան էքսկլյուզիվ, որ 2000-ակաների ամենահայտնի սերիալի՝ «Սեքս մեծ քաղաքում»-ի գլխավոր հերոսուհին պատրաստ էր կյանքին հրաժեշտ տալ, բայց պատրաստ չէր բաժանվել Մանոլոյի զույգից: Հիմա հարց՝ որտեղից է Երևանում ապրող և աշխատող երիտասարդ  աղջնակին այդքան գումար Մանոլո Բլանիքի վերջին հավաքածուի այս մոդելը գնելու համար: Կասեք՝ լավ, իսկ ինչ արժի այդ կոշիկը, հիմա ասեմ. Մանոլոյի պաշտոնական կայքում առանց առաքման արժեքը 795 ֆունտ ստերլինգ է, ինչը համարժեք է 497 հազար 164 դրամի, ինչքան է հարկավոր վճարել առաքման համար` դժվար է ասել, քանի որ գինը կախված է նրանից, թե ինչքան արագ առաքում է անհրաժեշտ: Իսկ այն խելոքների համար, որ հիմա նյութի տակ մեկնաբանություն կգրեն, թե հնարավոր է՝ չինական ռեպլիկա է (կեղծված), ասեմ․ որ ռեպլիկա կրելը ոչ միայն պատվաբեր չէ, այլ նաև կարող է հանգեցնել տարբեր անախորժությունների, մինչև պաշտոնական ընկերության կողմից դատարան դիմելը: 

Ստացվում է, որ հեծանիվով աշխատանքի գնացող և պարգևավճարներով մի կերպ ծերը ծերին հասցնող իշխանությունը գնում է այն նույն ճանապարհով, ինչ գնում էին նախկի թալանչիները, իսկ եթե չկա տարբերություն, ինչու՞ վճարել ավելին: