Ես ազատվել եմ իմ դիմումի համաձայն․ Առողջապահական գործակալության պետ

Ես ազատվել եմ իմ դիմումի համաձայն․ Առողջապահական գործակալության պետ

Երեկ երեկոյան «Հրապարակին» տեղեկություններ հասան այն մասին, որ Առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանին կանչել են առողջապահության նախարարություն ու հաղորդել, որ ազատված է աշխատանքից։ Նա վերադարձել է գրասենյակ եւ աշխատակիցներին տեղեկացրել, որ այլևս չի գալու աշխատանքի ու հավելել է, որ ամենայն հավանականությամբ բժշկական ապահովագրության ոլորտում կանցնի աշխատանքի։

Մենք այսօր կապ հաստատեցինք Ահարոն Բարսեղյանի հետ՝ ճշտելու համար աշխատանքից ազատման պատճառները, ինչին ի պատասխան ասաց, որ աշխատանքից ազատվել է իր սեփական նախաձեռնությամբ։

«Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել՝ ես աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն, որի մասին ես նախարարին տեղեկացրել էի դեռևս 15-20 օր առաջ»,-ասաց Բարսեղյանը։

Հարցին, թե ո՞րն է եղել աշխատանքից հեռանալու պատճառն, ասաց, որ անձնական պատճառներ ունի՝ չմանրամասնելով, թե դրանք ինչ պատճառներ են։ «Բացառում եմ ցանկացած գործնական պատճառ»,- շեշտեց Բարսեղյանը։

Հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է զբաղվելու, ասաց, որ իր անձնական գործերով, իսկ թե ինչ բնույթ է կրելու նոր աշխատանքը՝ գերադասեց դեռևս չասել, միայն նշեց, որ առաջարկները բավականին շատ են, բայց այս փուլում դեռևս չի որոշել, թե ինչով է շարունակելու զբաղվել։ Սակայն հաստատ է, որ առողջապահության ոլորտում է լինելու աշխատանքը։
Ասում են՝ բժշկական ապահովագրության ոլորտում եք աշխատելու, պատասխանեց․ «Որևէ նման առաջարկ չունեմ, բայց միևնույն ժամանակ չեմ էլ կարող բացառել»։