«Հրապարակ»․ Հնարավոր չէ 22 տոկոս աճ արդյունաբերության ոլորտում, երբ ներդրումներ չկան

«Հրապարակ»․ Հնարավոր չէ 22 տոկոս աճ արդյունաբերության ոլորտում, երբ ներդրումներ չկան

«Հրապարակի» զրուցակիցն է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

- Համաշխարհային բանկի տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշները մայիսին նվազել էին:

- Սովորաբար մեկ ամիսը բավարար չէ, որպեսզի կարողանանք տնտեսության միտումների մասին դատողություններ անել: Շատ դեպքերում մեկ ամսվա ընթացքում՝ որոշակի տեխնիկական խնդիրներով կամ այլ պատճառներով պայմանավորված, տնտեսությունում կրճատումներ կամ ճշգրտումներ կարող են լինել, հետո վերականգնվել։ Տվյալ դեպքում, թերեւս, կարող ենք որոշակի ենթադրություններ անել ապագա հնարավոր միտումների վերաբերյալ՝ կապելով 2022-ից հետո տնտեսական զարգացումների հետ։ Տեսեք, կառավարությունը մշտապես հայտարարել է, որ վարվող տնտեսական քաղաքականության կուրսը միտված է տնտեսության եւ արտաքին առեւտրի դիվերսիֆիկացմանը եւ արտահանմանը միտված տնտեսական աճի որդեգրմանը։ Իրականում, 2022-ից այս կողմ հակառակ տենդենցն է առկա, եւ մենք տեսնում ենք․ ա) արտաքին առեւտրի եւ տնտեսության դիվերսիֆիկացիան ավելի թուլանում է, եւ բ) մեր կախվածությունը Ռուսաստանից ավելի է մեծանում։ Սա ակնհայտ ցուցանիշներն են փաստում: Ընդ որում, եթե նույնիսկ նայենք 2018-ից առաջ եւ հետո՝ պատկերը շատ ավելի ահագնացող ու տխրեցնող է, որովհետեւ նույն առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների եւ հատկապես Ռուսաստանի հետ գրեթե նույն մակարդակի էր, ինչ ԵՄ-ի հետ դոլարային արտահայտությամբ: Սակայն դրանից հետո, մինչ 2023-ը ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառությունն անգամներով է աճել, իսկ ԵՄ-ի հետ մնացել է գրեթե նույն մակարդակին, չնայած նրան, որ կառավարությունն այսօր հայտարարում է քաղաքական եւ նաեւ տնտեսական կուրսի՝ դեպի ԵՄ փոփոխության մասին։ Ինչու եմ սա շեշտում․ որովհետեւ ՌԴ-ի հետ հակասությունների համատեքստում վերջինիս կողմից որեւէ խոչընդոտող գործողության դեպքում ականատես կլինենք տնտեսական ակտիվության ցուցանիշի դանդաղումների, որովհետեւ չափից մեծ է մեր կախվածությունը ՌԴ տնտեսությունից։

- Ռուսաստանից եկող տրանսֆերտները նվազել են 55 տոկոսով, ԱՄՆ-ից եկող տրանսֆերտները՝ աճել 5 տոկոսով: Սա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

- Գիտեք, տրանսֆերտները բավականին զգայուն հատկություն ունեն, այդտեղ պատմություն կա, որը կախված է ու կապված է փող ուղարկողների ընկալումների եւ նրանց շարժառիթների հետ, թե ինչի համար են նրանք գումար ուղարկում: Այդտեղ պատմություն կա, որը կարող է կապված լինել նաեւ ուղարկող երկրի, որը կոչվում է host country՝ ընդունող երկրի կարգավիճակների փոփոխությունների հետ, օրինակ՝ Ռուսաստանի: Այդտեղ պատմություն կա, որը կարող է առնչվել նաեւ պատժամիջոցների հետ եւ այլն, եւ այլն: Այս պարագայում մեկ ամսվա ընթացքում թե ինչ է տեղի ունեցել տրանսֆերտների մասով, մի քիչ դժվար է ասել, որովհետեւ դրա հիմքում ընկած են ֆիզիկական անձանց վարքը, բանկային համակարգը, ընդունող կամ ուղարկող երկրի վարքագիծը: Սակայն այն, որ 2023-ին ՌԴ-ից եկող մասնավոր տրանսֆերտները՝ 2022-ի համեմատ, եւ 2024-ին՝ 2023-ի համեմատ, չէին կարող նույն ծավալի լինել, դա փաստ է․ 2022-ին ներհոսքը շոկային էր, որն աստիճանաբար պետք է մարվեր։

- Իսկ արդյունաբերության կտրուկ անկումի մասով ի՞նչ կասեք:

- Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել, որ թե՛ ես, թե՛ բազմաթիվ տնտեսագետներ 2023 թ․ հոկտեմբերից այս կողմ բարձրաձայնել են այն մասին, որ հնարավոր չէ, որ մենք մշակող արդյունաբերությունում թողարկման ծավալների նման կտրուկ աճեր ունենանք: Ինչո՞ւ․ որովհետեւ, եթե դուք նայում եք, թե արդյունաբերությունն ինչ հոսքերով է սնվում, որպեսզի կարողանա ծավալները մեծացնել՝ դրա համար կա՛մ պետք է ունենա ֆանտաստիկ աճ օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով, կա՛մ ֆանտաստիկ աճ՝ ներքին ներդրումների մասով, որի սնուցման աղբյուրը բանկային համակարգի վարկավորումը կարող է լինել: Հիմա երկու ուղղությունն էլ մեզ մոտ շատ վատ վիճակում է: Եթե վերցնեք վարկերի արդյունաբերության վարկավորման ծավալը՝ 2018 թվականը համեմատեք 2023-24 թվականների հետ, կտեսնեք, որ գրեթե նույն մակարդակի վրա է եւ նույնիսկ մի բան էլ նվազել է: Այդ 5 տարիների ընթացքում նույնիսկ վարկավորումը դեպի արդյունաբերություն չի աճել: Ինչ վերաբերում է օտարերկրյա ուղղակի ներդրումներին՝ նայեք բացվածքը: Միակ տեղը, որ մենք տեսնում ենք որոշակի դրական տեղաշարժ, դա հանքագործությունն է, էներգետիկան է, որն էլ իր հերթին վերաներդրված շահույթն է: Արտաքին նոր հոսքեր էլի չկան այդտեղ, հետեւաբար, երբ ասում էինք, որ այստեղ ներդրում չկա, ես չեմ կարող պատկերացնել այդպիսի մեծ ծավալներով արդյունաբերության աճի գրանցում՝ գաղտնիքն ինչի՞ հետ էր կապված: Գաղտնիքը նորից առնչվում է Ռուսաստանին, գաղտնիքը ոսկերչական ապրանքների, ոսկու ներմուծումն է եղել, երբ դարձել է այդ հումքն ինչ-որ առումով հայկական ծագման եւ արտահանվել է Էմիրություններ: Դրա համար էլ մենք տեսնում ենք, օրինակ, Էմիրություններում արտահանման ծավալների անգամներով աճ, եւ այդ աճն ուղղակի մայիս ամսին նվազել է: Դա վերահաստատել է վերը նշված այն թեզը, որ հնարավոր չէ արդյունաբերության թողարկման ծավալների նման ահռելի տեմպերով աճ, դա տնտեսագիտական մտքի քննադատությանը չի դիմանում: Եթե դուք տնտեսական մտքի տեսանկյունից եք նայում, ինչպե՞ս կարող է արդյունաբերությունն այդքան կտրուկ աճել, եթե այնտեղ ներդրումներ չեն լինում, եւ ոչ էլ նույնիսկ աշխատանքային կապիտալն է վարկերի հաշվին աճում: Օրինակ, եթե նայում եք տնտեսության ակտիվության ցուցանիշը եւ դրա բաղադրիչ 5 ամիսների արդյունաբերության թողարկման կուտակային աճը, այն կազմել է 22 տոկոս․ ես ասում եմ՝ դա հնարավոր չէ, տնտեսագիտական մտքին քննադատությանը չի դիմանում դա, հնարավոր չէ, որ 22 տոկոսով աճ արձանագրի արդյունաբերության ոլորտը, երբ քեզ մոտ ներդրումներ չկան:

- Ստացվում է, որ մենք այնքան շատ ենք ՌԴ-ից կախված, որ ցանկացած պահի Ռուսաստանը մեզ համար կարող է խնդիրներ ստեղծել՝ հաշվի առնելով այս իշխանությունների հակառուսական հռետորիկան:

- Ռուսաստանը կարող է էական խնդիրներ առաջացնել, եւ կախված նրանից, թե Ռուսաստանն ինչ գործիք կկիրառի, եւ ինչքան խոր կլինի այդ գործիքը, դրանից կախված կլինի մեր տնտեսության անկման կամ ճշգրտման ցավոտությունը: Ես ցուցանիշներ նշեմ, որ ավելի հստակ լինի․ 2018 թ․ արդյունքներով, այն, ինչը որ ես ասում էի՝ Հայաստան-ԵԱՏՄ երկրների առեւտրաշրջանառությունը եղել է 1 միլիարդ 989 միլիոն դոլար, գրեթե նույն չափով եղել է Եվրամիությանը՝ 1 միլիարդ 830 միլիոն դոլար: Հիմա մենք տեսնում ենք, օրինակ, 2023 թ․ դեկտեմբերի դրությամբ՝ հունվար-դեկտեմբերին ԵԱՏՄ երկրների հետ ինչպես է աճել․ հիմնականում Ռուսաստանն է այնտեղ՝ 90 տոկոսից ավելի կշռով։ Ուշադիր թվերը նայեք, 1,9 միլիարդի փոխարեն ունենք 7.6 միլիարդ առեւտրաշրջանառություն, հասկանո՞ւմ եք: Այսինքն՝ անգամներով է աճել, նայում ենք Եվրամիության հետ՝ 1.8 միլիարդը դարձել է 2.6 միլիարդ՝ դոլարային արտահայտությամբ: Այս աճն այդքան մեծ չէ, ասեմ ավելին․ եթե Դուք նայեք առաջին 5 ամիսների վիճակագրությունը 2024-ի համար, շատ ավելի տխուր վիճակ է այնտեղ, հետեւաբար, Ձեր առաջ քաշած թեզը՝ արդյո՞ք Ռուսաստանն ունի լծակներ՝ խնդիրներ առաջացնելու Հայաստանի տնտեսության համար, այո ունի, եւ այդ լծակները վերջին տարիներին ավելի են մեծացել:

- Դա պատճառահետեւանքայի՞ն կապ է, թե՞ իշխանությունների կողմից ոչ գրագետ վարվող քաղաքականության հետեւանք:

- Դժվարանում եմ ասել: Ես կասեի՝ այս իրավիճակն ուղղակի արտացոլանքն է եղել ռուս-ուկրաինական պատերազմի, բայց միեւնույն ժամանակ հստակ է, որ իշխանությունները կարող էին շատ ավելի ճիշտ քաղաքականություն վարել այդ մասով․ բազմաթիվ տնտեսագետներ այդ մասին զգուշացրել են իրենց, որ 2022 թվականից այս կողմ ոչ արտահանելի հատվածը խեղդելու է արտահանելի հատվածին, որ հնարավոր է հոսքեր գան, Դուք պիտի փորձեք դիվերսիֆիկացնել։ Այդ հորդորները դեռեւս գործուն քայլերի չեն վերածվել՝ ուղղակի սա կարող ենք արձանագրել:

- Ռուսաստանն արգելել է հայկական միրգ-բանջարեղենի մուտքը ՌԴ՝ պատճառաբանելով պեստիցիդների մեծ քանակով։ Սա առաջի՞ն զանգերից է, հաջորդիվ ի՞նչ «պատժամիջոցներ» կարող են լինել ՌԴ-ի կողմից։ Սա նախազգուշացո՞ւմ էր։

 - Չեմ բացառում։ Մեր արտահանման գերակշիռ մասը դեպի ՌԴ պատրաստի արտադրանքի տեսքով է, որի նկատմամբ արտաքին առեւտրի սահմանափակումներ՝ հենց նույն ֆիտոսանիտարիայի գործիքով հեշտ է կիրառել։ Հիշենք․ ՌԴ-ն նույն գործիքով արգելեց վրացական գինիների մուտքը դեպի ՌԴ՝ նշելով, որ այդ գինիները չեն համապատասխանում ՌԴ շուկայի պահանջներին։ Նույնկերպ ՌԴ-ն կարող է հաջորդիվ արգելափակել մեր ոգելից խմիչքների՝ կոնյակի եւ գինիների արտահանումը դեպի ՌԴ, եւ դա իրենից մեծ ջանք չի պահանջի, իսկ մեր տնտեսության համար կլինի ցավոտ։