Անդրանիկ Քոչարյանը հավակնում է Պնախարար դառնալ եւ ՊՆ մատակարար

Անդրանիկ Քոչարյանը հավակնում է Պնախարար դառնալ եւ ՊՆ մատակարար

Մի քանի օր է՝ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձում է անարգանքի սյունին գամել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, նրա հասցեին անհեթեթ, անապացուցելի հայտարարություններ է անում ՝ փորձելով ցույց տալ, թե իր վրդովմունքի պատճառը պատերազմն է եւ պատերազմում մեր կրած պարտությունը, որի պատասխանատվությունը փորձում են ամբողջությամբ բանակի եւ նախարարի գլխին կոտրել։ Սակայն իրականում Անդրանիկ Քոչարյանի այս սեւեռումը բացառապես անձնական շահադիտական նպատակներ ունի՝ նա ցանկանում է տիրանալ պաշտպանության նախարարի աթոռին։ Բացի այդ, մեզ տեղեկություններ են հայտնի դարձել, որոնք ապացուցում են, որ Անդրանիկ Քոչարյանն անգամ պատերազմի օրերին փորձել է անձնական շահ ունենալ։ Այժմ՝ հերթով։

Մեր ձեռքում է հայտնվել մի սենսացիոն փաստաթուղթ, որը բացահայտում է Անդրանիկ Քոչարյանի մտադրությունները եւ իր նպատակին հասնելուն ուղղված անմաքուր քայլերը։ Նա, պարզվում է, օրեր առաջ նվաստացրել է զորամասերից մեկի հրամանատարին, որը զեկուցագիր է ներկայացրել պաշտպանության նախարարին՝ մանրակրկիտ ներկայացնելով Անդրանիկ Քոչարյանի պահվածքը։
Ներկայացնում ենք այդ զեկուցագիրը. «ՀՀ Պաշտպանության Նախարար Դ. Տոնոյանին
Հարգելի պարոն նախարար, Զեկուցում եմ Ձեզ, որ այսօր առավոտյան, ժամը 11:00-ի կողմերը, մորս հետ միասին գտնվել եմ Սուրբ Ղալթաղի եկեղեցում, որտեղից ինձ բերման են ենթարկել ՌՈ վարչություն, որտեղ էլ մեքենաս ենթարկել են խուզարկության, ըստ իրենց` ապօրինի զենք, զինամթերք հայտնաբերելու մտադրությամբ:

Խուզարկությունը վերջացնելուց հետո գնացել եմ ՌՈ պետի աշխատասենյակ, որտեղ ներկա է գտնվել նաեւ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Ինձ տեսնելուն պես Քոչարյանը սկսել է սպառնալիքներ հնչեցնել` տարբեր անհիմն եւ մտացածին մեղադրանքներ ներկայացնելով: Քոչարյանն իմ ներկայությամբ ՌՈ պետին հրահանգել է, որ եթե ես մինչեւ վաղը կեսօր չներկայացնեմ պաշտոնից ազատման զեկուցագիր, ինձանով զբաղվի եւ գործ սարքի իմ գլխին:
ՌՈ պետը որեւիցե կերպ չառարկեց եւ չարձագանքեց այդ հրահանգներին: Նշվածից հետո Քոչարյանը շարունակում էր իմ հասցեին սպառնալիքներ հնչեցնել` ասելով, որ գնամ ընտանիքիս հետ խորհրդակցեմ, եթե մտահոգ եմ իմ ապագայի վերաբերյալ, ու առավոտյան ազատվեմ պաշտոնից: Միաժամանակ ցանկանում եմ նշել նաեւ, որ խոսակցության ընթացքում պարբերաբար դիմում էի ՌՈ պետին՝ խնդրելով դադարեցնել տեղի ունեցող ոչ իրավաչափ գործընթացը, ինչին պատասխան եմ ստացել, որ քանի որ մեծը խոսում ա, ինքը ոչինչ չունի ասելու: Սպառնալիքներ հնչեցնելու հետ մեկտեղ Քոչարյանն ինձ ասաց, որ նախարարն այլեւս իր ուժը կորցրել է, որպեսզի ինձ պահի, եւ ինքն ինձ ժամանակ է տալիս, որ ես վաղն առավոտյան ներկայացնեմ պաշտոնից ազատվելու զեկուցագիր:

Այդ խոսակցության ընթացքում Քոչարյանը պարբերաբար հետաքրքրվել է իմ գույքային դրությամբ, եւ թե ինչ զենքեր ես ունեմ, եւ կապ չունի, որ օրինական են, պետք է բերեմ եւ հանձնեմ: Փորձելով մի քանի անգամ ինձ նսեմացնել եւ տեսնելով, որ չեմ ընկրկում` ՌՈ պետը ներս հրավիրեց ՌՈ ծառայողներին եւ ասաց՝ «առայժմս սրան բաց թողեք, բայց հետ եք բերելու»:
Երբ խոսակցությունն ավարտում էինք, ասացի՝ «եթե այլ հարց չունեք, ես գնամ», ինչին ի պատասխան՝ Քոչարյանն ասաց` «մենք ենք որոշում՝ դու կգնաս, թե կմնաս»: Զեկուցում եմ Ձեզ, որ գտնում եմ, որ իմ անձի եւ արժանապատվության նկատմամբ կատարվել է ոչ իրավաչափ ոտնձգություն, որն ուղեկցվել է այլ անձի կողմից, որն առնչություն չունի ի պաշտոնե նման գործառույթ իրականացնելու՝ ոտնձգությամբ, սադրիչ արտահայտություններով իմ սպայի համբավն արատավորելուն ուղղված գործողություն իրականացնելով:
Ամփոփելով, խնդրում եմ Ձեզ՝ միջոցներ ձեռնարկել՝ իմ նկատմամբ սկսված ակնհայտ ապօրինի հետապնդումը դադարեցնելու, այլ անձանց ոչ իրավաչափ գործողություններին իրավական գնահատական տալու, ինչպես նաեւ դրա մեջ ՌՈ պետի գործողությունների կամ անգործության գնահատականը տալու վերաբերյալ:
Հարգանքով` 18120 Զորամասի Հրամանատար,
Գնդապետ` Կ. Եղիազարյան
15.11.2020թ.»։


Երկրորդ դրվագը վերաբերում է պատերազմի մեջ գտնվող երկրին զենք-զինամթերք մատակարարելուն։ Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել է զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ է եղել, իսկ երբեմն էլ կիրառման համար ոչ այնքան պիտանի։ Եվ միայն ԳՇ պետի ջանքերով այդ փորձերը կանխվել են։ Մեր ձեռքի տակ են այդ չկայացած գործարքի փաստաթղթերը, պաշտոնական գրագրությունը, փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա էլ մերժվել է զենքի մատակարարման առաջարկը։ 

Կանադահայ գործարար Րաֆֆի Քեոհնելյանն իրեն պատկանող «CAVRO LIMITED» ընկերության միջոցով պաշտպանության նախարարությանը 2020 թվականի հոկտեմբերին կոմերցիոն առաջարկ է ներկայացրել՝ մոտ 120 միլիոն եվրոյի ընդհանուր արժողությամբ մի շարք զինատեսակներ մատակարարելու վերաբերյալ, ընդ որում՝ ՊՆ-ին ներկայացված առաջարկում պարտադիր կետ է նշել, որ համաձայնության դեպքում նշված գումարի 45 տոկոսը պետք է ինքն ստանա կանխավ՝ կանխիկ կամ փոխանցումով։ Սակայն նախարարությունում քննարկել են եւ գործարարին պատասխանել, որ առաջարկը ոչ նպատակահարմար են գնահատում։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գրություն է ուղղել ՊՆ նյութատեխնիկական ապահովության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանին եւ պարզաբանել, թե ինչու է ոչ նպատակահարմար։ «1 Դատելով ՍՌՏ-ի արտադրության տարեթվից, կարելի է եզրակացնել, որ առաջարկվող ՏՈՌ-Մ1 համալիրի շահագործման ռեսուրսը մոտենում է ավարտին՝ մնացել է մեկ տարի, իսկ արժեքը 2 անգամ գերազանցում է 2020 թ․ նոր գործարանային արտադրանքի գինը։ 2 ՏՕՍ-1 «ԲՈՒՐԱՏԻՆՈ» համակարգը մարտավարատեխնիկական բնութագրերով զիջում է ԶՈՒ սպառազինությունում առկա ՏՕՍ-1Ա «ՍՈԼՆՑԵՊՅՈԿ» համակարգերին, ինչպես նաեւ խնդիր կարող է առաջանալ հետագայում դրանց չկառավարվող ռեակտիվ արկերի ձեռքբերման  գործընթացում»,- նշված է գրության մեջ։ Մեկ այլ գրության մեջ Օնիկ Գասպարյանը նշել է, որ առաջարկվող զենքի մեկ միավորը 2020 թվականի ընթացքում իրենք ձեռք են բերել «շուրջ 6,5 անգամ առաջարկվողից էժան գնով» եւ այլն, եւ այլն։

Մենք զրուցել ենք գործարար-բարերար Րաֆֆի Քեոհնելյանի հետ, ով խոստովանեց, որ ինքն ու Անդրանիկ Քոչարյանը վաղեմի ծանոթներ են․ «Ես Անդրանիկ Քոչարյանին վաղուց եմ ճանաչում»։ Հետաքրքրվեցինք զենքի վաճառքի եւ ՊՆ-ին իր ներկայացրած առաջարկի մասին։ «Իրենք հարց էին տվել (նկատի ունի ՊՆ-ն), ես պատասխանել եմ, բայց ձգձգել են, ոնց որ ինձ խաբել են մի քիչ, ժամանակս խլել են»։ Ինչո՞վ են խաբել։ «Ավելի ճիշտ՝ ձգձգել են»,- ասաց նա, ապա նշեց, որ սա հեռախոսով զրուցելու թեմա չէ, ու ընդհատեց զրույցը։ Մենք տեղեկացանք, որ այս առաջարկները Անդրանիկ Քոչարյանն անձամբ է միջնորդել ՊՆ ղեկավարությանը՝ զանգահարել ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների։