«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկել են գնդապետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան Մախսուդյանի եղբոր՝ Եղիշե Մախսուդյանի` Ոսկեպարում գտնվող տունը եւ ձերբակալել Մախսուդյան եղբայրներին։ Միհրան Մախսուդյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ իրավապահները հայտնաբերել են եղբոր օրինական զենքը, 6 ժամով ձերբակալել են իրեն, 24 ժամով եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին:
«Ընկել են ընտանիքիս հետեւից։ Եղբորս տանը խուղարկություն են արել, հայտնաբերել են իր օրինական հրացանը։ Գործողության պահին ես այնտեղ էի զայրույթից զենքը վերցրել դեն եմ նետել, ինձ էլ են ձերբակալել, իբրեւ թե խոչընդոտել եմ իրավապահների աշխատանքին»,-նշեց նա՝ հավելելով, որ իրավապահները չեն կարողացել հիմնավորել, որ զենքը ապօրինի է եւ ազատ են թողել եւ՛ եղբորը, եւ՛ իրեն։ Գործի վերաբերյալ փորձեցինք նաեւ մանրամասներ ճշտել Քննչական կոմիտեից։ Վարույթն իրականացնող մարմնից մեզ հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնված եղել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։
«Քննություն է իրականացվում ապօրինի զենք-զինամթերքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, մեկ անձի ձերբակալման որոշում է կայացված եղել, սակայն վարույթն իրականացվող մարմնի որոշմամբ վերջինս արգելանքից ազատ է արձակվել»,-ասաց մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Փաստացի Միհրան Մախսուդյանի ձերբակալումը սիրողական մակարդակի է եղել, առանց որեւէ հիմնավոր պատճառի, միայն այն բանի համար, որ վերջինս փորձել է հիմնավորել, որ եղբոր տնից հայտնաբերված որսորդական հրացանն օրինական է։