Հանդիպումը կայացել է Նախիջևանի սահմանին, հայախոս փոխվարչապետերը շփվել են ռուսերենով 

Հանդիպումը կայացել է Նախիջևանի սահմանին, հայախոս փոխվարչապետերը շփվել են ռուսերենով 

Մի քանի օր առաջ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցավ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով առաջին նիստը, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Այս թեմայով մենք մի քանի հարց էինք ուղղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

- Պարոն Գրիգորյան, հայ- ադրբեջանական սահմանի ո՞ր հատվածում է կայացել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով առաջին նիստը, արդյոք այդ հանդիպմանը սահմանամերձ համայնքների ղեկավարներ մասնակցե՞լ են, և ի՞նչ կարող եք հաղորդել արդյունքների մասին:

- Հանդիպումը տեղի է ունեցել Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին:  Հանդիպմանը մասնակցել են հաստատված կազմերից ներկայացուցիչներ` փոխվարչապետերի գլխավորությամբ: Այս հանդիպման ընթացքում քննարկվել են միայն հետագա աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

- Ինչո՞վ է պայմանավորված, որ ադրբեջանական հանձնաժողովը բաղկացած է 23 անդամից, իսկ հայկականը՝ 12։

- Որևէ հատուկ հանգամանքով պայմանավորված չէ: Կողմերը իրենք են որոշում իրենց հանձնաժողովների կազմերը, որոնք հընթացս, կախված աշխատանքային ընթացքից, կարող են համալրվել կամ փոփոխվել:

- Հստակեցվե՞լ է, արդյոք, թե ո՞ր քարտեզների հիման վրա է ընթանալու սահմանազատման գործընթացը։

- Աշխատանքների իրականացման և մեթոդաբանության վերաբերյալ հարցեր համատեղ դեռ չեն քննարկվել և չեն համաձայնեցվել:

- Հաջորդ հանդիպումը ե՞րբ է կայանալու, որտե՞ղ և ի՞նչ կազմով։

- Որոշվել է, որ հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում, իսկ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ:

- Մամուլում գրվեց, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը տիրապետում է հայերենին։ Դուք նրա հետ ի՞նչ լեզվով եք շփվել։ Արդյոք հայերե՞ն է եղել ձեր շփումը։

- Մեր շփումները եղել են ռուսերենով: