ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին շնորհակալագիր է տվել՝ դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանի նվաճումների կազմակերպման գործընթացին հնարավորինս նպաստելու համար:
Զորիկ Պողոսյանը ապրում է Վանաձորում, փրկարար է 2018 թվականից: Իսկ Արմեն Փամբուխչյանը ԱԻՆ համակարգում է 2020 թվականից: Զորիկ Պողոսյանը նախքան փրկարար դառնալը արդեն բազմաթիվ նվաճումներ ուներ, ծանրամարտի մարզիչ է, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի բացարձակ չեմպիոն է դարձել մի քանի անգամ:
Համացանցային որոնումները Զորիկ Պողոսյանի մասին բազմաթիվ նյութեր բերեցին տարբեր կայքերում: Արմեն Փամբուխչյանի օրոք Զորիկ Պողոսյանը ռեկորդներ սահմանել է, չեմպիոն դարձել է: Այնպես, ինչպես նախքան Արմեն Փամբուխչյանի պաշտոնյա դառնալը: Զորիկ Պողոսյանի մարզական հաջողությունները բացառապես Զորիկ Պողոսյանի ձեռքբերումներն են ու հասկանալի չէ, թե «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը ինչու է շնորհակալություն հայտնում Արմեն Փամբուխչյանին: Այ եթե ապացուցեն, որ Արմեն Փամբուխչյանը կարողացել է հետաձգել բոլոր հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարները, այլ արտակարգ դեպքերը, որ Զորիկ Պողոսյանը մարզվի, կընդունենք, որ նախարարը նպաստել է փրկարարի մարզական հաջողություններին:
Չկա նման բան: Ուրեմն եզրակացությունը մեկն է. այսօրվա բոլոր թերությունների, բացերի ու ձախողումների համար նախկիններին մեղադրող իշխանությունը մեկ քայլ առաջ է գնացել՝ իրեն է վերագրում այլոց հաջողությունները, նվաճումները, ձեռքբերումները:
ՀԳ Ի դեպ, այս շնորհակալագրի նման գրություններ, անգամ պատվոգրեր մեր լրագրողները շարունակ ստանում են, մենք անգամ հարկ չենք համարում դրանց մասին տեղեկացնել մեր ընթերցողին՝ համարելով դա մեր աշխատանքային առօրյան։ Օրինակ, նախօրեին մեր լրագրող Նարինե Ղուկասյանը Կազակական միության կողմից արժանացել էր պատվոգրի՝ «Հավաստի տվյալներ հաղորդելու» համար եւ անգամ հուշամեդալ էր ստացել։ Մերօրյա չինովնիկներն այնքան չտես են ու փիառի մեռած, որ ամեն չնչին շնորհակալությունն իրենց կյանքում մեծ իրադարձություն է։
Արեգ Մարգարյան