Ցավալի գահավիժում
Ցավալի է հետեւել, թե տարեցտարի ինչ անկում է ապրում պետական ծառայողի, պետական եւ հատկապես` բարձրաստիճան պաշտոնյայի իմիջը: Ժամանակին անգիր գիտեինք բոլոր պաշտոնյաների անունները` ընդհուպ մինչեւ վարչությունների պետեր, որոնք հիմնականում անհատականություններ էին, պրոֆեսիոնալներ, իրենց ոլորտում հայտնի մասնագետներ: Հիմա նույնիսկ որոշ նախարարների անունները չեն հիշում, որովհետեւ փողոցից, առանց կենսագրություն, առանց որեւէ արժանիքի բարձր պաշտոններին հայտնվածները սնկի պես շատացել են: Իհարկե, դա նոր չի սկսվել: Ժամանակին, երբ առաջին անգամ որպես ՀՀ նախագահի իրավահաջորդ հնչեց Սերժ Սարգսյանի անունը, շատերը չէին հավատում իրենց ականջներին, քանի որ համարում էինք, որ պաշտպանության, անվտանգության նախարար աշխատած այդ անձն արժանի չէ նման բարձր պաշտոնի:
Հետո սկսվեց իրական գահավիժումը` ով ասես հայտնվեց ԱԺ պատգամավորի աթոռին, ով ասես նախարար ու փոխնախարար նշանակվեց` վարկաբեկելով «պաշտոն» հասկացությունն ու իջեցնելով պաշտոնյայի «պլանկան»: Իսկ 2018-ից հետո արդեն հասարակական կազմակերպություններում մի քանի գրանտային հայտ լրացրած, դպրոցում ուսուցիչ ու պահակ աշխատած, տաքսի վարած, բարձրագույն կրթություն չունեցողների ամբոխը գրոհեց պետական ինստիտուտները, եւ այդ ֆոնին Սերժ Սարգսյանն ու նրա նշանակած կադրերն անհասանելի Օլիմպոս թվացին: Անսկզբունք, անխելք, տգետ, մեծամիտ ու չկայացած մարդկանցով լցրեցին պետական ապարատը: Գնալով իջավ պահանջների սանդղակը, եւ պաշտոն ստանալու միակ չափանիշն այսօր մնացել է հողատու իշխանություններին քննադատած չլինելու հանգամանքը: Ջահել աղջնակը, անփորձ տղեկը, զառամյալ ծերունին ու անգամ տնային տնտեսուհին կարող են բարձր պաշտոնի նշանակվել, եթե ՔՊ-ին ու նրա առաջնորդին չեն քննադատել:
Կարծիքներ