21 բացօթյա եւ առցանց ներկայացում՝ «Արմմոնո» փառատոնում

21 բացօթյա եւ առցանց ներկայացում՝ «Արմմոնո» փառատոնում

«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի նվիրված է հայ մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի 85-ամյակին, կանցկացվի օգոստոսի 1-10-ը: Համավարակով պայմանավորված՝ այս տարի փառատոնի շեշտադրումները փոխվել են, որոշ ծրագրեր վերանայվել: Ստեղծված իրավիճակում փառատոնն այս տարի արտերկրից դերասանների չի հյուրընկալի: Փոխարենը փառատոնի առցանց տիրույթը կլինի գերհագեցած. կցուցադրվեն օնլայն ներկայացումներ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Լիտվայից, Ուկրաինայից:

«Որոշ ներկայացումներ, որոնք շատ թանկ էին ինձ համար, եւ ցանկանում էի, որ անպայման ցուցադրվեին, չեն լինի՝ պայմանավորված համավարակով: Օրինակ՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Լեհաստանից նախագծեր պետք է լինեին: Հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք հնարավորություն կունենանք դրանք այստեղ դիտելու»,- նշել է «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։

Այս տարի նախատեսված 21 ներկայացումից 7-ը միջազգային ծրագրերի գործերն են, որոնց Հայաստանի հանդիսատեսը հնարավորություն կունենա հետեւելու «Արմմոնո» փառատոնի «Ֆեսյբուք» սոցիալական ցանի էջում: Մնացած 14 ներկայացումը բեմադրվում է Հայաստանում՝ հայ հեղինակների ստեղծագործությունների հիման վրա: Քանի որ ներկայացումները լինելու են բացօթյա, հետեւաբար, որոշակի քանակությամբ հանդիսատեսի ներկայություն է նախատեսված։ «Բացօթյա ներկայացումներին ներկա կլինի մի քանի հանդիսատես, որպեսզի դերասան-հանդիսատես կապը չտուժի»,- նշել է Մխիթարյանը եւ հավելել, որ նրանք, ովքեր չեն կարողանա ներկա լինել, կկարողանան հետեւել առցանց:

Փառատոնի շրջանակներում կլինեն նաեւ մարզային ներկայացումներ՝ Գորիսում, Կապանում, Վանաձորում, Աբովյանում։ Իսկ փառատոնը կմեկնարկի Հրանտ Մաթեւոսյանի «Գոմեշը» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ, որի բեմադրիչը եւ դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանն է։