Թուրքիան ամենաչբավարարված կողմն է եւ դրա համար էլ Ադրբեջանին դրդում է շարունակել

Թուրքիան ամենաչբավարարված կողմն է եւ դրա համար էլ Ադրբեջանին դրդում է շարունակել

«Հրապարակի» հարցազրույցը Քնեսեթի նախկին պատգամավոր, «Հայաստան-Իսրայել» միջազգային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերի հետ


- ՀՀ առաջին նախագահը կոչ արեց Իսրայելի մտավորականությանը՝ իրենց ձայնը բարձրացնել եւ ճնշում գործադրել, որպեսզի Իսրայելը դադարեցնի Ադրբեջանին զենք վաճառելը։

- Դուք իրավիճակը, թերեւս, մի քիչ շուռ տվեցիք։ Մի քանի օր առաջ Երուսաղեմի համալսարանի պրոֆեսորների մի խումբ Իսրայելի ղեկավարությանը բաց նամակ էր հղել, որում ասվում էր, որ պետք է առժամանակ դադարեցնել զենքի մատակարարումները։ Եվ դա Տեր-Պետրոսյանի պատասխանն էր իսրայելական մտավորականությանը ու նրա արձագանքը։ Մանավանդ, որ Իսրայելում շատ-շատերը չեն պաշտպանում այն որոշումները, որոնք ընդունում է Իսրայելի կառավարությունը։ Բայց եթե անկեղծ՝ մենք սրանից այնքան էլ չենք զարմանում, որովհետեւ Իսրայելի այսօրվա ղեկավարությունը քիչ է մտածում իր երկրի ժողովրդի մասին, ուր մնաց թե՝ ուրիշների։

- Զենքի վաճառքի թեմայով, բացի գիտնականներից, երկրում կա՞ ներքաղաքական, ներհասարակական դիսկուրս։ Այս հարցը քննարկվո՞ւմ է, օրինակ, իսրայելական մամուլում։

- Այո։ Այս մասին գրվում է, եւ ես անձամբ, հայկական որոշակի շրջանակների խնդրանքով, իրականացնում եմ իսրայելական պարբերականների մոնիթորինգ ու այն ներկայացնում անգլերենով։ Խոսքն այնպիսի թեմաների մասին է, ինչպիսիք են՝ Իսրայելում ապրող հրեաների վերաբերմունքն այս ամենին, ինչպես են Հայաստանում սրան վերաբերվում։ Բացի այդ, կան բազմաթիվ խմբեր, ստորագրահավաքներ՝ զենքի վաճառքի դադարեցման վերաբերյալ։ Եվ ամենահստակն այս առումով «Հրեայի սիրտը» հասարակական կազմակերպության դիրքորոշումն է, մեկ էլ՝ «Իսրայելի արդարության վերին ատյանը», որը վերջին ընտրություններին մասնակցեց, բայց խորհրդարան չանցավ։ Այն դատի է տվել Իսրայելի պաշտպանության նախարարին՝ պահանջով, որ Իսրայելը դադարեցնի սպառազինությունների մատակարարումն Ադրբեջանին։ Եվ, այո, այդ քննարկումն Իսրայելում տարբեր հարթակներում ընթանում է։

- Որքան ինձ հայտնի է, Իսրայելի պաշտոնական շրջանակներն այս առնչությամբ, ինչպես ամերիկյան ֆիլմերում, ասում են՝ «սա սոսկ բիզնես է»։ Իրո՞ք բիզնես է, թե՞ կան այլ՝ թուրք-ադրբեջանա-իսրայելական հետաքրքրություններ։

- Ոչ, չկան այդպիսիք։ Իսրայելն այսօր Թուրքիայի հետ ունի վերջին 30 տարիների իր ամենավատ հարաբերությունները։ Ինչ վերաբերում է սպառազինություններին, ապա ասեմ, որ պարբերաբար լինում եմ Հայաստանում, հանդիպում տարբեր գերատեսչություններում մարդկանց հետ։ Այսպես ասեմ․ մենք վաղուց Հայաստանին առաջարկել ենք, որ գնեն ինչպես նույն այդ իսրայելական անօդաչուները, այնպես էլ այլ սպառազինություններ, ինչից Հայաստանը հրաժարվեց՝ ասելով, որ իրենց պետք չէ, որ իրենք հարցերը սեփական ուժերով են լուծում։ Այնպես որ, մեզ մոտ այնպիսի հոսանք չձեւավորվեց, որ այս կողմին պաշտպանենք, այն կողմին՝ ոչ։

- Հայաստանը ՌԴ-ից այդ սպառազինությունները գնում է արտոնյալ պայմաններով ու ոչ շուկայական գներով։

- Հնարավոր է։ Կամ միգուցե Հայաստանին, որը ՀԱՊԿ անդամ է, ասել են՝ ինչո՞ւ գնել այլ տեղերից, գնեք մերը։ Սա միանգամայն հնարավոր է, ուղղակի ուզում եմ ասել, որ ինչպես մի կողմին է առաջարկվել, այնպես էլ՝ մյուս։ Վերջերս մեզ մոտ բացվեց Հայաստանի դեսպանատուն, եւ շատ ափսոսում եմ, որ դեսպանին հետ կանչեցին, որը մեկ ամսում, ի դեպ, կարանտինի պայմաններում, շատ բան հասցրեց անել։ Եվ եթե նման դեսպանատուն մի 10 տարի առաջ բացվեր, ապա կարծում եմ՝ մենք իրար շատ ավելի լավ կհասկանայինք, եւ այս հարցը նման սրություն չէր ստանա։

- Բայց հիմնական շեշտադրումն այն չէ, որ Հայաստանը չի գնում իսրայելական զենքը, այլ այն, որ Իսրայելը չվաճառի Ադրբեջանին։ Իրատեսական համարո՞ւմ եք, որ ձեր իշխանությունները կանսան այդ կոչերին։

- Նախ, մի կողմից ցավ եմ ապրում, որ այս իրավիճակում Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրը համագործակցում է եւ նրանց ինչ-որ տեխնիկա է մատակարարում։ Ի դեպ, հստակ ոչ ոք չգիտի, ուղղակի ինքնաթիռները ժամանում են ու մեկնում, ու մենք չգիտենք՝ դրանց ներսում ինչ է, եւ դրա մասին կարելի է սոսկ ենթադրություններ անել։ Բայց, մյուս կողմից, Իսրայելը միջազգային որեւէ պայմանագիր չի խախտում։ Ի վերջո, այդ երկրին սպառազինություններ վաճառելու որեւէ էմբարգո չկա։ Եթե լիներ, նույն վայրկյանին Իսրայելը կդադարեցներ։ Խոսքը հումանիտար մոտեցման մասին է․․․

- Այո, նաեւ բարոյական՝ այն շեշտադրմամբ, որ հրեաները ցեղասպանություն վերապրած ժողովուրդ են։

- Դե․․․ եկեք, երբ ամեն ինչ խաղաղվի, այս թեման հետո քննարկենք։ Բայց մի բան կարող եմ ասել․ հավատացնում եմ, որ Արցախի նախագահի այն հայտարարությունից հետո, որ Իսրայելը մասնակցություն ունի հայ ժողովրդի ցեղասպանությանը, մեր հարաբերությունները հաստատ չեն լավանում։ Իհարկե, հասկանում եմ զենքը ձեռքին Արցախի հողը պահող նախագահի էմոցիոնալ վիճակը, ապրեն՝ հերոսներ են, բայց բարձրագույն պաշտոնատար անձը պետք է շատ զգույշ արտահայտվի նման հարցերի շուրջ խոսելիս։ Նաեւ՝ որովհետեւ միշտ պետք է տարբերակել ժողովրդին ու իշխանություններին։ Նորից եմ ասում՝ սուր իրավիճակ է, դրա համար առաջարկում եմ Ցեղասպանության մասին խոսել հետո եւ առանձին։

- Մոսկվան մտահոգված է Թուրքիայի՝ Հարավային Կովկաս ներխուժելու կապակցությամբ։ Բայց հայկական քաղաքագիտական շրջանակներում կան մտահոգություններ, որ թուրքերի հետ եւս ՌԴ-ն ինչ-որ կուլիսային խոսակցություններ է վարում կամ նրանց ներգրավում ինչ-որ գործընթացների մեջ։ Ինչո՞ւ են թուրքերը մատների արանքով նայում ՌԴ անհանգստություններին։

- Ռուսաստանը շատ ավելի մեծ հաճույքով կհետեւեր Թուրքիայի չներգրավմանը՝ ցանկանալով խնդրով զբաղվել միանձնյա։ Տեսեք․ միակ կողմը, որն իրապես շահագրգռված է պատերազմական գործողությունների շարունակությամբ, Թուրքիան է, քանի որ, մեծ հաշվով, Թուրքիան չհասավ նրան, ինչ ցանկանում էր՝ ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահության, եւ նաեւ նրանք վշտացան, երբ հայտարարվեց կրակի դադարեցման մասին։ Այնպես որ, Թուրքիան ամենաչբավարարված կողմն է եւ դրա համար էլ Ադրբեջանին դրդում է շարունակել։ Ռուսաստանը, մի կողմից, չի ցանկանում, որ Թուրքիան հայտնվի Հարավային Կովկասում, առավել եւս՝ իր սահմանների մոտ, քանի որ այնտեղ թուրքերի հետ միասին հայտնվել են մահմեդական ահաբեկիչներ իր՝ Դաղստանի սահմանների մոտ, որը կարող է մեկ վայրկյանում բռնկվել, եւ մյուս կողմից՝ վախենում է Թուրքիայի հետ շատ փչացնել այն հարաբերությունները, որոնք նրանք վերջին շրջանում կարգավորել էին։ Չնայած նրան, որ թուրքերի հետ ընդհարումներ ունենում են նաեւ Լիբիայում, Սիրիայում, նաեւ՝ ՌԴ դեսպանի սպանությունը Թուրքիայում, նաեւ՝ խփված ինքնաթիռ․․․ այնպես որ, ՌԴ-ն դեմ է, բայց Թուրքիայի դեմ շատ բացեիբաց հանդես գալ նա  չի ուզում։

- Եվ չի՞ կարող․․․

- Գուցեեւ կարող է, բայց սա պատերազմ է։ Իսկ մենք այսօր տեսնում ենք, որ Եվրախորհուրդը Թուրքիային վախեցնում է՝ մատով «մի արա» ասելով։ Թուրքիան էլ օգտվում է եւ շարունակում է  նեոօսմանյան կայսրություն կառուցելու իր փորձերը, այն կայսրության, որն Էրդողանի գլխում է, եւ որով նա ապրում է ու փորձում է կյանքի կոչել։