Լիկբեզ

Լիկբեզ

Երբեմն ստիպված ենք պարզունակ խորհուրդներ տալ, որոնք, թվում է` չափահաս մարդուն տալ չի կարելի, որովհետեւ նա դրանք վաղուց պետք է իմանար: Եվ այսպես. քանի դեռ մարդու հանցանքը հաստատված չէ դատավճռով, նա անմեղ է, ուստի նրան չի կարելի հանցագործ անվանել եւ զրկել քաղաքացիական իրավունքներից: Քանի դեռ մարդը հանցագործ չէ, դատապարտված չէ, զրկված չէ Սահմանադրությամբ սահմանված քաղաքացիական որեւէ իրավունքից, նա կարող է առաջադրվել եւ ընտրվել ընտրովի մարմիններում: Այդ պարագայում նրա ընտրվել-չընտրվելու ճակատագիրը որոշում է բացառապես ընտրողը` իր քվեով: Նույնիսկ ամենավարկաբեկված եւ հանցավոր անցյալով անձը, եթե նրա դատվածությունը մարված է, կարող է առաջադրվել եւ ընտրվել պատգամավոր կամ համայնքապետ:

Եթե դու 7 տարում չես կարողացել մարդկանց հանցանքն ապացուցել, հարուցածդ բոլոր գործերը` անգամ քաղաքական անասելի ճնշման պայմաններում, չեն ավարտվել մեղադրական դատավճիռներով, դու իրավունք չունես այդ մարդկանց հանցագործ, թալանչի, խաբեբա, անգամ` առնետ անվանել: Նրանք քեզ հավասար իրավունքներ ունեն, եւ նրանց ճակատագիրն այս պարագայում որոշելու է ժողովուրդը: Այն ժողովուրդը, որի մասին ասում ես, որ ինքն է քեզ իշխանության բերել, ինքն է իշխանության աղբյուրը: Եվ որքան էլ դա քեզ տհաճ լինի` յուրաքանչյուր անձ Հայաստանի Հանրապետությունում կարող է կուսակցություն բացել, քաղաքական գործունեությամբ զբաղվել, առաջադրվել, մասնակցել ընտրությունների, հաղթել եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ձեւավորել: Բոլոր պետություններում էլ քաղաքական ուժերը մե՛կ գործող իշխանություն են, մե՛կ «նախկին» են, բայց ոչ մեկի մտքով չի անցնում առանց դատ ու դատաստանի նրանց հանցագործ անվանել եւ արգելել, որ նորից ձգտեն իշխանություն դառնալ: