Ուզում են Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից

Ուզում են Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից

Պետք է հստակ գնահատական տանք՝ Հայաստանն այսօր ինչ վիճակում է, ուր է գնում ու ուր է հասնելու։ Իմ կարծիքով, շատ պեսիմիստական տրամադրություններ բոլորս էլ ունենք, բայց, էլի եմ կրկնում, պիտի գտնենք ելքեր։ Դուք պատկերացնու՞մ եք՝ ինչքան լուրջ պարտվողական պրոբլեմատիկայի մեջ է մտել մեր հասարակությունը, երբ մարդիկ այսօր ընկճված, հույսները կորցրած սպասում են, որ ընդամենը ինչ-որ մի բան լավ լսել, որը այդպես էլ չեն լսում։ Մեր ազգին պետք են թեկուզ փոքրիկ, բայց հաղթանակներ, որը ցավոք վերջին տարիներին չի եղել ու մենք մշտապես գահավիժում ենք, իսկ գահավիժումը կանգնեցնող պրոցես այդպես էլ չկա։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վահան Բաբայանը։

«Իմ նշած հույսերը կապում էին այն մարդիկ, որոնք փողոցներում հանրահավաքների, ակցիաների էին մասնակցում, բայց այսօր տեսնում ենք, որ նույնիսկ այս առումով հարցերը չլուծվեցին, իշխանության փոփոխության չկարողացանք հասնել։  Չկարողացանք հասնել նրան, որ մարդիկ հասկանան՝ եթե այս հարցը լուծվի, կլուծվի նաև մյուս հարցը, դա չեղավ ու սա փաստ է։ Այսօր էլ չկա դա, ցավով եմ ասում։ Խոսելով Արցախի հարցից՝ ուզում եմ ասել, որ մենք վերջապես պիտի հասկանանք, որ կան տարբերակներ մեզ առաջարկված ու այդ տարբերակներից արևմտյանում առհասարակ չկա Արցախի ապագայի հարցը։ Այդպես նաև Ալիևն է ասում, որ Արցախի հարց չկա, հարցը փակված է և այլն։ Իսկ այ ռուսական տարբերակում փաստացի այդ առաջարկություններում կա հարց, որ ԼՂ հարցը պիտի տեղափոխվի ապագա սերունդների լուծմանը, այսինքն՝ ռուսականի դեպքում գոնե բաց պատուհան է մնում Արցախի հարցի լուծման հետ կապված։ Մեզ համար, կրկնում եմ, պետք է կարևոր լինի սակայն ոչ թե մի տարբերակ, որը ինչ-որ երկրում է արտադրվել, թողարկվել, այլ խնդիրն այլ է։  Արևմուտքը ունի հստակ խնդիր Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից ու դրա հետ կապված հստակ աշխատանքներ է տանում»,- հավելեց նա։