Հարցազրույց

«Հրապարակ». Ծոցի ամերիկյան ռազմաբազաները շատ ավելի կարեւոր են ԱՄՆ-ի համար, քան TRIPP-ը

«Հրապարակ». Ծոցի ամերիկյան ռազմաբազաները շատ ավելի կարեւոր են ԱՄՆ-ի համար, քան TRIPP-ը

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն է։

- Իրանն ու ԱՄՆ-ն նստել են բանակցությունների սեղանի շուրջ․ լավատեսական ազդակներ են գալիս, հատկապես՝ Իրանից, որտեղ Թրամփի վարչակազմի հետ համաձայնությունները մեծ առաջընթաց են համարում, իսկ հուշագրի բոլոր կետերը՝ ժողովրդի շահերին համապատասխանող։ Ի՞նչ կարելի է արձանագրել այս պահին, որքանո՞վ են կողմերն անկեղծ միմյանց հետ։

- Ինձ թվում է՝ կողմերն անկեղծ են պատերազմը դադարեցնելու ու ինչ-որ համաձայնության գալու առումով։ ԱՄՆ-ն հասկանում է, որ պատերազմը շարունակելն անհեռանկար է, որ իրանական ռեժիմի փոփոխության կամ Իրանին կապիտուլյացիա պարտադրելու հույսերը ոչ մի շանս չունեն՝ իրականություն դառնալու։ Միեւնույն ժամանակ, պատերազմը շարունակելը կարող է պարզապես աղետալի հետեւանքներ ունենալ ԱՄՆ տնտեսության վրա։ Շատերը նաեւ անհանգստացած են այս պատերազմի հետեւանքով ԱՄՆ-ի ռազմական որոշ կարողությունների հյուծման փաստով։ Իրանն իր հերթին հասկանում է, որ առայժմ այն, ինչ իրենք կարող են ստանալ այս բանակցությունների միջոցով` միջուկային ծրագրի պահպանում, Հորմուզի նեղուցի վրա միջազգայնորեն ճանաչված վերահսկողություն, Իրանի սառեցված ակտիվների ապասառեցում, Լիբանանում ԱՄՆ-ի կողմից երաշխավորված զինադադար, ամերիկյան ռազմական ներկայության սահմանափակում Իրանի հարեւանությամբ, մաքսիմումն է, ինչին նրանք կարող են ներկա պահին հավակնել։ Իհարկե, այս խնդիրների շուրջ համաձայնության գալը հեշտ չէ, բայց հիմնական խոչընդոտը փոխադարձ ընդունելի լուծումների անհնարինությունը չէ։ Հիմնական խոչընդոտն Իսրայելն է, որը համարում է եւ ճիշտ է համարում, որ նման համաձայնության կայացումը սպառնալիք է Իսրայելի շահերին։ Իսրայեը նաեւ այս գործընթացը վիժեցնելու լծակներ ունի։

- Թեհրանի եւ Վաշինգտոնի բանակցությունների ֆոնին ԱՄՆ Սենատը բանաձեւ է ընդունել, որով պահանջում է նախագահ Թրամփին՝ դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Վերջինս անիմաստ է համարել այդ որոշումը՝ միաժամանակ նշելով, որ դրանով ամերիկացի սենատորներն օգնում են Իրանին եւ խոչընդոտում բանակցային գործընթացին։ Երեկ Թրամփի գրառումից տեղեկացանք, որ սենատորները հետ են կանչել այդ որոշումը, Թրամփը հաղթել է:

- Անկախ Թրամփի հակազդեցությունից, հստակ է, որ ինքն էլ է շատ լավ հասկանում պատերազմը շարունակելու անհեռանկարայնությունը, ինչն ակնհայտորեն հասկանում են նաեւ ԱՄՆ օրենսդիրները։

- Այս ընթացքում Իսրայելում դժգոհել են, թե դաշնակից ԱՄՆ-ն «ծախում» է իրենց, թեեւ Նեթանյահուն հրամայել է բանակցությունների ընթացքում դադարեցնել Լիբանանին հարվածելը, պայման, որը դրված է ամերիկա-իրանական համաձայնագրի հիմքում։ Կկարողանա՞ Թրամփը դուրս գալ հրեական լոբբինգի ազդեցությունից, չնայած արտաքուստ ներկայացվող լարվածությանը Իսրայելի ղեկավարության հետ։

- Սա ամենակարեւոր հարցն է, որի պատասխանից կախված է ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջողելու կամ ձախողվելու մասին որեւէ դատողություն։ Ինչպես արդեն նշեցի, խաղաղ լուծումը սպառնալիք է Իսրայելի համար։ Մասնավորապես, ոչ միայն կարելի է մոռանալ ռեգիոնալ հեգեմոնիայի՝ Իսրայելի հավակնությունների մասին, ինչը, իմ խորին համոզմամբ, այս պատերազմի գլխավոր պատճառն էր, այլ նաեւ դժվար է պատկերացնել, որ նրանք կարող են ավարտին հասցնել Գազայում սկսածն ու դուրս մղել պաղեստինցիներին Գազայից ու Արեւմտյան ափից կամ ոչնչացնել նրանց, ինչն արդեն երկար ժամանակ նրանք համարում են անխուսափելի եւ իրականանալի, եթե Իսրայելը պետք է շարունակի գոյություն ունենալ որպես հրեական պետություն` առանց հենվելու ապարտեիդի մոդելի վրա։ Իսկ դա այսօրվա Իսրայելում կարող է հանգեցնել լուրջ ներքին անկայունության։ Հետեւաբար, Իսրայելն ու ԱՄՆ-ում Իսրայելի շահերը պաշտպանող հզորագույն լոբբին ամեն ինչ անելու են, որպեսզի խանգարեն համաձայնության կայացմանը։ Սակայն, միեւնույն ժամանակ, բոլորովին հստակ չէ, թե այդ համաձայնության նրանց առաջարկած այլընտրանքը որն է։ Բացի այդ, ես իրենց փոխարեն խիստ տագնապած պիտի լինեի ԱՄՆ-ում ահագնացող հակաիսրայելական ու հակահրեական տրամադրություններից։ Իհարկե, նրանք տակավին շատ մեծ ազդեցություն ունեն քաղաքական վերնախավերի ու համակարգի վրա, բայց ի վերջո նշածս հանրային տրամադրությունները միայն հանրային տրամադրությունների մակարդակում չեն մնալու։ Դրանք քաղաքական հետեւանքներ են ունենալու, ու որքան կատաղի լինի դիմադրությունը, որքան ամբարտավան լինի լոբբին իր վարքագծում, այդքան ավելի աղետալի են լինելու հետեւանքները, երբ դրա դիմադրությունը կոտրվի։ Թրամփը՝ ինքը, արդեն «շլինքը լոբբիի կրնկի տակից» հանելու նշաններ է ցույց տալիս։ Վերջերս Թրամփի ու Նեթանյահուի հեռախոսային զրույցների մասին առնվազն երկու արտահոսք եղավ, որտեղից տեղեկանում ենք, որ Թրամփն սկսել է սպառնալիքներ տեղալ Նեթանյահուի վրա ու խիստ պահանջներ ներկայացնել։ Շատ ուշագրավ էր նաեւ փոխնախագահ Վենսի վերջին ելույթներից մեկը, որտեղ նա բաց տեքստով խոսում էր այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ Իսրայելի հետ, եթե վերջինս զրկվի ամերիկյան աջակցությունից։ Սա է իրավիճակը, ու հնարավոր է, որ Իսրայելում սկսեն հասկանալ, թե իսկապես իրենց հետ ինչ կկատարվի, եթե նրանք կորցնեն ԱՄՆ-ի աջակցությունը, չնայած Իսայելի քաղաքական համակարգն ու վերնախավն այն աստիճանի են այլանդակվել, նրանք այն աստիճանի են կորցրել չափի ու վտանգի զգացողությունը, որ նման շրջադարձ կանխատեսելը հեշտ չէ։

- Իսկ ի՞նչ կարող է տալ իրանա-ամերիկյան թնջուկի խաղաղ հանգուցալուծումը մեր տարածաշրջանին, մասնավորապես՝ Հայաստանին, հաշվի առնելով TRIPP-ի նկատմամբ Թեհրանի վերապահումները, ինչպես նաեւ՝ թուրք-ադրբեջանական գործոնը։

- Եթե նման հանգուցալուծում լինի, այն չի կարող չանդրադառնալ մեր տարածաշրջանում առկա բալանսի վրա։ TRIPP-ն ակնհայտորեն ոչ միայն տնտեսական, այլեւ աշխարհաքաղաքական նախագիծ է։ Դրա վատ քողարկված կամ իրականում ընդհանրապես չքողարկված նպատակներից մեկը Ռուսաստանին ու Իրանին տարածաշրջանից մեկուսացնելն է։ Շատ դժվար է պատկերացնել, որ այն որեւէ խմբագրման չի ենթարկվելու Իրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կրած պարտությունից հետո, այն դեպքում, երբ Իրանը պահանջում է էվակուացնել Ծոցի ամերիկյան ռազմաբազաները, երբ այդ ռազմաբազաները շատ ավելի կարեւոր են ԱՄՆ-ի համար, քան՝ TRIPP-ը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image