Համառ ու անհասկացող

Համառ ու անհասկացող

Շատ համառ իշխանություն ունենք։ Էլ ո՞նց ասի հակառակորդը, որ քո խաղաղության պայմանագիրը պահիր քեզ, որ դու ինչքան շատ ես խոսում խաղաղությունից, ես այնքան շատ եմ համոզվում, որ ճիշտը հարձակվելը եւ նոր ագրեսիա իրականացնելն է։ Ո՛չ սեպտեմբերյան հարձակումը, փաստորեն, սրանց դաս եղավ, ո՛չ դեկտեմբերյան բլոկադան։

Երեկ կրկին ՀՀ ԱԳ նախարարը բարձր ամբիոնից հայտարարում է․ «Թյուր են այն պատկերացումները, թե հայկական կողմը դադարեցրել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ աշխատանքները, մենք ուղարկել ենք մեր առաջարկները, իսկ ադրբեջանական կողմի պատասխանը մինչ այս պահը չկա»։

Ասում են՝ ուղիղ խոսքը հայտնի կենդանուն են ասում, էլ ո՞նց ասեն, որ մեզ ձեր առաջարկներն ու խաղաղությունը պետք չեն։ Մերոնք ոչ միայն համառ են, այլ նաեւ դժվար հասկացող։ Թեեւ գուցե շատ լավ էլ հասկանում են, բայց իրենց չհասկացողի տեղ են դնում։ Չէ՞ որ այդ նույն ժամին ԱԳ նախարարի ղեկավարն ուրիշ բան էլ է ասում․ «Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն եւ էսկալացիա ստեղծելու նպատակ», բայց միեւնույն է՝ «Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

Իշխանամետ զանգվածը գուցե կառարկի, թե ի՞նչ անեն խեղճերը, որ դիմացինն ագրեսիվ է եւ պատերազմ է ուզում։ Այդ հարցի պատասխանն այսօր հնչեցրել է Ռուսաստանի ԱԳ նախարարը, ասելով․ «Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռեւս ուժի մեջ է»։ Սա շատ նման է այն տավտոլոգիային՝ առողջ եւ հարուստ լինելն ավելի լավ է, քան՝ հիվանդ ու աղքատ։ Երբ դու օգնության կարիք ունես, օգտվում ես օգնության առաջարկներից։ Երբ օգնության կարիք չունես, մերժում ես անգամ ամենանպաստավոր առաջարկները։