Քաղաքագետներ Սուրեն Սահակյանի եւ Արեգ Քոչինյանի միջեւ հաղորդումից հետո ծեծկռտուք է եղել
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ մի քանի օր առաջ «Հանրային հեռուստաընկերության» բակում տհաճ միջադեպ է եղել` միմյանց քաշքշել, վիրավորել են քաղաքագետներ Սուրեն Սահակյանը եւ Արեգ Քոչինյանը, որոնք հրավիրվել էին Հ1` բանավիճելու: Միջադեպն այնքան սուր է եղել, որ դեպքի վայր են ժամանել անգամ իրավապահները։ Ծեծկռտուքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միջադեպի երկու մասնակիցներն էլ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։
Սուրեն Սահակյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, նա ասաց, որ ծեծկռտուքի պատճառը հեռուստատեսության եթերում, բանավեճի ժամանակ Արեգ Քոչինյանի կողմից իր հասցեին արված վիրավորական արտահայտություններն են եղել։ «Արեգ Քոչինյանի կողմից անհանդուրժողական մթնոլորտ կար, ագրեսիվ վարք, երբեմն նաեւ վիրավորում էր ինձ, հետեւանքն էլ դա եղավ»,-ասաց Սահակյանը։
Փորձեցինք լսել նաեւ Արեգ Քոչինյանի տեսակետը, բայց նա զանգերին չպատասխանեց։
Քաղաքագետներն իրար հետ լեզու չեն գտել «Հ1»-ի՝ «Տարբեր կարծիքներ Տաթեւ Դանիելյանի հետ» հաղորդման ժամանակ, երբ քննարկել են արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ուղիները։ Մի հատված քաղաքագետների ուղիղ խոսքից.
Սուրեն Սահակյան․ «Երեք տարի այսպիսի քաղաքականություն վարելուց հետո Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանը ուզում է հարձակվել, բա տենց պիտի լիներ, էս քաղաքականությունը դրան էր տանում, պետք է բալանս ապահովեր»։
Արեգ Քոչինյան․ «Մի րոպե էլի, հարգելի բանախոսը չի հասկանում անգամ իմ ու իր ասածի տարբերությունը։ Ես ասում եմ՝ բալանս հնարավոր է ապահովել հետեւյալ տրամաբանությամբ՝ զինված ուժերը բերել այն մակարդակի, որ մեզ հետ կռվել թանկ լինի։ Սա անելու համար մեզ պետք են նաեւ ռեֆորմներ զինված ուժերում․․․Ձեռ առնել, ասել, որ 5 տարի է խոսում եք խաղաղության թղթապանակից, ես էլ կարամ Ձեր ամեն միտքը ձեռ առնեմ։ Դիրքավորվել այնպես, իբր բոլորը սուտասան են, իսկ դուք` Դ` Արտանյանը, մենակ Դուք եք ճիշտ ասում, տենց ճիշտ չի»։
Ս․ Սահակյան․ «Դե կարող ա տենց էլ կա, բայց ես Դ` Արտանյանը չեմ»։
Արեգ Քոչինյան․ «Տենց չի կարա լինի, որովհետեւ Դուք էդ մարդը չեք»․․․
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին. «Հանրային հեռուստաընկերությունում երկու անձանց միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»։
Կարծիքներ