Մենք երկրորդ անգամ մեր տղերքին կորցրինք

Մենք երկրորդ անգամ մեր տղերքին կորցրինք

Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, ինչպես վերջին երեք տարիներին, ուղեկցվեց եռաբլուրյան սկանդալներով, սակայն մեկ տարբերությամբ` վարչապետ Փաշինյանը չկա եւ հայտնի չէ, թե որտեղ է թաքնվել: Իշխանական վերնախավի անդամները ևս ընդհատակ են անցել: Եռաբլուր գնացել էին «ամենախիզախ» ՔՊ-ականները՝ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը: Անգամ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը չկային։

Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատներն այս անգամ ևս ամեն ինչ անում էին, որ ՔՊ-ականները Եռաբլուր չմտնեն, քանի որ ըստ նրանց` իշխանականներն իրենց ներկայությամբ անարգում են իրենց հերոս տղաների հիշատակը: Որդեկորույս ծնողների, հարազատների և ՔՊ-ականների միջև նորից տհաճ միջադեպ տեղի ունեցավ, անգամ բանը հասավ նրան, որ Հովիկ Աղազարյանին ներկաներից մեկն ապտակեց: Պատգամավորների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ ու անեծքներ էին հնչում: «Որդիների կանչ» ՀԿ նախագահ, կապիտան Իշխան Պետրոսյանի այրին` Արուս Հարությունյանը կարծում է, որ Արցախը հանձնած, արցախահայերին ցեղասպանության առաջ կանգնեցրած, Եռաբլուրում թաղված տղաների մահվան պատճառ դարձած իշխանությունները ոչ մի պարագայում չպետք է այցելեն Եռաբլուր և Եռաբլուրի հաշվին չփորձեն ինքնահաստատվել: Նա կարծում է, որ իշխանավորները պետք է ամոթից ընդհատակ անցնեն, այլ ոչ թե դիտավորյալ այցելեն Եռաբլուր, սադրելով զոհվածների ծնողներին ու հարազատներին: Մենք զրուցել ենք Արուս Հարությունյանի հետ: 

- Արուս, այսօր Դուք ևս ներկա էիք Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպին: Բայց ՔՊ-ականները, որոնք ամեն տարի այս օրն այցելում էին Եռաբլուր և զոհերի ծնողների, հարազատների, կանանց հետ բախումներ հրահրում, կարծես չեն եկել:

- ՔՊ-ականների համար ամեն ինչ ձևական բնույթ է կրում, դա կլինի տոն, թե սգո օր: Այդ մարդիկ կեղծ են, որովհետև ոչ մի արժեք իրենց համար չկա: Այսօր արցախցին ցեղասպանվում է, իսկ ՔՊ-ականներն առաքումով ծաղկեպսակ են Եռաբլուր ուղարկում: Սարսափելի բան է: Էդքան տղամարդկություն չունե՞ք, բա գայիք ու մեր աչքերի մեջ նայեիք, նայեիք շիրիմներին: Ինչի՞ չեկաք:

- Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի Եռաբլուր եկավ, ոստիկանները սևազգեստ կանանց բռնության ենթարկեցին, որ չմոտենան, չխանգարեն իշխանավորներին: Բիրտ ուժ կիրառեցին որդեկորույս մայրերի նկատմամբ: Այս տարի Փաշինյանը չեկավ Եռաբլուր, չչոքեց գերեզմաններին: Ինչո՞ւ:

- Նիկոլի անունը, հավատացեք, որ լսում եմ, վատանում եմ, առանց որևէ չափազանցության: Չեմ ուզում ես դրա դեմքն անգամ հիշել: Մի պահ մտածեցի` մի փոքր մարդ եղավ ու մեղքի զգացողություն ունեցավ, բայց որ խորն ենք մտածում` վախեցավ, դրա համար էլ չեկավ: Նա վախկոտ, մորթապաշտ արարած է:

- Առհասարակ այս օրը քաղաքական գործիչները, հատկապես իշխանավորները ինչո՞ւ են Եռաբլուր գնալը դարձրել ավանդույթ:

- Մեր տղերքը հաղթած տղերք են, նրանցից ոչ մեկը չի պարտվել, բայց պարտությունն արձանագրվել է սխալ, անգրագետ քաղաքականության պատճառով: Պարտություն է եղել, որովհետև Հայաստանի առաջին դեմքը չի սիրում իր երկիրը, չի մտածում իր զինվորի մասին: Այս ամենը պատահել է Նիկոլ Փաշինյանի դավադիր քաղաքականության արդյունքում: Մենք սևազգեստներս գրեթե ամեն օր Եռաբլուր ենք այցելում ու գիտե՞ք ինչքան դժվար է դարձել մեզ համար այս պայմաններում Եռաբլուր այցելելը: Ես երեկ ամբողջ օրն ինձ հարց էի տալիս. լավ ես ո՞նց պետք է գնամ այնտեղ, ո՞նց պետք է շիրիմներին, ամուսնուս աչքերին նայեմ: Ասել եմ ու նորից եմ ասում` բոլոր մեղավորները պետք է պատասխան տան իրենց արածների համար: Ես այդ օրը պետք է տեսնեմ: Բոլորի դատ ու դատաստանը տեսնելու եմ ու պայքարելու եմ դրա համար:

- Ի՞նչ տեղի ունեցավ Եռաբլուրում, ինչու՞ այդպես ագրեսիվ դիմավորեցիք Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին:

- Նրանք մեզ հունից հանեցին: Մենք այնտեղ էինք, սրանք եկան ու տհասի պես մեզ էին նայում ու դիտավորյալ «նագլի հայացքով» առաջ էին գալիս, իբր էստեղ եք, էստեղ չեք, մեզ համար միևնույն է, մենք ինչ ուզենք` անելու ենք: Այ էդպիսի վիճակ էր: Հետո երբ ծնողներն այդ պահվածքի պատճառով հունից դուրս եկան, Հովիկ Աղազարյանը հայհոյեց մեզնից մեկին, ասելով` բ…ի տղա, կամ նման մի բան: Այնպես որ այդ Հովիկ Աղազարյան կոչեցյալը հրահրեց: Ես ու իմ ընտանիքը, ինձ նման բազմաթիվ ծնողներ արգելում ենք դրանց մոտենալ մեր տղերքին:

- Տղաները հանուն Արցախի ընկան, բայց այսօր Արցախից ոչինչ չի մնացել: Մարդիկ են ցեղասպանվում…. ինչո՞ւ այսպես եղավ:

- Երեկվանից բոլոր արժանապատվություն ունեցող մարդիկ, ովքեր գնահատում են իրենց տղերքի թափված արյունը, ողբի մեջ են: Մենք երկրորդ անգամ մեր տղերքին կորցրինք: Մեր տղերքի արյունն էր Արցախում: Արցախն իմ մի մասն է դարձել, այն փոքրիկ մասունքը, որտեղ ամուսնուս արյունն է թափվել: Արցախն իմ սրբությունն է: Ինչ էլ ուզում է լինի, իմ սրբությունն էլ մնալու է:

- Այս ամենի հետ մեկտեղ, նաև զոհվածների ծնողներին են քրեական հետապնդումների ենթարկում: Գարիկ Գալեյանը երկու ամսով կալանավորվել է:

- Մեզ 2020 թվականից հետո ամեն ձևով այս իշխանությունները փորձում են պախարակել: Առաջին անգամ փորձեցին մեզ խայտառակ անել, երբ Նիկոլը հայտարարեց, թե առանց զոհերի կարող էին ելքեր գտնել: Այդ ընթացքում մեզ սկսեցին «սևացնել», թե իբր մեզ փող ու բնակարաններ են տվել ու մենք պետք է լռենք…. Չստացվեց, մեզ լռեցնել չհաջողվեց, հետո անցան այլ քայլերի` Գայանե Հակոբյանին կալանավորեցին, հիմա էլ Գարիկ Գալեյանին: Կապ չունի ում կկալանավորեն, Գալեյանը չլինի, ես եմ լինելու, ես չլինեմ, ուրիշն է լինելու: Ծնողներն արժանապատվություն ունեն, չեն լռելու, ոչ մի դեպքում իրենց տղերքին չեն մոռանալու: Այնքան են պայքարելու, մինչև սրանք իրենց արածների համար պատասխան տան` մեկ առ մեկ: Այսօր մեր հայրենիքը մեր տղերքն են:

- Դուք արդեն երկու ամիս է՝ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության նախագահն եք: Ձեզանից առաջ Վահիդ Սահակյանն էր: Ինչո՞ւ նա պայքարից դուրս եկավ:

- Այդ հարցը պետք է իրեն տաք: Ես արդեն երկու ամիս է՝ այս ՀԿ-ի նախագահն եմ: Ինձ նախագահ է ընտրել ՀԿ-ի խորհուրդը: