Նվազագույն վնասը համայնքին՝ 280 մլն․Ղալումյանի գործողություններին արձագանք չկա

Նվազագույն վնասը համայնքին՝ 280 մլն․Ղալումյանի գործողություններին արձագանք չկա

Դավիթ Խաժակյանի երեկվա հայտարարությանը, որն ավելի շատ բացահայտում էր, դեռևս իրավապահների կողմից արձագանք չի եղել։ « Արձագանք չի եղել, ինձ հետ չեն կապվել, ես նույնիսկ տեղյակ չեմ՝ հարուցվե՞լ է քրեական գործ, թե՞ ոչ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Խաժակյանը։ Հիշեցնենք՝ երեկ Երևանի ավագանու  «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ «Ռաշն Վոյաժ» ընկերությունը, կեղծելով բանկային երաշխիքը, մասնակցել է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին, որի արժեքը մոտ 600 մլն դրամ է եղել։ Խաժակյանը նաև բացահայտեց, որ ընկերության սեփականատերը Վահագն Ղալումյանն է, որը Նիկոլ Փաշինյանի քավոր, Իջևանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանի և նրա եղբայր, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ազգականն է։ Մեկ այլ դրվագով էլ կեղծ բանկային երաշխիք է ներկայացրել և այդ շինարարության  տեխնիկական վերահսկողության մրցույթը շահել «Էտալոն Գրուպ» ընկերությունը։ Խաժակյանը կասկածներ ունի, որ այս 2 ընկերությունները փոխկապակցված են և պատկանում են վարչապետի քավոր Ղալումյաններին։ Մեզ հետ զրույցում Խաժակյանն ասաց, որ իր հետ խոսել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ քաղաքապետ Մարությանը այդ դեպքի վերաբերյալ տեղեկացրել  է իրավապահներին․

«Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, որ եղել է նման բան, քաղաքապետը տեղեկացրել է իրավապահներին, խուսափեց խոսել այդ կազմակերպությունների ծագումնաբանության մասին, թե արդյոք դրանք կապվա՞ծ են Ղալումյանների հետ, խոսքը Փաշինյանի քավոր Ղալումյանի մասին է, բայց, ըստ էության Փաշինյանի քավոր, Իջևանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանը հաստատեց, որ կեղծարարը իրենց ազգականն է, և չհերքեց նաև, որ, ըստ էության, իրենց միջև կապ էլ կա, և եթե Իջևանի քաղաքապետը նրա հետ հանդիպում է տարին մեկ անգամ, ինչպես ինքն է նշել, ապա ես ունեմ տեղեկություններ, որ Վահե Ղալումյանը շատ ավելի հաճախ է հանդիպում Վահագն Ղալումյանի հետ, և հաշվի առնելով, թե ինչ բարդ մեխանիզմ է գործել, ես կարծում եմ, որ որևէ բիզնեսմեն, տեսնելով, թե երկրում ինչ խստություն է պահպանվում հակակոռուպցիոն գործառույթներում, նման ռիսկի չէր դիմի՝ կեղծելու բազմաթիվ բանկային երաշխիքներ, որի հետևանքով համայնքին պատճառվել է մի քանի հարյուր միլիոնի հասնող դրամի վնաս»։

Խաժակյանի խոսքով՝ վնասը 2 ուղղություններով է․ նախ կանգ են առել շինարարական աշխատանքները, ապա նաև բանկային երաշխիքի չափով գումարը չի մուծվել, որը, ըստ Խաժակյանի, կազմում է մոտ 280 մլն դրամ․

«Վնասը 2 կողմից է գալիս․ առաջինը այն է, որ այսօր շինարարական աշխատանքները պետք է դադարեցված լինեն, ինչը նշանակում է, որ նախատեսված ասֆալտապատումները կանգնում են, և եթե այսօր մայրաքաղաքում կա որևէ ասֆալտապատում, ապա այն օրինական է։ Ես ունեմ տեղեկություն, որ, օրինակ, Գյումրիի միջքաղաքային ճանապարհին շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները առանց տեխնիկական հսկողության, որովհետև նույն կազմակերպությունն էր շահել, ինչը ևս անօրինական է։ Սա վնաս 1-ին, որ ձգձգվում են շինարարական աշխատանքները։ Վնաս 2-րդ․ մեր օրենսդրությամբ նախատեսված է, որ եթե պայմանագիրը լուծվում է, ապա բանկային երաշխիքի չափով գումարը գանձվում է տվյալ կազմակերպությունից։ Ընդամենը 1 դրվագով շուրջ 280 մլն դրամի մասին է խոսքը, որը պետք է գանձվեր միայն տեխհսկողության համար։ «Ռաշն Վոյաժ»-ի մասով  ես ունեմ կասկածներ, որ ավելի խորն է եղել ամեն ինչ։ «Ռաշն Վոյաժ»-ի պայմանագիրը չի կնքվել, քանի որ համապատասխան թղթաբանությունը չի ապահովվել, և իրենք համարել են, որ պայմանագիրը կնքելու անհրաժեշտությունը էլ չկա , և դրանով ստեղծվել է իրավական մի վիճակ, որով «Ռաշն Վոյաժ»-ը, որի տնօրենն ու սեփականատերը Վահագն Ղալումյանն է, խուսափել է խզված պայմանագրի հետևանքները կրելուց։ Սա արհեստակա՞ն է արվել, թե՞ ոչ, ես  չգիտեմ, որովհետև երաշխիքի կեղծումը քրեական հանցանք է և այստեղ մեղմացուցիչ հանգամանքներ չկան, բայց ես այդպիսի տարբերակում տեսնում եմ։ Ավելին՝ ես երեկ հրապարակեցի նաև, որ «Էտալոն գրուպի» մյուս մրցույթներում պայմանագիր չեն կնքել՝ միայն երեկ՝ 11։30-ին կայացված որոշումներով։ Այսինքն՝ ես ժամը 11-ին տեսանյութն եմ տարածում, 11։30-ին իրենք գումարում են մրցութային հանձնաժողովի նիստ և համարում, որ մրցույթը չպետք է շնորհվի «Էտալոն գրուպի»-ն այն դեպքում, որ 2 շաբաթ է, ինչ բանկը տեղեկացրել է քաղաքապետարանին , որ կնքված բանկային երաշխիքները կեղծ են։ Ըստ Էության, 2 շաբաթ շարունակ  «Էտալոն գրուպի»-ի մասով իրենք ոչ մի միջոց չեն ձեռնարկել , և ինձ համար տարօրինակ է, որ այս չափերի հասնող կեղծումները դեռևս լայն հնչողություն չեն ստացել և Դատախազությունն ու քաղաքապետարանը սրան չեն արձագանքել։ Սա առաջին դեպքը չէ, եղել են այլ կեղծ բանկային երաշխիքներ, որոնք պարզապես չեն լուսաբանվել և որևէ բան չի էլ հրապարակվել»,- ասաց Խաժակյանը։

«Լույս» խմբակցության ղեկավարը նաև նշեց՝ կասկածներ ունի, որ « Ռաշն Վոյաժ»-ի հետ համագործակցությունը շատ ավելի շուտ են դադարեցրել և պայմանագիր չեն կնքել, որպեսզի որոշակի առումով մեղմացումներ լինեն․

«Երեկ 11։30-ին դադարեցրել են «Էտալոն գրուպ»-ի հետ պայմանագիրը , «Ռաշն Վոյաժ»-ի հետ շատ ավելի շուտ են դադարեցրել՝ այն փուլում, երբ դեռևս պայմանագիր կնքված չի եղել, բայց իրականում եղե՞լ է, թե՞ ոչ, ես չեմ կարող ասել։ Ես դատում եմ եղած նյութերից, բայց գուցե իրենք դա ունեցել են, պարզապես չեն հրապարակել, և հետո որոշել են ավելի բարենպաստ իրավիճակ ստեղծել, պազապես չշնորհել պայմանագիրը, որը շատ դրվագներում մեղմում է։ Այստեղ գործել է 2-ի փոխկապակցված սխեմա․ մեկը պետք է մասնակցեր շուրջ 600 մլն դրամ արժողությամբ շինարարական աշխատանքներին, մյուսը, իր հետ փոխկապակցված կազմակերպությունը պետք է գար տեխհսկողություն իրականացնելու »,- ասաց Խաժակյանը։