«Հրապարակ». Մարդկանց հույսը մնացել է միջպետական ճանապարհներ փակելը
Ոստիկանությունը նիկոլական իշխանության թույլ օղակն է, ձեռքի թաշկինակը: Ամենօրյա ռեժիմով օգնում է պայքարել ՀՀ քաղաքացիների դեմ, ընդ որում՝ ոչ միայն ընդդիմադիր, Նիկոլի հեռացումը երազողների, այլեւ տարբեր կենցաղային հարցերով փողոց դուրս եկողների: Իսկ փողոցը Հայաստանում տարրական կենցաղային հարցեր լուծելու ձեւն է դարձել, դրանց վրա պետական մարմինների ուշադրությունը կենտրոնացնելու միակ հասանելի միջոցը:
Ոստիկաններն էլ ցույցից ցույց են վազում, ակցիայից՝ ակցիա: Նախորդ օրն էլ Թալին-Երեւան ճանապարհը փակած գյուղացիներից մեկն էր նստել ասֆալտին ու ոստիկանին ասել՝ դե ծեծի: Լավ է ծեծ ուտի, քան շարունակի ապրել «անճամփա», կարելի է ասել՝ շրջափակման մեջ: Մարդիկ ընդամենը պահանջում են վերգետնյա կամուրջ կառուցել, քանի որ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումից հետո Թալին-Երեւան մայրուղին 5 կիլոմետրով հեռացել է իրենցից: Սա հարց է, որը պատկան մարմինները պարտավոր են լուծել` հարկատուներից ստացած աշխատավարձի շրջանակում, բայց արդեն մոտ երկու տարի չեն լուծում:
Այն վերաբերում է մի քանի գյուղի՝ Վերին եւ Ներքին Սասնաշենին, Դավթաշեն գյուղին, Վերին Բազմաբերդին, Մեծաձորին: «Էլի նախկին Երեւան-Գյումրի մայրուղիով ենք գնում-գալիս, նորմալ ճամփա է, ուղղակի խաչմերուկը հիմա 5 կիլոմետրով ավելի հեռու է, անհարմար է: Եթե կամուրջ կառուցեն, ճանապարհը կկարճանա: Արդեն երկու տարի է՝ այս հարցը բարձրացնում ենք․ ճանապարհային դեպարտամենտին ենք դիմել, նախարարությանը, ասում են՝ կքննարկենք, կասենք, ու ոչ մի լուր չկա»,- ասում է Ներքին Սասնաշենի վարչական ղեկավար Ալիշան Ալեյանը: Ի դեպ, մի քանի օր առաջ՝ հուլիսի 12-ին, վարչապետ Փաշինյանը գնացել էր Մեծաձոր: Մի տրակտոր էին տվել գյուղին, մի հատ ձեռքի խոտհնձիչ եւ խոտի հակավորիչ: Նիկոլը մի քանի օր առաջ եկել էր ձեր գյուղ, նկարվում էիք, բա ինչո՞ւ չասացիք ճանապարհի մասին՝ հարցրինք Մեծաձորի գյուղապետ Մրազ Միրոյանին: «Մեզ մոտ շատ չմնաց, մի քանի րոպե մնաց, ո՞նց ասեինք էդ հարցը: Գյուղերից հեռու ա ընկնում խաչմերուկը, ուսանող կա, բան կա, ո՞նց պետք է գնան-գան: Համ էլ՝ ժողովուրդն ասել ա, բարձրացրել ա, տեսնենք՝ մի բան կփոխվի՞»:
Վարչապետը Մեծաձորում շատ չի մնացել, բայց հասցրել է մի լավ նկարվել գյուղացիների հետ, իր ՖԲ էջում գրառում թողնել ու գյուղացիների հանդիպման կադրեր տեղադրել: Կադրերում անձրեւոտ եղանակ է: Մի խումբ գալստուկավորներ երջանիկ ժպիտով իրար ձեռք են սեղմում՝ անցնելով միակ սալիկապատ ճանապարհով, ինչպես ռուսները կասեն՝ «рот до ушей» վիճակում: Հեռվում էլ՝ մի խարխուլ պատի տակ, խեղճուկրակ տրակտոր է կանգնած` կապույտ գույնի: Ի՞նչ իմանային մարդիկ, որ մի քանի օրից բարի Նիկոլն այստեղ ոստիկաններ է ուղարկելու, ու ոստիկանության ներկայացուցիչը ճանապարհ փակողներին ասելու է՝ եթե չբացեք ճանապարհը, ծեծ կուտեք:
Թալինի ճանապարհը փակող գյուղացիներն ասում են, որ դիմել են ՏԿԵՆ, ճանապարհային դեպարտամենտին, բայց ոչ մի պատասխան չեն ստացել։ Ո՞րն է պատճառը, որ չեք լուծում այս մարդկանց հարցը, մի վերգետնյա կամուրջ չեք կառուցում այս գյուղերի համար: Ճանապարհային դեպարտամենտից գրավոր պատասխան ստացանք. ««Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն օրենքով սահմանված կարգով պատասխանել է թեմայի շուրջ գյուղացիների բարձրացրած բոլոր հարցումներին։ Թալին համայնքում‚ հարակից բնակավայրերում բազմիցս իրականացվել են հանրային լսումներ‚ հանդիպումներ‚ քննարկումներ‚ որոնց ընթացքում պարզաբանվել են ճանապարհի շինարարության հետ կապված՝ գյուղացիների բոլոր հարցերը։ Նշենք‚ որ ճանապարհի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը‚ ներառյալ բնակավայրերին հասանելիության ապահովման համար հիմնական ճանապարհի վրա նախատեսված հանգույցների տեղադիրքերը‚ մանրամասն քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմիններում‚ մինչ ճանապարհի կառուցումը նախագիծը ստացել է հաստատում համայնքների կողմից։ Վերին Բազմաբերդ‚ Ներքին Սասնաշեն‚ Վերին Սասնաշեն‚ Կաթնաղբյուր‚ Դավթաշեն բնակավայրերի բնակիչների համար հիմնական ճանապարհի վրա նախատեսված է 1 խոշոր հանգույց (Դավթաշենի հանգույց) ճանապարհի 60-րդ կմ-ում‚ որը մեծամասամբ կառուցված է եւ գտնվում է բնակիչների կողմից պահանջվող նոր հանգույցի տեղամասից մոտ 2 կմ հեռավորության վրա»։
Խեղճ գյուղացիներ՝ լսել ենք, քննարկել ենք, նախատեսել ենք: Իսկ իրենց ուզած ճանապարհը չկա ու չի լինի: Հիշեցի Թբիլիսին՝ 20 տարի առաջ: Վարդերի հեղափոխությունից հետո երկրում սկսվել էին կտրուկ բարեփոխումներ, «պոլիս ու պատրուլ» ստեղծվեցին, արտաքուստ եվրոպական պետություն էր, բայց պետական ինստիտուտները թույլ էին, համակարգերը՝ քանդված, բյուջեն չէր հավաքվում, այնտեղ էլ կենցաղային խնդիրները լուծվում էին ճանապարհ փակելով: Երեւան վերադառնալիս մեր ճանապարհը փակեցին Թբիլիսիի ծայրամասի բարձրահարկ շենքի բնակիչներ, որոնք օրեր շարունակ զրկված էին լույսից, դուրս էին եկել տներից` երեխաների հետ, փակել ճանապարհը: Նրանց միակ հույսը ճանապարհ փակելն էր: Ասում էին, որ վաղուց չեն լողացել, ճաշ չեն եփել, երեխա չեն լողացրել: Միակ հույսը միջպետական մայրուղին պարալիզացնելն էր: Մեզ բաց թողեցին միայն, որովհետեւ լրագրողներ էինք ու միկրոֆոնով դուրս եկանք նրանց հետ խոսելու:
Վրաստանն արագ դուրս եկավ այս վիճակից, որն անուն ունի՝ կառավարման ճգնաժամ: Մեր ելքը դանդաղում է: Այսօր՝ հայկական հեղափոխություն կոչվածից 6 տարի անց, տարրական հարցերը խնդիր են դարձել. ջուրը, լույսն անջատում են, ճանապարհ չեն կառուցում: Քաղաքացիները ՖԲ-ում ստատուսներ են գրում՝ իսկ դուք լույս ունե՞ք: «Էսօր առավոտ 1 ժամ անջատել են»,- արձագանքում է մեկը: «Լավ եք պրծել, մերը նոր կես ժամն ա լրացել, առջեւում դեռ ամբողջ ցերեկ կա»,- պատասխանում է մյուսը: Տարբեր համակարգերում ծառայող պետական պաշտոնյաներից նույն արտահայտությունն ենք լսում. «Այսպիսի բարդակ երբեք չի եղել, անտերություն, անպատժելիություն, թալան․․․ սպանություններ… քաղաքապետարանում բացառապես մեկ անձից են գնումներ կատարում՝ մի քանի ամիս առաջ բացված անհայտ ընկերություններից, շենքերի ապեզեների կամ ավարտական ակտերի համար կաշառք են ուզում, քանդվում է երկիրը»:
Բազմաբնակարան շենքերի նկուղները կոյուղաջրեր են լցվում, եւ ոչ մի պետական կառույց օգնության չի հասնում, մեկը մյուսի վրա է գցում: Հասարակ անձնագիր ստանալու համար մարդիկ ամիսներով հերթ են կանգնում: Տրանսպորտը Հայաստանում խնդրահարույց ոլորտ է: Ավտոբուսներում օդորակիչներ են, բայց դրանք այնքան քիչ են, որ մարդիկ խուսափում են կանգառ հասնել: Գիտեն, որ առնվազն կես ժամ սպասելու են: Գիշերը՝ 11-ից հետո, դեռ 6-7 տարի առաջ երեւանցին հանգիստ տուն էր հասնում տրանսպորտով: Հիմա դա հրաշքի նման բան է: Մետրոյով երթեւեկողների քանակն ավելացել է, բայց Երեւանի մետրոպոլիտենը, չգիտես ինչու, հայտարարում է, որ վնասով է աշխատում: Ճանապարհային երթեւեկությունն անկանոն ու վթարային է դարձել: Տարեցտարի ավելանում է ճանապարհային պատահարների թիվը: Մի խոսքով, ամբողջ երկիրը մի մեծ փոս է դարձել, որից չենք կարողանում դուրս գալ: Ճանապարհ փակելն էլ չի փրկում: Ոստիկանը գալիս է, ծեծում է, բացում են:
Կարծիքներ