Նախկին նախագահը հացադուլ է հայտարարել. Բոլիվիայում քաղաքական ճգնաժամ է
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը մամուլի ասուլիս է հրավիրել իր կողմնակիցների գործողությունների մասին. նրանք ճանապարհներ են փակել և գրավել մի քանի ռազմական օբյեկտներ։ Երկրի նախկին ղեկավարը կոչ է արել նրանց դադար վերցնել, բայց միաժամանակ հացադուլ է հայտարարել, քանի դեռ գործող իշխանությունները չեն բանակցել։
«Մենք հացադուլ ենք անելու: Կառավարությունը պետք է դուրս բերի բոլոր զինվորականներին ու ոստիկաններին: Մենք նաև պնդում ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ տնտեսական և քաղաքական թեմաներ քննարկելու համար»,- ասուլիսից հետո գրել է Մորալեսը X սոցիալական ցանցում։
Նախկին նախագահի կողմնակիցները շուրջ երեք շաբաթ փակում են ճանապարհները։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց հաջողվել է գրավել երեք ռազմաբազա, զինվորականները պատանդ են վերցվել։
Իշխանությունները նրանց գործողությունների վնասը գնահատում են 1,7 միլիարդ դոլար։ Մարդիկ բողոքում են գնաճի և վառելիքի պակասի դեմ, ինչպես նաև պահանջում են դադարեցնել Մորալեսի նկատմամբ հետաքննությունը, ով կասկածվում է մարդկանց թրաֆիքինգի և անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
Էվո Մորալեսը Բոլիվիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2006-2019 թվականներին։ Նա ստիպված է եղել հրաժարական տալ երկրում զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ Մորալեսը 2020 թվականի ընտրություններում աջակցել է Լուիս Արսեին, ով ընտրվել է նախագահ։ Ավելի ուշ նրանց միջև տարաձայնություններ են սկսվել:
Կարծիքներ