Հասարակություն

Ո՞րն է նպատակը

Ո՞րն է նպատակը

Տարիներ շարունակ Հայաստանում ոտնահարվում է անմեղության կանխավարկածը: Ոչ միայն մամուլը, որը բազում արդարացումներ ունի, թե ինչու է դա անում, այլեւ պետական մարմինները, բարձրաստիճան ու ցածրաստիճան պաշտոնյաները, քննիչ-դատախազները տրորում են այդ սկզբունքը` անձանց չապացուցված մեղքի մասին հայտարարություններ անելով: Բայց երբ խոսքը վերաբերում է մի բիզնեսմենի թաքցրած հարկերին, դա դեռ կարելի է մեծ ողբերգություն չհամարել: Իսկ երբ խոսք է գնում պետական դավաճանության, բազում վաստակներ ունեցող որեւէ զինվորականի, պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձի մասին` մարդու չապացուցված մեղքի մասին արված բոլոր հայտարարություններն այդ մեղքից ավելի ծանր հանցանք են:

Դրանք պետության ու հասարակության դեմ ուղղված սպառնալիքներ են: Հանրային անվտանգությունը խարխլելու, հանրային անդորրը խախտելու, հասարակության կենսական հիմքերին ուղղված հարվածներ են: Ի՞նչ իմաստ ունի դավաճանների մասին այս հաղորդագրությունները աշխարհով մեկ տարածելը: Այդ ո՞ր ազգադավ սրիկայի հրահանգով է դա արվում: Ո՞րն է դրա նպատակը` հանրությանը բարոյալքե՞լը, որ մարդիկ մտածեն, թե հայրենասեր ու հայրենիքին նվիրված զինվորականներ չկան մեր երկրում, ուրեմն ճիշտ են անում` թող հայկական բանակը կազմալուծեն: Հանրության շրջանում մեղքի զգացում առաջացնե՞լը, որ մտածեն, դե` ամեն քայլափոխի լրտեսներ են եղել, ուրեմն պարտության ու կորուստների մեղավորը հենց հասարակությունն է: Կոտրված ու խեղճացած մարդկանց ավելի՞ կոտրելը, որ նրանք փակ աչքերով համաձայնեն ցանկացած խաղաղության, որովհետեւ մեր պաշտպանությունն իրականացնողները դավաճաններ են, եւ անիմաստ է պայքարելը: Իսկ գուցե այդ օրապակաս մեղադրանքները տարածելով մեր թշնամիների՞ն եք ուզում ուրախացնել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image