Covid 19-ով հիվանդների տներ այցելող բժիշկները հատուկ արտահագուստը հագնում են «պադյեզդներում»

Covid 19-ով հիվանդների տներ այցելող բժիշկները հատուկ արտահագուստը հագնում են «պադյեզդներում»

Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին զբաղված է միայն մեկ բանով՝ ապացուցելով, որ բնակչությունն իրավագիտակից չէ ու ինչքան ուժ ունի՝ վարակում է ու վարակվում։ Ժողովրդի դեպքում ամեն ինչ պարզ է։ Իսկ արդյոք պետությունն ի՞նքը չի նպաստում, որ վարակն «անշեղորեն» տարածվի։ Մամուլում արդեն բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ մարդիկ կորոնավիրուսի բոլոր ախտանշաններով՝ ջերմություն, հազ, գլխացավ, փսխում եւ այլն, դիմում են պոլիկլինիկաներ, որ իրենց նշանակեն թեստավորում, այնտեղից ասում են՝ սպասեք եւս մի քանի օր։ Ծանոթներիցս մեկը, որը միայնակ է ապրում (այսինքն՝ եթե վատանա, որեւէ մեկը չի կարող դա արձանագրել ու շտապօգնություն կանչել), անցել է ինչ-որ առցանց թեստ, կապ են հաստատել նրա հետ ու «շնորհավորել», որ ունի վարակի բոլոր ախտանիշները, բայց թեստ դեռ չեն արել։ Թերապեւտն առաջարկել է «պարացետամոլ» ու շատ հեղուկ խմել, կանցնի ես երկու օր՝ եթե վատանա, նոր կորոշեն։ Երեկ «կասկածյալն» ինքն է որոշել գնալ պոլիկլինիկա։

Ճանապարհին երեւի արդեն վարակած կլինի տաքսու վարորդին, եթե տաքսի նստի, իսկ եթե ավտոբուսով գնացած լինի՝ եւս մի քանի հոգու։ Նաեւ արդեն լուրեր են շրջում, թե թեստավորում են միայն երկկողմանի թոքաբորբ ու 38․5-ից բարձր ջերմություն ունեցող անձանց։ Այդպես է՞, թե՞ ոչ․ փորձեցինք պարզել հենց պոլիկլինիկաներից։ Զեյթունի թիվ 16 պոլիկլինիկայի հերթապահ բժիշկը նախ ասաց՝ թեստի նշանակումը որոշում է տեղամասային բժիշկը, որը հսկում է հիվանդին։ Ապա առաջարկեց խոսել բաժնի վարիչի հետ, որն այդպես էլ չխոսեց մեզ հետ։

Թիվ 19 պոլիկլինիկայի բաժնի վարիչն ի պատասխան հարցին, թե միայն 38+ ջերմաստիճանի ու թոքաբորբի ժամանա՞կ են թեստ նշանակում, ասաց․ «Հրամանով՝ այո։ Մի րոպե, Ձեզ կարդամ 1606 հրամանը»։ Ապա բժշկուհին առաջարկեց, որ ինքս ծանոթանամ հրամանին։ Միայն կարողացա պարզել, որ 38,5-ից բարձր ջերմության դեպքում արդեն ցուցված են ռենտգեն հետազոտություն, շնչառական ակտի որոշում։ Եթե այս ամենն առկա է, արդեն ինքնըստինքյան ցուցվում է թեստավորում։ Բժշկուհուն հարցրի, թե ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում։ Ասաց՝ գերծանրաբեռնված։ Բայց ամենահետաքրքիրն առջեւում էր․ հարցին, թե կորոնավիրուսով հիվանդների տներ այցելելու համար արտահագուստ ունե՞ն, մեքենա՞ կա, պարզվեց, որ արտահագուստ ունեն, մեքենա՝ ոչ։ Այսինքն՝ արտահագուստը հագներին, ոտքով կամ ավտոբուսով գնում են հիվանդների տնե՞րը։ Բժշկուհին մի փոքր քաշվելով՝ ասաց․ շենքի մուտքում ենք հագնում։
Նույնն ասաց նաեւ թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը՝ պաշտպանելով քաղաքապետարանին, թե նրանք քանի՞ մեքենա պետք է տրամադրեն պոլիկլինիկաներին։ Սակայն թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենը հերքեց, թե նման ցուցում ունեն․ «Մենք ունենք ձեւաչափ, որ մեզ իջեցված է ե՛ւ նախարարությունից, ե՛ւ վարչությունից, էնտեղ այդպիսի բան չկա․ եթե թոքաբորբը ռենտգենով հաստատված է, դրա հետ միասին ախտանիշներ կան, անկախ նրանից՝ 38 է, թե ինչ է, մենք թեստավորումն անում ենք։ Դրա հետ միասին, եթե կան ախտանիշները, եւ կա տրախեոբրոնխիտ, էդ դեպքում էլ ենք թեստավորում անում։

Բայց ոչ միայն այդ ջերմաստիճանի դեպքում»։ Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի «անմեկնելի»՝ թիվ 1606 հրամանին, որն արձակել է մայիսի 21-ին, ապա այնտեղ թեստավորման մասին նման բան չգտա, թե որ դեպքերում է այն արվում։ Միակ բանը՝ հրամանին կցված հավելվածում նշված էին բժշկական որոշ տվյալներ, թե որ դեպքերում է կատարվում հիվանդի հոսպիտալացումը։ Օրինակ․ «Ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով ԱԱՊ մասնագետները մշտադիտարկում են պացիենտի եւ պացիենտի հետ բնակվող անձանց առողջական վիճակը՝ առողջական վիճակի վատթարացումը (մարմնի ջերմաստիճանը՝ >38.0°C-ից, դժվարացած շնչառություն/հեւոց, հազի զարգացում կամ ուժեղացում) ժամանակին հայտնաբերելու եւ անհրաժեշտության դեպքում հոսպիտալացման ուղեգրելու նպատակով»։ Եվ մեկ էլ հետեւյալ կետը․ «Ընդ որում՝ պացիենտը հոսպիտալացվում է, եթե արյան՝ թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% է եւ/կամ շնչառության հաճախությունը՝ >22/րոպե»։ Հաստատված Covid 19-ի պացիենտի հոսպիտալացման ցուցումներն են․ Covid 19-ի թեթեւ ընթացքը եւ 60-ից բարձր տարիքը, Covid 19-ը եւ հղիությունը (Covid 19-ի ախտանշանների առկայության դեպքում), Covid 19-ի թեթեւ ընթացքը եւ քրոնիկ սրտանոթային, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն, միջին ծանրության ընթացք (թոքաբորբ՝ առանց հիպոքսիայի), որի նշաններն են․ ա․ բարձր ջերմություն, սովորաբար՝ 38°C-ից բարձր, բ․ շնչառական ախտանիշներ, գ․ թոքաբորբի պատկեր՝ ռադիոլոգիական տվյալներով եւ այլն։

Թիվ 17 եւ 20 պոլիկլինիկաների տնօրեններ Սաթենիկ Բադալյանն ու Ջենի Հովսեփյանն էլ առաջարկեցին դիմել քաղաքապետարանի առողջապահության վարչություն։
Այստեղից վարչության պետ Կամսար Բաբինյանի օգնական Մարգարիտան, խորհրդակցելով շեֆի հետ, առաջարկեց հարցերն ուղարկել գրավոր։ Մենք զանգահարել էինք հարցնելու, թե արդյոք քաղաքապետարանում չե՞ն կարծում, որ կորոնավիրուս բուժող բժիշկների համար «պադյեզդում» արտահագուստ հագնելը սխալ է, չե՞ն մտածել պոլիկլինիկաներին գոնե մեկական մեքենա տրամադրելու մասին։

Իսկ ամենաարտառոցն Արսեն Թորոսյանի մայիսի 21-ի հրամանի այն կետն է, որով նա մայիսի 21-ին Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին հրամայել է՝ կազմակերպել վերապատրաստման դասընթացներ արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բուժաշխատողների համար։