Փնտրելով դերակատարներ. «Ներբեռնում, Վերբեռնում, Սերբեռնում»

Փնտրելով դերակատարներ. «Ներբեռնում, Վերբեռնում, Սերբեռնում»

Ներբեռնում ենք մի փոքր տեղեկատվություն երրորդ իրականության հայտնի տերմինների մասին, վերբեռնում եւ սահուն քայլերով անցում կատարում դեպի սերբեռնում։ Վերջերս արվեստասեր հասարակությունն ականատես եղավ մի փոքր տարբերվող, բայց իր ոճի մեջ ստացված վավերագրական ներկայացման։ 

«Ներբեռնում, Վերբեռնում, Սերբեռնում»՝ ներկայացում մեր օրերում ակտուալ թեմայի մասին, որը չի ճանաչում ազգություն։ Ինչպե՞ս է օնլայն իրականությունն ազդում մեր առօրյայի վրա, ինչպե՞ս է ձեւավորում շփման նոր մշակույթ, եւ արդյո՞ք դա լավ է։ Ներկայացում այն մասին, թե ինչպես ենք մենք ապրում վախերի, թվացյալ երջանկության եւ կեղծիքի աշխարհում․  օնլայն՝ երրորդ իրականություն, որն այսօր դարձել է մեզ համար առաջնային։ Ներկայացումը վավերագրական է։ Ազդագրի ձեւավորման հեղինակը Նունե Խուդավերդյանն է, երաժշտությունը՝ Հայկ Կարոյինը։ Ինչպես նախնական զրույցում տեքստերի հեղինակ Անահիտ Ղազարյանն է նշում, իրենք՝ ներկայացման բեմադրիչ Նադեժդա Իսրայելյանի հետ, բավականին երկար ուսումնասիրել են երիտասարդներին հուզող, օգնող եւ խանգարող տարբեր հարցեր։ 

Ներկայացումը չսկսված, երբ հայտարարվում է, թե պետք է այն դիտել՝ հետեւելով դերասաններին, անակնկալի ես գալիս, բայց հենց մուտք ես գործում ներկայացման տարածք, հասկանում ես, թե ինչի մասին էր խոսքը։ Սա մի ներկայացում է, որի ընթացքը ու սկսելու ճիշտ ժամը բնությունն ինքն է թելադրում, քանի որ պատուհաններով շրջապատված տարածքում լուսային էֆեկտները տեսանելի դարձնելու համար մթություն է հարկավոր։

Մութն ընկավ, եւ, ահա, կարող ենք ներկայացումը համարել սկսված՝ խախտելով բեմական բոլոր օրենքները՝ բեմ-ռեժիսոր-դերասան, հանդիսատեսի հետ կապը դարձնելով ավելի մոտ։
Մերգելյան ինստիտուտ, 12-րդ հարկ, քանդված տարածք, մեծ պատուհաններ, ու ամբողջ քաղաքը՝ ոտքերիդ տակ, բայց ներս մտնելով՝ մթության մեջ դա չէ, որ առաջինն աչքիդ է զարնում։ Թույլ լուսավորում, չորս դերասան, դեմքներին՝ առաջին հայացքից անհասկանալի տեքստեր՝ գունավոր լույսերով ձեւավորված։ Որպես հանդիսատես՝ փորձում ես գտնել քո տեղը, որ չխանգարես դերակատարներին, քանի որ բարդ է հասկանալ, թե որքան տարածք է նրանց հարկավոր խաղի համար։ Դերակատարներ Մերի Մարգարյան, Դավիթ Խալաթյան, Դիանա Ռազիել, Վարուժան Մարգարյան․ ահա նրանք, ովքեր բեմահարթակին են, որը թվացյալ է այդ պահին։ 

Դերասանները բավականին հստակ կարողանում են հանդիսատեսին փոխանցել մի քանի տվյալ՝ օնլայն հարթակի տերմինոլոգիայից, որը նաեւ նրանց կողքին դրված էկրանին թարգմանվում է անգլերեն, որպեսզի ներկայացումը հետաքրքիր եւ օգտակար լինի նաեւ այլազգի հանդիսատեսի համար։ Ներկայացման գործողությունը տեղափոխվում է մի փոքր այլ հարթակ, եւ հանդիսատեսը, նորից հետեւելով դերասաններին, փորձում է գտնել իր տեղը բեմական տարածքում, որ կրկին չխանգարի նրանց։ Այստեղ կերպարները փորձում են իրենց օնլայն փորձով կիսվել մեզ հետ, պատմությունը նրանցն է, բայց իրավիճակը՝ բոլորինս։ Չկա մի մարդ, որ անցած չլինի այդ ծանոթության թվացյալ իրական աշխարհի ճանապարհը։ Մթության մեջ, ամբողջ սրահում՝ միայն տղաների ձայներ, փորձում ես գտնել դերակատարներին, իսկ նրանք պատուհանից այն կողմ են՝ պատշգամբում։ Մենք լսում ենք միայն նրանց՝ պատուհանների կողքին կանգնած հետեւելով պատշգամբում նրանց քայլերին։ Դերակատարները խոսում են հեռախոսով, բայց անհասկանալի է՝ ում հետ․ միմյա՞նց, թե՞ ուրիշների։ Սակայն սա վիզուալ տեսակետից տարբերվող իրադարձություն է, քանի որ, որպես հանդիսատես, երկար փնտրում ես դերասանների տեղը։ Հանդիսատեսը ներկայացման մի մասնիկն է եւ ամեն րոպե ակտիվ մասնակցություն է ունենում պրոցեսին՝ տեսարանների ընթացքում գտնելով իր տեղը տարածքային դաշտում։ Ընդհանրապես, շինության մեջ ամեն հետաքրքիր մասնիկ ակտիվ մասնակցություն ունի ներկայացման մեջ, անգամ ներքեւ ձգվող կլոր աստիճանը, որի վրայով սահելով՝ ներքեւ է իջնում դերասանուհին, եւ բոլորն առաջ են գալիս՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, ուր է գնում։ 

Ստեղծագործական կազմը թե՛ ձայնի, թե՛ շարժման միջոցով կարողանում է հանդիսատեսին տանել իր ետեւից։ Եվ, ահա, հասնում ենք մի կետի, որտեղ դերակատարները փորձում են հիշել իրենց ստացված եւ չստացված ծանոթություններն առցանց տիրույթում՝ տալով անուններ եւ նկարագրելով էջեր, որոնք յուրաքանչյուրիս ծանոթ են։ Մի փոքր ինտերակտիվությամբ է համեմվում ներկայացումը, եւ դերակատարուհին փորձում է ծանոթանալ հանդիսատեսի շարքերում կանգնած տղաների հետ՝ ցույց տալով, որ իրական շփումն ավելի հետաքրքիր է, բայցեւ գուցե՝ արդեն տարօրինակ։  

Երկար պատուհաններ, եւ ներկաների հայացքներն ուղղվում են դեպի երկար ձգվող Կոմիտասի պողոտայի լուսավոր մայթուղիներ, իսկ դերակատարն էլ մեզ ուղարկում է՝ գտնելու մեր սիրելու, տառապելու, ապրելու, սովորելու հասցեները, եւ դու ակամա ենթարկվում ես։ Ներկայացման ընթացքում ձայնը, երաժշտությունը, լույսն են այն բաղադրիչները, որ մեզ՝ որպես հանդիսատեսի, օգնում են գտնելու դերակատարներին, կողմնորոշվել տարածության մեջ եւ երբեմն միայն հասցնել որսալ նրանց ձայնը։ «Սիրելը լա՞վ է, ազատ լինելը լա՞վ է, ազատ շփումը լա՞վ է, սեքս ուզելը լա՞վ է»․ սրանք այն հարցերն են, որ դերակատարուհին տալիս է ներկայացման ընթացքում։ Իսկ ես կարող եմ ավելացնել՝ ազատ բեմը լա՞վ է, ազատ խոսքը լա՞վ է, կաղապարներից դուրս լինելը լա՞վ է․․․ գուցե։ 

Մոնիկա Չամանյան- թատերագետ
Լուսանկարը` Լիլիթ Միկոյանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ